Հայաստանի բարդ հարաբերությունները ՀԱՊԿ-ում դաշնակիցների հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք գագաթնաժողովը՝ դեկտեմբերի 2-ին Վայոց ձորի մարզում լրագրողներին տեղեկացրեց Փաշինյանը։ «ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթնաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, եւ ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի եւ կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետեւյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որեւէ կոնսենսուսի հասնելը»,- նշեց Փաշինյանը: Նա հավելել է, որ քանի որ հիմա էլի քննարկումների արդյունքում պարզվել է, որ էլի կոնսենսուս չկա, Աստանայի պատկերը կրկնելը իմաստ չունի, դա կառուցողական չէ. «Պայմանավորվածությունը հետեւյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչեւ որեւէ կոնսենսուսային կարգով լուծումներ գտնենք»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 6-ին կմեկնի Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգում մասնակցելու Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։ Իսկ ռուսաստանյան RBK գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը ասել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը կայանալու է 2019-ին, այսինքն՝ ՀԱՊԿ երկրների առաջնորդները մինչեւ 2019-ը չեն ընտրի կազմակերպության գլխավոր քարտուղար:
Հիշեցնենք. նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում նոր գլխավոր քարտուղար չնշանակվեց, պետությունների ղեկավարները պայմանավորվել էին հարցի շուրջ քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում:
Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու առաջադրելու իրավունքը Հայաստանինն է: Պաշտոնական Երեւանը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, մասնավորապես այս մասին նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում, ինչպես նաեւ «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում հստակ նշել է, որ երեք տարվա ռոտացիան վերաբերում է երկրին, ոչ թե անձին, սա հստակ իրավական եզրակացություն է, այսինքն՝ մեր երկրի՝ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարման երեք տարին դեռեւս չի լրացել: «Այո, մենք մինչեւ վերջ գնալու ենք, որպեսզի ունենանք բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի կարողանանք ամուր պահել կազմակերպությունը, որովհետեւ բոլորի պես կազմակերպության հավասար անդամ ենք, եւ կազմակերպությունը արդյունավետ գործիք է մեր հավաքական անվտանգությունը ապահովելու համար: Մեր ազգային շահերից ելնելով՝ մեր նպատակն է ապահովված, ամուր պահել կազմակերպության հիմքերը: Այս համադրումներով ենք մենք բանակցում մեր գործընկերների հետ: Չպետք է լինի ինչ-որ մեկը, որը դուրս գա պարտված կամ հաղթանակած, որովհետեւ դա վնասակար է, չի լինելու այդպես, եւ մենք չենք կարող թույլ տալ նման բան, դա ուղղակի թուլացնում է կազմակերպությունը»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուն պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը՝ շաբաթ օրը Ռուսաստանի մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասել էր պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում առաջացած խնդիրները կարո՞ղ են պատճառ լինել, որ Հայաստանը դուրս գա կազմակերպությունից, նախարարի պաշտոնակատարը հավելել էր. «Ես չեմ լսել նման խնդրի մասին, որը կարող է նախապայման լինել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար: Նման նախապայմաններ չկան ո՛չ աշխարհաքաղաքական, ո՛չ ռազմաքաղաքական, ոչ էլ ռազմավարական տեսանկյունից»:
ՀԱՊԿ-ում Հայաստանն, այսպես ասած, պնդում է իր դիրքորոշումը: Պուտինը, ըստ ամենայնի, Փաշինյանին նախընտրական «նվեր» մատուցեց՝ դեկտեմբերի 6-ին Հայաստանին հնարավոր ձախողումից հետ պահելու նպատակով: Բայց խնդիրը մնում է: Եթե անգամ 2019-ին կոմպրոմիսային որոշում ընդունվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հետագա պաշտոնավարման վերաբերյալ, փաստացի Հայաստանն այդ պաշտոնը կորցրել է:
Ավելին, դրան գումարած՝ Հայաստանի հարաբերությունները Բելառուսի եւ Ղազախստանի հետ էլ ավելի են սրվել, չնայած այն հանգամանքին, որ դրանք երբեք չեն էլ փայլել, եւ այս երկրները բացեիբաց տարիներ շարունակ ի ցույց են դրել, թե որքան թանկ են նրանց համար Ադրբեջանի եւ անձամբ Ալիեւի հետ հարաբերությունները:
Իսկ որ Բելառուսի եւ Ղազախստանի հետ երկկողմ հարաբերություններն էլ ավելի են սրվել՝ դրանց համար հիմք հանդիսացավ անցյալ ամիս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, երբ նա բացատրություններ պահանջեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, ինչպես նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւից: «Եթե ես, օրինակ, որեւէ օտարերկրյա դեսպանի՝ ՀԱՊԿ անդամ երկրի դեսպան չհանդիսացող, հրավիրեմ ու պատմեմ դռնփակ նիստի մասին, նույնը կլինի: Եթե նիստը փակ է, ուրեմն փակ խոսակցություն է: Դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում, դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջեւ: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, եւ ես, իհարկե պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից: Պարզաբանումներ պետք է տա նաեւ Ղազախստանի նախագահը, մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաեւ Նուրսուլթան Նազարբաեւը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը»,- ասել էր Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը նկատի ուներ Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպումը, որի ընթացքում Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից, փակագծեր բացել: Փաշինյանի կոշտ հայտարարությանը հաջորդեց Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազի բավական խիստ հայտարարությունը՝ ուղղված Փաշինյանին: «Երեւի Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություններ ունի»,- ասել էր Գլազը։ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել էր, որ «դա կարող է կիրառվել ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում գոյություն ունեն արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր»։ Գլազն ապա հավելել էր. «Երեւի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ, այսպես կոչված, փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսանք՝ ժամանակի ընթացքում դա կանցնի»։
Իսկ անցյալ շաբաթ նախընտրական հավաքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց. «Ասել եմ եւ էլի եմ ասում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր եւ նույնիսկ ոչ էական հարց է»։ Ապա հավելեց. «Շատ ավելի կարեւոր են այն հարցերը, որոնք քննարկվում են այս համատեքստում։ Մենք, ըստ էության, ոչ թե վատթարացրել ենք մեր հարաբերությունները որեւէ մեկի հետ, այլ արձանագրել ենք այն վատ վիճակը, որում գտնվում է Հայաստանը։ Այն վատ եւ հեղինակազուրկ վիճակը, որը մենք ժառանգել ենք այդ եւ ոչ միայն այդ կառույցում»: Փաշինյանի բնորոշմամբ՝ իրենք, ի տարբերություն նախորդ իշխանությունների, մտադիր չեն անուշադրության մատնել ՀՀ անվտանգության կենսական խնդիրները։ Նա ընդգծել էր, որ կարեւոր է, որպեսզի ՀԱՊԿ-ում «հստակեցնենք մեր պարտավորությունները մեր դաշնակիցների առաջ»:
ՀԱՊԿ-ում Հայաստանն այսօր, մեղմ ասած, էլ ավելի բարդ հարաբերությունների հիմքեր դրեց դաշնակիցների հետ: Թե ինչպես է պաշտոնական Երեւանը հարթելու իրավիճակը՝ թերեւս պայմանավորված կլինի Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններից, որոնք կարող են մասամբ անդրադառնալ նաեւ մյուս դաշնակիցների հետ փոխհարաբերություններին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
04.12.2018