Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. «Պաշտոնի ոչ մի առաջարկ չեմ ընդունելու մինչեւ օլիմպիական խաղեր»

Դեկտեմբեր 05,2018 00:01

ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» կուսակցության պատգամավորի թեկնածու Արսեն Ջուլֆալակյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսել է ընտրվելու դեպքում ապագայի իր պլանների մասին:

-Պարոն Ջուլֆալակյան: Դուք հայտարարել եք, որ պատգամավոր դառնալուց հետո շարունակելու եք զբաղվել ակտիվ սպորտով: Այսինքն, դրանք համատեղելու եք: Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը, որի անդամ եք, տարվա մի զգալի մասն անցկացնում է ուսումնամարզական հավաքներում եւ աշխարհի տարբեր երկրներում մրցումներԻ մասնակցելով: ԱԺ-ն էլ աշխատում է իր հաստատված ժամանակացույցով: Նիկոլ Փաշինյանը մշտապես քննադատել է ԱԺ նիստերից հաճախ բացակայող պատգամավորներին: Սպորտը չի՞ խանգարելու պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին եւ հակառակը, պատգամավորությունը չի՞ խանգարելու մարզիկ Արսեն Ջուլֆալակյանին:

-Ըմբշամարտի ազգային հավաքականը տարվա ընթացքում ունենում է 14 օր տեւողությամբ ութ հավաք, որն անում է 112 օր եւ 5 մրցում, յուրաքանչյուրը 4-5 օր: Ընդհանուր առմամբ դա տարեկան կազմում մոտավորապես 135 օր: Սա նշանակում է, որ տարվա մեջ ես այդքան օր պարտադիր պիտի լինեմ հավաքականի տրամադրության տակ: Բայց այստեղ մի հետաքրքիր նրբություն կա. Հավաքների ծանրակշիռ մասը Երեւանում է կամ Ծաղկաձորում: ԱԺ նիստերն էլ տարվա մեջ 365 օր չեն անցկացվում: Եթե ես հայաստանյան հավաքում եմ ու այդ օրերին ԱԺ նիստ կա, հասկանալի է չէ՞,  որ կարող եմ առավոտյան մարզումից առաջ կամ հետո գալ Աժ եւ երեկոյան վերադառնալ մարզումներին: Այդպես է եղել նաեւ իմ ուսանող տարիներին, ու այդպիսի փորձառություն ունեմ արդեն երկար տարիներ: Հնարավոր է չէ՞ նաեւ, որ հավաքում գտնվելուս օրերին ԱԺ նիստեր նախատեսված չլինեն: ԱԺ նիստերից բացակայությունս կարող է լինել միայն աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, աշխարհի գավաթին մասնակցելու օրերին, տարվա կտրվածքով՝ շուրջ 25 օր: Ու այստեղ էլ հնարավոր է, որ այդ օրերին օրակարգով նիստեր չլինեն: Ասելիքս այն է, որ իմ ներկայությունը թե ազգային հավաքականում, թե ԱԺ-ում կլինի առնվազն 95%: Եվ իմ ընտրողները դրանում կհամոզվեն:

-Եթե դառնաք պատգամավոր եւ ձեւավորվելիք կառավարությունում ձեզ պաշտոն առաջարկեն, որն ընդունելու դեպքում արդեն ստիպված եք լինելու աշխատել ամենօրյա ռեժիմով, ընտրությունը ո՞րը կլինի:

-Հարցը տեղին է, բայց ժամանակից շուտ: Ճիշտ եք, որ այդ դեպքում լրացուցիչ ծանրաբեռնվածությունն անհամեմատ մեծ կլինի գործադիր մարմնում: Եթե նման բան լինի, պետք է մանրամասն քննարկենք, թե ինչ բնագավառ է ինձ առաջարկվելու, դե յուրե եւ դե ֆակտո ինչ լիազորություններով: Օլիմպիական խաղերից հետո բացարձակ ազատ եմ լինելու: Եթե մեր քաղաքական ուժով ընդհանուր հայտարարի գանք գործադիր իշխանություն անցնելու հարցում, ոչ մի կասկած չկա:

-Ձեր ասածը վերաբերում է օլիմպիական խաղերից հետոին, իսկ եթե առաջարկ արվի մինչեւ օլիմպիական խաղերը, ու ենթադրենք՝ առաջարկվի 1-ին փոխվարչապետի աթոռը:

-Մինչեւ օլիմպիական խաղերը պաշտոնի ոչ մի առաջարկ չեմ ընդունելու: Անգամ ձեր նշած պաշտոն: 2020 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելը իմ գլխավոր նպատակն է ու ոչինչ ինձ չի շեղի դրանից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահագն Բայրամյան says:

    Նրա պես մարզիկը չպետք է լինի խորհրդարանում։ Մի մարդ ով կարող է քֆուր տալ ըմբիշներից ֆուտբոլ խաղալիս, բայց ինտերնետում ներկայացվել որպես գրագետ մարդ չի կարող լինել պատգամավոր։ Գոռոզ մարզիկ, ում հոր պատճառով շատ մարզիկներ թողել են սպորտը կամ տեղափոխվել այլ երկիր։ Մի հատ հարցրեք ինչքան ամսական աշխատավարձ է ստանում։ Եվ հետո թե այս ՀՀ ըմբշամարտի առաջնությունը կազմակերպելու համար մարզիկներից փող են հավաքելու։ Նրա օրոք մեր սպորտի վիճակը իմ կարծիքով ավելի կվատանա։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31