«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովի այն հայտարարությանը, որ դեկտեմբերի վեցին նախանշված ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը չեղարկվել է ընտրություններին պատրաստվող Հայաստանի խնդրանքով: «Իմ խոսնակն ասել է, որ ՀՀ-ն նման խնդրանքով չի դիմել: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես լրագրողներին պատմել եմ: ՀՀ-ն ոչ խնդրանքով, ոչ էլ առաջարկով չի դիմել որեւէ մեկին»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ՀՀ-ն ունի իր թեկնածուն. «Հետեւողականորեն շարունակում ենք բանակցել նրա շուրջ»: Թե ինչով է պայմանավորված ռուսական կողմի նշյալ հայտարարությունը, Փաշինյանը դժվարացավ ասել. «Չգիտեմ, տարօրինակ է: Հանդիպումների ժամանակ մենք քննարկում ենք բոլոր հնարավոր հարցերը, բայց չեմ կարծում, թե ՌԴ նախագահի հետ պետք է իր օգնականի հայտարարությունը քննարկեմ: Շատ ավելի կարեւոր հարցեր կան»:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնում ՀՀ-ի պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել, սակայն նախկին ԳՔ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել, քանի որ նրան Մարտի մեկի հայտնի քրեական գործի շրջանակում առաջադրված է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք: «ԳՔ կարգավիճակն առանցքային չէ, ՀԱՊԿ-ում շատ ավելի լուրջ եւ կարեւոր հարցեր կան»,-համոզմունք հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ