Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի 195 խնամյալ տարեցներ ստորագրահավաքով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նրանց պահանջն է`վերանայել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի որոշումը եւ տուն-ինտերնատի նախկին տնօրենին վերականգնել իր պաշտոնում: Ուշագրավ է, նախկին նախարար Մանե Թանդիլյանի արձագանքը ստորագրահավաքին. Կառավարությունից իրեն վերահասցեագրված նամակը նա ուղարկել է Գլխավոր դատախազություն: Բանն այն է, տիկին Թանդիլյանի մոտ կասկած է հարուցել տարեցների ազատ կամարտահայտումն ու ստորագրահավաքը համարել տուն-ինտերնատի կողմից տարեցներին ուղղված պարտադրված քայլ: Նախկին նախարարի`իրենց դիմում-պահանջն ի գիտություն ընդունելու եւ համապատասխան ընթացք տալու փոխարեն նման հակադարձումը, ստորագրահավաքի հեղինակների վրդովմունքն է առաջացրել:
Հիշեցնենք, տուն-ինտերնատի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանն աշխատանքից ազատվել էր նախկին նախարար Մանե Թանդիլյանի հոկտեմբերի 5-ին հրամանով: Իրեն պաշտոնանկ անելու մասին նախարարի որոշումը Վահան Զուրաբյանը որակում է «անձնական բնույթի որոշում» եւ դա այսպես է հիմնավորում` ոլորտը համակարգող նախարարը, նշանակվելուց հետո առնվազն մեկ անգամ պարտավոր էր հանդիպել կացարանների տնօրենների հետ, ծանոթանալ նրանց աշխատանքին, ներկայացնել իր դիտարկումներն ու մոտեցումները, մինչդեռ «անհաղորդ նախարարին» իրենք` տնօրեններն են հանդիպելու համառ փորձեր արել անընդհատ եւ ապարդյուն:
Վահան Զուրաբյանը նախարարի որոշումը վիճարկում է դատարանում: Արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր հետո` դեկտեմբերի 11-ին, Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ Մանե Թանդիլյանի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ