Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից մի շարք հետաքրքիր միջոցառումներով, (բացվեց նաև կամավորությունների հնարավորությունների տոնավաճառ) նշվեց կամավորների միջազգային օրը։ Հիշեցնենք, որ նրանց տոնը ողջ աշխարհում նշվում է դեկտեմբերի 5-ին, վաղը ևս միջոցառումները շարունակվում են․ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, արտերկրյա հյուրեր Գյումրիում մասնակցելու են «Կամավորության հեռանկարները Հայաստանում» անվանմամբ ֆորումին։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն իր չորս ընկերների հետ, որոնք նույնպես կամավորներ են եղել, տասը տարի առաջ հիմնել են կազմակերպությունը։ Արթուր Նաջարյանը նշում է, որ Հայաստանում չկա «Կամավորության մասին» օրենք և որ կամավորական աշխատանքը ճանաչված լինելով՝ իրավական դաշտում ունի լիքը բացեր։
Ըստ մեր զրուցակցի, ի տարբերություն «Կամավորության մասին» օրենք ունեցող երկրների՝ Հայաստանի Հանրապետությունում , եթե կամավորին փոխհատուցում ես տալիս կամավորական աշխատանքի շրջանակում առաջացած ծախսերի դիմաց, այն ենթակա է հարկման, դիտարկում են որպես ծառայությունների մատուցում։ Իսկ սա լուրջ խնդիր է առաջացնում հատկապես միջազգային կամավորների հյուրընկալման պարագայում։
«Եվրամիության օրինակը կարող եմ բերել, երբ որ իրականացվում է «Եվրոպական կամավորական աշխատանք» ծրագիրը և եվրոպական տարբեր երկրներից Հայաստանը հյուրընկալում է կամավորների, Եվրամիությունը տալիս է կամավորներին կեցության, սննդի, տրանսպորտի, հեռախոսային կապի, որոնք պետք է վճարվի տեղական կազմակերպության կողմից կամավորին, բայց պետք է վճարվեն հարկվելով, ինչը Եվրամիությունն արգելում է, որովհետև դա չի կարող հարկվել, դա ընդամենը կամավորների ծախսերի փոխհատուցում է։
Մեր կարևոր նպատակներից մեկն է ջատագովել ու հասնել նրան, որ նոր խորհրդարանում գոնե «Կամավորության մասին» օրենքն ընդունվի։ 10-15 տարի շարունակ «Կամավորության մասին» օրենքի նախագծեր են մշակվում, սակայն մի մասը Ազգային ժողով չի հասել, մյուս մասը աշխատանքային խմբերում քննարկվել ու դուրս է եկել», -ասաց Արթուր Նաջարյանը։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն այս պահին 6 կամավորներ ունի եվրոպական տարբեր երկրներից։ Նրանից մեկը՝ Ջոզեֆ Բանիասը, մեզ հետ զրույցում պատմեց, որ կամավորական աշխատանքի հնարավորություն ունեցել է տարբեր երկրներում՝ Իսպանիայիում, Ֆրանսիայում, Գերմանիայում, սակայն ընտրել է Հայաստանը, քանի որ Սլովակիայում քչերը գիտեին Հայաստան երկրի մասին, իսկ ինքը ուզում էր բացահայտել այն։
«Երբ վերադառնամ Սլովակիա, առաջնահերթ իմ ընտանիքին կպատմեմ, թե ինչքան հիասքանչ է Հայաստանը ու կասեմ, որ շատ ապահով երկիր է։ Երբ իմ ընտանիքին տեղեկացրեցի, որ Հայաստան եմ մեկնում, իրենք մի քիչ վախեցան․ Իրանին սահմանակից երկիր է։ Ես կգնամ ու կասեմ, թե ինչքան ապահով, հետաքրքիր ու գեղեցիկ երկիր է՝ իր գեղեցիկ բնությամբ, սարերով, լեռներով»։
Ժոզեֆն ապրում է Գյումրու «Մուշ» թաղամասում ու սկսել է հարևանություն անել շենքի բնակիչներից մեկի հետ։ «Ես մի հարևանուհի ունեմ, իմ հետ միշտ հայերեն է խոսում սկզբում ողջունում էինք միմյանց, ասում էր՝ բարև, բայց հիմա մեր խոսակցություններն ավելի են երկարում, սկսել եմ հայերեն սովորել։ Ես այն տպավորությունն ունեմ, թե «Մուշ» թաղամասում բոլոր կամավորներին ճանաչում են, քանի որ ես միակ կամավորը չեմ այնտեղ»։
Ժոզեֆը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի PR բաժնում աշխատանքներ անելուց զատ, շաբաթվա երկու օրերը սկսել է անգլերեն դասավանդել սահմանամերձ Բավրայի դպրոցում։ Նա երեխաներին խոսակցական լեզուն է սովորեցնում ոչ ֆորմալ կրթության մեթոդներով՝ ինտերակտիվ կապի ու խաղերի միջոցով։
Չեխիայից Մարտինա Հորնիչկովան էլ, որը սոցիալական աշխատող է, ասաց, որ առաջին անգամ չէ Հայաստանում, շատ սիրելով մեր երկիրը՝ նորից եկել է կամավորական ծրագրի մասնակցելու։
«Իմ նպատակներից է ոչ միայն այստեղ աշխատելը, այլ Հայաստանը բացահայտելը, հայկական մշակույթը, որն ինձ համար շատ հետաքրքիր է։ Հենց վերադառնամ Չեխիա, կպատմեմ, որ Հայաստանը իմ երկրորդ տունն է ՝ իր հրաշալի մարդկանցով, իր հրաշալի մշակույթով ու ավանդույթներով։ Հյուրընկալ երկիր է ու մեծ պոտենցիալ ունեցող՝ չնայած որ համարվում է աղքատ երկիր»։
Մարտինա Հորնիչկովան նշում է, որ Չեխիա վերադառնալուն պես իր շրջապատի մարդկանց խորհուրդ է տալու այցելել Հայաստան ու հատկապես այն վայրերը, որտեղ ինքն է եղել։ Առաջին հերթին, ըստ նրա, պարտադիր է լինել Գյումրիում, քանի որ այն եզակի, իր նմանը չունեցող քաղաք է։ Իհարկե, խորհուրդ կտա նաև Գառնի, Սևանա լիճ գնալ, իսկ հայկական խոհանոցից փորձել բոլոր կերակրատեսակները, քանի որ դրանք իրենց համով ու յուրօրինակությամբ մեկը մյուսին չեն զիջում։
Նշենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը Կամավորների միջազգային օրը նշում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Erasmus+ Youth. տեղեկատվական կենտրոնի» աջակցությամբ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ