Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. Վերջին տարիների անկումային ցուցանիշներից հետո շինարարության ոլորտը կայունացել և ոտքի է կանգնում

Դեկտեմբեր 05,2018 16:09

Դեկտեմբերի 5-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց Հայաստանի Շինարարների միության 4-րդ համագումարին:

Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց, որ հայ շինարարները դարեր շարունակ կերտել են հրաշալի ճարտարապետական կոթողներ, անառիկ ամրոցներ, կամուրջներ ու ճանապարհներ՝ այդպիսով մեծապես նպաստելով  հայ ժողովրդի տնտեսական բարեկեցությանը, ֆիզիկական անվտանգությանը, հոգևոր զարգացմանը և մտահորիզոնի ընդլայնմանը:

Տիգրան Ավինյանը նշեց, որ վերջին տարիների անկումային ցուցանիշներից հետո ոլորտը կայունացել և ոտքի է կանգնում: Շինարարության ընդհանուր ծավալները 2018 թվականի առաջին 10 ամսվա արդյունքներով աճել են 6,5 տոկոսով, այդ թվում` 25 տոկոսով աճել են պետական բյուջետային ֆինանսավորմամբ իրականացվող շինարարության ծավալները: Նա հավելեց, որ շինարարության ոլորտը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Պետական մակարդակով քայլեր են ձեռնարկվում մարդկանց սեփական տանիք ունենալու և բնակարանային պայմանները բարելավելու իրավունքները կյանքի կոչելու ուղղությամբ: Մասնավորապես, առաջարկվում է  «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» հիփոթեքային ծրագրի շրջանակներում սահմանել նոր, արտոնյալ պայմաններ, ավելացնել ծրագրից օգտվելու համար տարիքային շեմը, իջեցնել վարկի տոկոսադրույքները:

Շարունակելով ելույթը՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ շինարարության ոլորտում այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:  Բարելավման կարիք ունի շինարարության ոլորտում գնումների գործընթացը՝ գնահատման չափորոշիչների վերանայմամբ: Բացի այդ, հարկավոր է մշակել մեխանիզմ, որպեսզի հայաստանյան շինարարական կազմակերպությունները մասնակցեն միջազգային շինարարական մրցույթներին, հայկական շուկայում ներդնեն նախագծման և շինարարության նոր տեխնոլոգիաներ:

Տիգրան Ավինյանը նշեց, որ այս տարի լրանում է 1988թ. աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցը: Չնայած իրականացված աշխատանքներին՝ աղետի գոտում դեռևս կան անօթևան ընտանիքներ: Վերջերս կառավարությունը հավանության արժանացրեց 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների ծրագիրը։ Դրա համաձայն՝ լուծվելու է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 44 ընտանիքի բնակարանային խնդիր: Փոխվարչապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը նոր թափ է ստանալու: Կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է բնակարանային աջակցության ծրագիրն ավարտել մինչև 2020 թվականի տարեվերջ:

Ավարտելով ելույթը՝ փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ համագումարն առիթ է ոչ միայն կատարված աշխատանքներն ամփոփելու ու առաջիկա անելիքները նշելու, այլև  նոր շունչ հաղորդելու պետություն – հասարակական կառույց – գործարար համայնք համագործակցությանը: Այս առումով գնահատելի է այն դերը, որն ունի Շինարարների միությունը կառավարության կողմից մշակվող և իրականացվող ծրագրերում, ընդ որում, կառավարությունը մեծապես հաշվի է նստում շինարարների կարծիքի հետ ոլորտի քաղաքականությունը մշակելիս:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31