ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը։
Պաշտոնապես, Հայաստանում ուղղակի ներդրումները ավելացել են. եթե 2017 թվականի հունվար-սեպտեմբերին ուղղակի ներդրումները կազմել էին 57 մլրդ 84 մլն դրամի չափ, ապա 2018 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 59 մլրդ 848 մլն դրամ։ Այսինքն՝ մոտ ավելի քան 2 մլրդ 764 մլն դրամով ավելացել են ներդրումների ծավալները։ Բայց մյուս կողմից՝ նկատենք, որ ներդրումները հիմնականում նվազել են Ջերսիի կղզիներից՝ օֆշորային գոտուց։ Ինչպես հայտնի է, այնտեղից ներդրումներ են կատարվել Հայաստանի հարավում գտնվող Ամուլսարի հանքավայրում։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը նախատեսում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ օֆշորային է, որը 2006 թվականին գրանցվել է Ջերսիում՝ Չաննել կղզիում։ Նկատենք, որ Ջերսիից այս տարվա հունվար-սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել են ուղղակի ներդրումների ծավալները՝ ավելի քան 38 մլրդ 259 մլն դրամով։
Այսպես, ըստ ՎԿ-ի՝ եթե 2017 թվականի հունվար-սեպտեմբերին օֆշորային այս կղզուց եկած ուղղակի ներդրումները կազմել են 58 մլրդ 899 մլն 800 հազար դրամ, իսկ ահա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 20 մլրդ 640 մլն դրամ։ Տեղեկացնենք, որ օֆշորները՝ ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական, հարկերը շրջանցելու տարբերակ են։ Օֆշորային գոտում գտնվող կեղծ ընկերություն կարելի է տանել կապիտալ, որտեղից «ներդրում» կատարել այստեղ, իսկ եկամուտը վերադարձնել օֆշորային գոտի։ Այդպիսով կարելի է շրջանցել եկամտահարկը, որը Հայաստանում 20 տոկոս է կազմում, իսկ օֆշորներում՝ 1-2 տոկոս կամ ընդհանրապես 0 տոկոս (բնականաբար, դա չի նշանակում, որ այդպես են վարվում օֆշորային երկրներից կամ գոտիներից բոլոր ներդրողները։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում