Ընդհանրապես, նախընտրական ժամանակահատվածներում հասարակությանն ինչ-որ բաներով վախեցնելը քաղաքականության մեջ սովորական երեւույթ է: Բայց մարդկանց սովորաբար վախեցնում են, ասենք, տնտեսական կոլապսով, սոցիալական վիճակի վատթարացմամբ եւ այլն (այս կամ այն քաղաքական ուժի հաղթանակի դեպքում)։ Իսկ ահա սեփական ժողովրդին սեփական իշխանությունների լեգիտիմությամբ վախեցնելը եւ դա որպես անխուսափելի աղետների նախերգանք ներկայացնելը նորություն է, կարելի է ասել՝ հայկական «նոուհաու»։
Իբր քիչ էր, որ քաղաքական ուժերը հայտարարում էին, թե քաղաքական որեւէ ուժի բացարձակ մեծամասնությունը (եթե անգամ ձեւավորվել է ժողովրդավարական ընտրությունների արդյունքում) կարող է աղետալի լինել երկրի համար, հիմա էլ նոր թել է առաջ քաշվում, ըստ որի՝ լեգիտիմ իշխանություններ ունենալը ձեռնտու է արտաքին աշխարհին միայն այն պատճառով, որ նրանք այդ իշխանություններից կպահանջեն լրջագույն զիջումներ իրականացնել Արցախի հարցում։ Ինչը չէին կարող պահանջել ոչ լեգիտիմ իշխանություններից, որովհետեւ ժողովուրդը նրանց վստահության մանդատ չէր տվել։
Այսինքն՝ ստացվում է, որ ոչ լեգիտիմ (բռնություններով եւ ընտրակեղծիքներով ձեւավորված) իշխանություններ ունենալն արցախյան հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից ավելի ձեռնտու է: Ոչ լեգիտիմ իշխանություններ ունենալը «գժի թուղթ» ունենալու պես բան է՝ կարելի է երկրի ներսում ինչ ասես անել, իսկ արտաքին ճնշումների դեպքում դեմ տալ «գժի թուղթը» եւ խուսափել պատասխանատվությունից։
Բայց արդյո՞ք տեղին է լեգիտիմ իշխանություններ ունենալու հետ կապված այս «մտահոգությունը»։ Իհարկե տեղին չէ, որովհետեւ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել՝ չի նշանակում վստահության մանդատ տալ բոլոր հարցերում ու ասել Նիկոլ Փաշինյանին «քեզ ենք ընտրել, գնա ոնց հարմար ես գտնում՝ լուծիր արցախյան խնդիրը, մենք չենք խառնվելու»։ Չկա այդպիսի բան ու չի կարող լինել։ Եվ դա, ի դեպ, բոլորն են հասկանում։ Դրա համար էլ իշխանություններն անընդհատ շեշտում են, որ արցախյան կարգավորման ցանկացած տարբերակ կընդունվի կամ կմերժվի բացառապես համաժողովրդական հանրաքվեի միջոցով։
Այսպիսով՝ ակնհայտ է, որ լեգիտիմ իշխանություններ ունենալն Արցախի հարցում չի թուլացնում հայկական կողմի դիրքերը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում