«Գոնե Երեւանում «Իմ քայլը» դաշինքի ստացած տոկոսները` Երեւանի ավագանու ընտրություններին, այժմ էլ պահպանվելու են, ավելին՝ զարգանալու են»,- դեկտեմբերի 5-ին «Զանգակ» գրատանը կայացած հանդիպմանը հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Aravot.am-ը նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե ո՞ր է կրթական մասով «Իմ քայլը» դաշինքի ծրագրի ամենաուժեղ կետը, սկզբունքը:
«Ամենագլխավոր սկզբունքն այն է, որ այսուհետ ապահովելու ենք հանրակրթության որակյալ եւ հավասար հասանելիությունը… Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ կրթությունը զարգանում է այն երկրներում, որտեղ կա նման մոտեցում: Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում տեխնոլոգիաների զարգացմանը, ՍՏԵՄ առաջարկների զարգացմանը:
Այն ավանդույթներն ու փորձը, որ եղել է կրթության եւ գիտության ոլորտում, զարգացնելու ենք եւ 5 տարի հետո ունենալու ենք կրթական այլ որակ դպրոցում, բուհում եւ գիտության ոլորտում: Կրթությունն ու գիտությունը մեկը մյուսի համար պետք է լոկոմոտիվ դառնան»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Հարցրինք` արդյոք իր կարծիքով բոլոր ուժերը հավասա՞ր պայմաններում են քարոզարշավ իրականացնում, մանավանդ ընդդիմադիր եւ էլի այլ ուժեր պնդում են, որ այս քարոզարշավը եւս կախված է ֆինանսների եւ հնարավորությունների առկայությունից, օգտագործվում է նաեւ վարչական ռեսուրս:
«Այս քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերի համար ստեղծված են հավասար պայմաններ: Ես շատ ակտիվ հետեւել եմ քաղաքական պրոցեսներին ու չեմ հիշում որեւէ նման իրավիճակ, երբ, օրինակ, հեռուստատեսությունը հավասար հասանելի լինի բոլորի համար:
Ինձ համար կարեւոր է բանավեճի կուլտուրան, որ ներդրվել է այս քարոզարշավի ժամանակ` իշխանություն, ընդդիմություն, անգամ նախկին իշխանություն… Միակ բանը, որի համար մեզ սկզբում մեղադրում էին փողոցներում հանդիպումների ժամանակ, հենց դրա բացակայությունն էր»:
Մանրամասները` տեսանյութում
Մանկավարժների, աշակերտների` այս կամ այն ուժի, մասնավորապես «Իմ Քայլը» դաշինքի օգտին աշխատելու մասին էլ, Արայիկ Հարությունյանն ասաց, որ լավ կլինի փաստերով խոսել. «21-րդ դարում, երբ բոլորի ձեռքին հեռախոս կա, լուսանկարող սարք է, պետք է, չէ,՞ գոնե մի կիսատ ապացույց լինի: Ես բացառում եմ, որ «Իմ Քայլը» վարչական ռեսուրս կամ նաեւ դպրոցները ներգրավի ընտրարշավին: Ինձ փոքր ահազանգեր հասել են, բայց դրանք ստուգվել ու հերքվել են: Այնուամենայնիվ, չեմ բացառում, որ կլինեն ինչ-ինչ դեպքեր, բայց դրանք եզակի կլինեն»:
Մանրամասները` տեսանյութում:
Արայիկ Հարությունյանը նաեւ հավաստիացրեց, որ եթե իրենց ուժը ներկայացնող որեւէ թեկնածու նման քայլի կգնա, ինքը կհասնի նրան, որ այդ թեկնածուն ինքնաբացարկ կհայտարարի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ