Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության համամասնական ճակատի առաջամարտիկները բանավեճերում հայտնվում են լավագույն դեպքում մի կերպ չպարտվողի դերում. «Փաստ»

Դեկտեմբեր 05,2018 12:56

Վերջին շրջանում մոդայիկ դարձած նախընտրական տարբեր ձևաչափերի բանավեճերում նկատվում է մի տխուր միտում. բանավեճի մասնակիցները հաճախ կապ չունեն նախապես արձանագրված քննարկման թեմայի հետ: Օրինակ, տնտեսության մասին բանավեճի հանրապետականներն ուղարկել էին Արտաշես Գեղամյանին: Կամ կոռուպցիայի մասին բանավեճի էր եկել Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը՝ անհավասար պայմաններում հայտնվելով կոռուպցիայի խնդրի հետ մասնագիտորեն առնչված Արփինե Հովհաննիսյանի դեմ: Այս շարքը կարելի է երկար շարունակել: Նկատելի է, որ բանավեճերը և դրանց մասնակցությունը հաճախ դառնում են անիմաստ, քաղաքական ուժերի ներկայացուցիչները դրանց մասնակցում են պարզապես մասնակցելու, հերթական անգամ եթերում հայտնվելու համար:

ՀՀԿ–ի համար ցանկացած ֆորմատով բանավեճի ներկայությունն ունի կենսական խնդիր՝ քարոզչական այլ ձևաչափերից, մանավանդ հասարակության հետ ինտենսիվ շփումներից նրանք հասկանալիորեն այժմ կաշկանդվում են: Մեդիադաշտը մնացել է միակ տեղը, որտեղ ՀՀԿ–ն կարող է իրեն հարմարավետ զգալ: Նույնը կարելի է ասել նաև սկսնակ կամ քիչ շանսեր ունեցող այլ ուժերի մասին, ովքեր, իհարկե, ի տարբերություն ՀՀԿ–ի, փողոց դուրս գալու կոմպլեքս չունեն, բայց ունեն ճանաչելիության խնդիր: Հետևաբար ցանկացած բանավեճի պատրաստ են այս կամ այն կերպ մասնակցել:

Առավել խնդրահարույց է, սակայն, իշխանության թիմի պահվածքը: Իշխանության քարոզարշավային հիմնական բեռը, ինչպես և ընդհանրապես քաղաքական ողջ բեռը, իր վրա վերցրել է Նիկոլ Փաշինյանը, որը մարզից մարզ, համայնքից համայնք ինտենսիվ քարոզարշավով է զբաղված: Փաշինյանից բացի նրա թիմի մյուս անդամները, բացառությամբ մի քանի ռեյտինգային թեկնածուների, զբաղված են, այսպես ասած, համամասնական ճակատը մեդիադաշտում պահելով: Ընդ որում՝ համոզված լինելով իրենց ուժի անվերապահ հաղթանակի մեջ, այդ ճակատը նրանք պահում են բավական սիրողական կերպով: Թերևս բացառությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, իշխանության համամասնական ճակատի առաջամարտիկները բանավեճերում հայտնվում են լավագույն դեպքում մի կերպ չպարտվողի դերում: Թե ինչո՞ւ է որոշվում գնալ նման բանավեճերի նախապես արձանագրված թեմաներին ոչ կոմպետենտ անձանցով ու դրանով շանս տալով ՀՀԿ–ին գոնե մեդիահարթության մեջ իրենց հաղթող զգալ, առաջին հայացքից անհասկանալի է թվում:

Սակայն միայն առաջին հայացքից: Ակնհայտ է, որ իշխանության թիմի մասին ընտրողների հիմնական պատկերացումները ձևավորվում են Նիկոլ Փաշինյանի անձով: Փաշինյանն իր հերթին ակտիվորեն շրջում է մարզերում, զուգահեռ ամեն հանդիպման ժամանակ տաք պահում նաև ոչ մարզային, համապետական ընթացիկ քաղաքական թեմաները: Ասել է թե Փաշինյանը միաժամանակ ծածկում է բոլոր թիրախները: Նրա թիմի խնդիրը, ըստ այդմ, պետք է լիներ ամեն մեկն իր ոլորտում ապահովել Փաշինյանի թիկունքը, կամ գոնե չխանգարել ու սպասել առաջնորդի հեղինակության հաշվին ձեռքբերվելիք ձայների հաշվին մանդատ ստանալուն:

Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31