Ամենը ՆՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ մասին
Մի փոքր նկարագրություն, որից հետո կանդրադառնանք նաև ֆինանսական մասին։
Երևանի քաղաքապետարանը 2005 թվականից հետո ձեռք է բերել նոր տոնածառ, որը մի քանի օրից կզարդարի Հանրապետության հրապարակը։ Տոնածառն ունի 35+2 մետր բարձրություն (12 հարկանի շենքի բարձրություն չափ), ստորին հատվածի տրամագիծը` 14,4 մետր, 200 կմ ընդհանուր երկարությամբ լուսավորման շղթա, զարդարված 1500 խաղալիքներով։ Նոր տոնածառն իր աննախադեպ շքեղությամբ կզարմացնի ոչ միայն մեր քաղաքացիներին և մանուկներին, այլև Երևան ժամանած զբոսաշրջիկներին, ավելին, նոր տոնածառը իր գեղեցկությամբ կլինի տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում տեղադրվող տոնածառերի Top-երում։ Այն չի լինելու ամենամյա բնական կտրված եղևնիներից։ Նոր տոնածառը պատրաստված է բարձր որակի նյութից, ինչը թույլ կտա օգտագործել այն տասնյակ տարիներ, որոնց ընթացքում չի կորցնի իր տեսքը, փայլը և որակական հատկանիշները։
Տոնածառի դիզայնի, լուծումների, շքեղության ու գեղեցկության մասին գրելն ավելորդ է. լույսերը վառելու արարողության ժամանակ կտեսնենք բոլորս, կարծում եմ, որ անդրադարձ կլինի նաև միջազգային մամուլի կողմից։
Նոր տոնածառի արժեքը կազմում է մոտ 103 մլն դրամ, ինչը քաղաքապետարանի ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել ձեռք բերել 71 մլն դրամով, որի մեջ մտնում է տեղափոխման և մոնտաժման աշխատանքները։
Համեմատության համար նշեմ, որ նախկին տոնածառի համար ամեն տարի մրցութային կարգով գնվել են հարյուրավոր նոր կտրված բնական եղևնիներ, ինչն արժեցել է տարեկան մոտ 25 մլն դրամ, իսկ եղևնիները, բնականաբար,վերջում թափվել են։
Նշենք նաև, որ նոր տոնածառի համար քաղաքային բյուջեից չեն կատարվել լրացուցիչ հատկացումներ, այլև գնվել է Երևան 2800 ամյակի համար նախկին իշխանությունների կողմից հաստատված բյուջեից նոր իշխանության ջանքերով տնտեսած մոտ 700 մլն դրամի հաշվին, և, որ ամենահատկանշականն է, հաջորդ տարիներին տոնածառի համար չի կատարվի և ոչ մի լրացուցիչ ծախս։
Դավիթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության, «Առաքելություն» կուսակցության անդամ