Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ողբ, ուշաթափություն ու միաժամանակ ուրախության արցունքներ Գյումրու քաղաքապետարանում (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 05,2018 10:59

Երեկ Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ թվով 21 բնակարանների վիճակահանություն։ Բնակարաններից 12-ը սոցիալական են, կառուցվել են «Առդա» բարեգործական հիմնադրամի ու Գյումրու քաղաքապետարանի համագործակցությամբ, իսկ 9-ը ձեռք էր բերել Գյումրու քաղաքապետարանը։

Նշենք նաև, որ բնակարաններից յոթը, որոնք կառուցվել են «Առդա «բարեգործական հիմնադրամի ու Գյումրու քաղաքապետարանի համագործակցությամբ, տրվեցին առանց վիճակահանության։ Ինչպես պարզաբանեց «Առդա»-ի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, սա բնակիչներին չտխրեցնելու համար է․ նրանք անցած տարի մասնակցել էին վիճակահանությանը, սակայն նրանց դատարկ թուղթ էր բաժին ընկել, բախտ չէր վիճակվել բնակարան ունենալու։

Այն, ինչ դաժան երկրաշարժից հետո 30 տարի անց երեկ տեղի էր ունենում Գյումրու քաղաքապետարանում, խիստ մտահոգիչ է․ սա պիտի որ դառնա նոր կառավարության լուծման հրատապ հարցը․ վիճակահանությանը մեծամասամբ մասնակցում էին կամ մանկահասակ երեխաներ ունեցող մայրեր կամ տարեց մարդիկ, որոնք մի կերպ էին տեղաշարժվում՝ ձեռնափայտով, մյուսների օգնությամբ։

Վիճակահանության ժամանակ ոչ բոլորին բախտ վիճակվեց դառնալ բնակարանատեր, սարսափելի էր տեսնել, թե ինչպես տեղաշարժվելու խնդիր ունեցող, սոցիալապես խիստ անապահով մի տարեց կին, որի ձեռքերը դողում էին, անգամ չէին կարողանում քաշել վիճակահանության թուղթը, հանկարծ դատարկ թուղթ քաշեց։ Թեև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նրան մխիթարում էր, որ մյուս տարի հաստատ կլուծվի նրա բնակարանի հարցը, սակայն կինը լացում էր, բացականչում․ «Վայ, ո՞վ եկավ մի օր հարցրեց, թե կռիսների մեջ ինչպես եմ ապրում»։

Կինն ամբողջ ընթացքում լացեց ու լացեց, գրեթե ուշաթափվեց, ջուր հասցրեցին նրան, դուրս հանեցին դահլիճից։

Մեկ այլ դեպքում էլ երեք ապագա զինվորների մայրը լացեց ու լացեց․ երբ քաշեց վիճակահանության թուղթը ու դարձավ բնակարանատեր, բարձրաձայն գոռում էր, արտասվում։

Նշենք, որ բնակարանատեր դարձան նաև Սիրիայից ու Արցախից Գյումրի բնակության տեղափոխված երկու ընտանիքներ, որոնք Գյումրու քաղաքապետի ասելով՝ չորրորդ երեխաներ են ունեցել Գյումրիում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31