«Մենք շատ խաղաղ ենք տրամադրված եւ լուսավոր: Բախվելու կարծես տեղ չկա, բայց եթե բախվելու կարիք լինի`կբախվենք»,- այսօր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն՝ այսօր երեկոյան, Հանրային հեռուստաընկերությամբ կայանալիք բանավեճին: Հիշեցնենք, այսօր երեկոյան, հանրայինի եթերում բանավիճելու են ընտրություններին մասնակից կուսակցությունների ցուցակները գլխավորող թեկնածուները:
«Բախումների պատրաստ ենք, բայց չեմ կարծում, որ բախում լինի, քանի որ ֆորմատը հետեւյալն է՝ յուրաքանչյուրն իր ասելիքը կասի, հետո կլինի հարց-պատասխան, եւ մեծ հաշվով, բախվելու տեղ չկա»,- ասաց Էդմոն Մարուքյանը`հույս հայտնելով, որ հեռուստաբանավեճը վարողները կպահպանեն ձեւաչափը եւ ոչ ոք իրեն հատկացված րոպեից դուրս չի խոսի, բանավեճն էլ կլինի ոչ թե միայն երկու ուժերի, այլ բոլորի միջեւ:
Անդրադառնալով այն դիտարկումներին, որ քարոզարշավն ընթացավ ՀՀԿ-ի եւ իշխող ուժի միջեւ բանավեճով, Էդմոն Մարուքյանն ասաց` իշխանությանը հարվածելով ՀՀԿ-ի ձայները չեն ավելանա, դա նախկին համակարգի օրոք է եղել, իշխանությունը վատն է եղել, նրան հարվածողները ձայն են հավաքել: Էդմոն Մարուքյանը քարոզարշավի անցած ընթացքից այնպիսի տպավորություն ունի, որ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը բարձր է լինելու. «Ես ակնկալում եմ մինչեւ 1 մլն 300 հազար մասնակցություն, որովհետեւ մարդիկ հակված են եւ ուզում են շատ ակտիվ մասնակցել ու պաշտպանել երկրում տեղի ունեցած փոփոխությունները»: Ասում է`մարդիկ վախեցած են, որ հին համակարգը ետ չգա: Նաեւ`իր համոզմամբ, ռեյտինգայիններն իրենց ընտրողներին բերելու են. «Ոչ թե գրկելու են եւ բերեն տեղամասեր, այլ մարդիկ ռեյտինգայինների համար գալու են ընտրության»:
Նրա խոսքով, արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ կլինեն, եթե փող չբաժանվի, վարչական ռեսուրս չկիրառվի, եթե փող բաժանողներին բռնեն, իսկ վարչական ռեսուրս կիրառողներին հեռացնեն պաշտոնից. «Դեռեւս փող բաժանող չի բռնվել, վարչական ռեսուրսի մասով էլ խոսակցություններ են`էս մարզպետը ստեղ իրեն խելոք չպահեց, էն մարզպետը`ընդեղ: Կլինեն փաստեր, բնականաբար, կզբաղվեն դրանով»:
Իրենց հանդիպումներից էլ տպավորություն են ստացել, որ քաղաքացիներն ուզում են ԼՀԿ-ին տեսնել խորհրդարանում՝ որպես մաքուր անցյալով, պրոֆեսիոնալ թիմ, որի ելույթներն ու նախաձեռնությունները կլինեն հակակշիռ գործող իշխանությանը: «Լուսավոր Հայաստան»-ը կարող է լինել ընդդիմություն, որի քննադատությունից հետո չեն ասի՝ բա ձեր ժամանակ ինչի՞ չէիք անում»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Ընտրություններից հետո հնարավոր կոալիցիաների մասին հարցին էլ Էդմոն Մարուքյանը պատասխանեց` ամսի 9-ը գա կտեսնենք: Եթե կոալիցիա լինի, Մանե Թանդիլյանն էլ ասաց`նորից կգնա կառավարությունում աշխատելու: Բայց տպավորություն ունի, որ կոալիցիայի կարիք կարող է չլինել, քանի որ գործող իշխանությանը վստահությունը շատ մեծ է:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ`քարոզարշավի ընթացքում ի՞նչ անակնկալների են հանդիպել: Էդմոն Մարուքյանն ասաց, որ շատ համայնքներում մարդիկ ասում են`վախեցած ենք. «Կամ իներցիայով են վախեցած, կամ նրանց վախեցնում են`նախկին իշխանությունը, այսօրվանը, եսիմ ով, մարդիկ ասում են`վախեցած են: Ես դրա մեջ իներցիա եմ տեսնում`հիմա էլ հիմիկվա իշխանությունից է պետք վախենալ: Մարդիկ իշխանությունից, այսինքն, միշտ վախեցել են: Դրա համար գործող իշխանությունը պետք է ասի`ժողովուրդ դուք եք իշխանությունը, պետք չէ մարզպետի կամ քաղաքապետի ասածով վախենաք»:
Մանե Թանդիլյանն էլ հավելեց, որ Երեւանն այս առումով տարբերվում է, մարդիկ շատ սթափ են մտածում եւ գիտակցված ընտրություն են կատարելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ