Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանր կսմիթներից դեպի արժեքների քննարկում

Դեկտեմբեր 05,2018 10:00

Այս ընտրարշավի ամենադիտարժան մասը, իհարկե, «Իմ քայլը»-ՀՀԿ փոխհրաձգությունն է: «Հանդիսատեսին» հուզում է, թե ինչպես են նրանք իրար մրոտում, ինչ մեղադրանքներ են առաջ քաշում, ինչ պատասխաններ են տալիս եւ այլն: Այստեղ ուժեղ խաղաքարտերը, իհարկե, «Իմ քայլի» ձեռքին են՝ մարդկանց հետաքրքրում են բացահայտումները, ձերբակալությունները, միջնորդությունները, խափանման միջոցները եւ այլն: Ընտրարշավի վերջին փուլում իշխանությունն իհարկե ամեն ինչ անում է, որ մենք այս առումով չձանձրանանք: Շատ ավելի պակաս հետաքրքիր են Գագիկ Ծառուկյանի բիզնես նախագծերը, որոնք ներկայացվում են որպես կուսակցության ծրագիր, ինչպես նաեւ ՕԵԿ-ի՝ 1000-րդ հիշեցումն այն մասին, թե ում շնորհիվ են վերադարձվել ավանդները:

Դրամատիզմի այս կամ այն աստիճանն ունեցող նախընտրական իրադարձությունների ֆոնի վրա գրեթե նկատելի չէ նոր ձեւավորված քաղաքական ուժերի («Քաղաքացու որոշումը» սոցիալ-դեմոկրատական, «Ազգային առաջընթաց» եւ «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների) գործունեությունը: Նախ՝ այդ կուսակցությունների անդամներն այնքան էլ թրծված չեն ցանկացած քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ցինիզմի, պոպուլիզմի եւ դեմագոգիայի ասպարեզում: Երկրորդ՝ այդ կուսակցություններում գրեթե չկան ճանաչելի, խարիզմատիկ դեմքեր: Երրորդ՝ քաղաքացիներին նրանց ասածներն առանձնապես չեն հետաքրքրում: Ընտրողներին պետք է իմանալ միայն մի բան՝ «դու Նիկոլի հե՞տ ես, թե՞ Նիկոլին դեմ ես»: Եթե «Նիկոլի հետ ես», ուրեմն «ժողովրդի կողքին ես», եթե «Նիկոլին դեմ ես», ուրեմն «թալանչի ես»: Այդ ոչ բարդ այլընտրանքի պարագայում դժվար է խոսել քրիստոնեական, պահպանողական կամ սոցիալ-դեմոկրատական արժեքների մասին:

Բայց քանի որ ես լուսաբանում եմ արդեն 10-րդ ընտրարշավը եւ անգիր գիտեմ, թե ինչ է ասվելու «Ղարաբաղը ծախել-չծախելու», «թալանել-չթալանելու», «երկիրը քանդել-չքանդելու», «մեղավորներին պատժել-չպատժելու», ինչպես նաեւ աշխատատեղերի եւ ներդրումների մասին, ինձ համար արժեքների մասին խոսակցություններն ավելի հետաքրքիր են:

Որքան շատ եմ ես մտածում այս խնդիրների շուրջ, այնքան հստակ եմ գիտակցում, որ պետությունը, եթե ցանկանում է կայուն եւ կենսունակ լինել, պետք է էթիկական, հոգեւոր հիմքեր ունենա, եւ, ի դեպ, բոլոր հաջողակ պետությունները՝ ԱՄՆ-ից մինչեւ Ճապոնիա, Իսլանդիայից մինչեւ Չինաստան, նման հիմք ունեն: Օրինակ՝ պետությունը հարկադրում է քաղաքացուն ինչ-որ բան անել կամ չանել. եթե չկա դրա բարոյական, հոգեւոր հիմքը, ապա մարդիկ չեն հասկանում, թե ինչու պետք է անեն կամ չանեն, եւ թքում են պետության վրա: «Կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն». դա, իհարկե, սրամիտ պատասխան է՝ ընդդիմախոսներին 10:0 անելու համար, բայց իրականում պետությունը պետք է բացատրի անհատներին, քաղաքացիներին, թե ինչու, հանուն ինչի է հարկադրանքի դիմում անհատների նկատմամբ: Հակառակ դեպքում մենք մնալու ենք պարզունակ այլընտրանքների տիրույթում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Առավել հետաքրքրական է Դավիթ Շահնազարյանի սինդրոմը: Որևէ մեկը հասկանում է՞, թե նա ՀՀԿ-ի ձայներն ավելացնում է, թե ոչ: Վերջին օրը Նավալնի-Զոլոտով մենամարտի մեթոդաբանությունը նմանակելով գնաց ակնհայտ պարտության: Ի՞նչ էր նշանակում, եթե Նիկոլը էսօր չգա՝ուրեմն ֆսյո, ես կրել եմ: Կամ Սասուն Միքայելյանին հիմարավարի ինչ որ դիրքեր հանձնելու մեջ մեղադրել, հետո ասել՝ ես ասել եմ հարցրեք նրան: Հարցրին, նա էլ ասաց չէ, ուրիշ հրազդանցի տղա է եղել: Շահնազարյանը 1 տարի ՀՀՇ փողերով բուժվում էր Փարիզում: Ինչից՝ նույնիսկ ես գիտեմ: Ինչու՞ քաջարի հեղափոխականները մեյդան չեն հանում այս փաստը: Կարելի էր զվարճանալ, եթե այսքան տխուր չլիներ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31