Կոռուպցիա եւ կոռուպցիայի դեմ պայքար: Այս թեմայի շուրջ այսօր ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի ներկայացուցիչներին հրավիրել են հրապարակային լսումների: 11 քաղաքական ուժերից ՕԵԿ-ը մերժել է՝ գտնելով, որ այդ բանավեճին չեն ուզում գալ, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը» հրավերը ստանալով՝ չեն մերժել, բայց չեն էլ եկել բանավեճի: «Մենք» դաշինքից Արմեն Առաքելյանը հաստատել էր հրավերը, բայց չէր եկել:
Բանավեճը վարող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ թեկնածուները պատասխանում են միայն «գոլդ» համարներով զանգերին ու ստիպված են եղել «գոլդ» համարներ ճարել, որ թեկնածուների հետ խոսեն:
Թե ինչպես են թեկնածուները պատկերացնում ապօրինի հարստացման դեմ պայքարը՝ ՀՅԴ թեկնածու Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենք կարևորում են թափանցիկությունը, հայտարարագրումը, բայց ոչ թե ձեւական, այլ՝ արդյունավետ. «Ես մի օրինակ բերեմ՝ երկար տարիներ հայտարարագրում էինք, ձեւական է եղել: Տարիներ առաջ եղբորս ընտանիքի համար, քանի որ իմ աշխատավարձի ֆոնդն ավելի մեծ էր, հիփոթեքով տուն էին գրվել, հիփոթեքն ավարտվել էր, բայց տունն իմ անունով էր: Տարիներ անց եկել է հարսս, ասում է՝ անվանափոխենք, պարզվեց՝ տունն իմ անունով է, ու ես, որպես ԱԺ պատգամավոր, հայտարարագրում անկեղծ մոռացել էի ներկայացնել, որ այդ տունն իմ անունով է: Որեւէ մեկը չի եկել իմ դուռը ծեծի, ասի՝ եղբայր, դու 3 սենյականոց տուն ունես, չես հայտարարագրել»: Գեղամ Մանուկյանն ասաց, որ ապօրինի հարստացման հետ կապված կա մի ռեալ իրավիճակ, որ այն բոլոր արատավոր երեւույթները, բոլոր աղաղակող դեպքերը գալիս, դեմ հանդիման են կանգնում իրավական փաստարկին:
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ իրենք կարեւորում են ապօրինի հարստացումը կանխելը: Նա հիշեցրեց, որ 2017-ին ապօրինի հարստացումը քրեականացվել է, բայց օրենքը չունի հետադարձ ուժ ու չեն կարող անդրադառնալ նախկինում ապօրինի հարստացածներին՝ այդ օրենքի շրջանակներում: Բայց կան տարբեր մեխանիզմներ. «Որեւէ մեկը չի պնդում, որ միայն քրեական արդարադատությունն է, որ կարող է պետականացնել ապօրինի ձեռք բերված եկամուտներն ու հարստությունը»:
«Լուսավոր Հայաստանից» Ատոմ Մխիթարյանն ասաց, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերում անդրադարձել են կոռուպցիային ու որակել դա վատ երեւույթ, ըստ նրա, հասարակական գիտակցության մեջ կոռուպցիան պետք է վերանա. «Մենք կարող ենք իրավական մեխանիզմներ ստեղծել, բայց հասարակության իրավագիտակցության բարձրացում է պետք»:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունից Հայկ Գրիգորյանն ապօրինի հարստացման մասին խոսելիս՝ ասաց, որ մենք շուրջ 20 տարվա ազգային ակտիվների թալան ունենք ու իրենք նախընտրական ծրագրում նախատեսել են ապօրինի հարստացման կամ անհայտ աղբյուրից ծագած եկամուտների համար 6 ամիս ամնիստիոն շրջան տալ, որ հնարավորություն ունենան թալանված գումարի մի մասը վճարելով՝ օրինականացնել այդ թալանը: Հիմա, երբ առանձնատուն են նվիրում մարդիկ, հասարակությունը չունի վստահություն, որ դա ամբողջ թալանածն է այդ պաշտոնյայի:
«Սասնա ծռերից» Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ անցած շրջանի, անցած համակարգից անցում պետք է կատարվի անցումային արդարադատությամբ, քաղաքացիները պետք է հաշտություն կնքեն անցյալի հետ, բայց այդ հաշտությունը չի նշանակում անցյալի սխալների ներում: Ըստ Ենիգոմշյանի, պետք է գործակալական, քաղաքական ու տնտեսական լյուստրացիա լինի ու թալանած գումարների հետ վերադարձը հենց տնտեսական լյուստրացիան է. «Պետք է եռաշերտ վերահսկողություն լինի, հայտարարագրումներն անխուսափելի, անշրջանցելի քայլեր են, դրա վերահսկողությունը պետք է լինի եռակի»:
Հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը հարցրեց՝ եթե գողացված ակտիվները չեն գտնվում երկրում, ո՞նց եք պատկերացնում դրա վերադարձը, ունե՞ք հստակ բանաձեւ, որ կարողանաք նախկին իշխանությունների եւ նրանց հովանավորյալների տարիներ շարունակ թալանածը հետ բերեք: Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Երբ ասում են քաղաքական կամք՝ շատ կարեւոր բան է, բայց երբ այդ ամենը չբերվի ինստիտուցիոնալ դաշտ, օրենքի շրջանակներում չարվի, լուծում չի լինի: Տեսեք, այսօր կա ուժեղ քաղաքական կամք, ապօրինի հարստացման համար ո՞վ է բռնված՝ Սերժ Սարգսյանի Վաչիկից, մեկ-երկուսից բացի, մենք բոլորս լավ գիտենք, որ Հայաստանի կեսը, օլիգարխների կեսը նույն ապօրինի հարստացածն է: Մեկի նկատմամբ իշխանության բարեհամբույր լինելը պատճառ է դառնում, որ նրա նկատմամբ այդ մոտեցումը չկիրառվի, դրա համար քաղաքական կամքից բացի, պետք է օրենսդրական դաշտ»:
Հերիքնազ Տիգրանյան էլ ասաց, որ այսօրվա իշխանությունը չի կարող տուրք տալ հանրության պահանջներին եւ պոպուլիզմ անել, այդ է պատճառը, որ այսօր ունենք քիչ հարուցված քրգործեր ապօրինի հարստացման մասով:
Ատոմ Մխիթարյանն էլ ասաց, որ հեղափոխությունից հետո քաղաքական կամքը կա եւ ապօրինի հարստացում վստահ ենք, որ թույլ չի տա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ