Ումից եւ ինչու է վախենում
«Առավոտը» տեղեկացրել էր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աշխատակից, անձնակազմի կառավարման բաժնի պետ Վահե Մովսիսյանի դատական գործընթացում տարած առաջին հաղթանակի մասին: Նա, ըստ դատարանի, վերականգնվել էր նախկին աշխատանքում, սակայն զուգահեռ այլ գործընթացներ տեղի ունեցան:
– Պարոն Մովսիսյան, ճի՞շտ է, որ ոստիկանությունում կա հաղորդում այն մասին, որ Դուք կոլեկտիվի աշխատանքային գրքույկներով «ներխուժել» եք թատրոն եւ հրաժարվել տարածքը լքելուց:
– Հաղորդագրություն, այո, կա, բայց ձեր հարցադրումը մեղմ է ու թերի: Ամբողջական տեքստը աբսուրդ է, որի հեղինակը հիշաչարության սինդրոմով տառապող Վարդան Մկրտչյանն է: Երիտասարդ տնօրենը հերթական անգամ խոփը ժայռին դեմ տալուց հետո, փոխանակ հետեւություններ անի, իր ոչ իրավաչափ գործողություններով հեղինակազրկում է ոչ միայն ինքն իրեն, այլեւ ստվերում թատրոնի բարի համբավը:
– Այսի՞նքն:
– Այն բանից հետո, երբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Հ. Զարգարյան) ամբողջովին բավարարեց հայցս, այն է՝ անձնակազմի կառավարման բաժնի պետին վերականգնել նախկին աշխատանքում, թատրոնից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը, փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը, ինչպես նաեւ հաշվառման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի 2%-ը, ընկեր Վարդանը, չզսպելով ինքնատիրապետումը, երկու ոտքը մի մաշիկի մեջ դրած (ցավեցնելով իրեն), իներցիայով առաջ է գնում (իրականում՝ դեպի հետ), դիմել է ոստիկանություն՝ ապավինելով Մայր թատրոն բերող եւ թիկունքը ամուր պահող մարդկանց: Մեկ անգամ չէ, որ նա հպարտորեն ինքնաներկայացրել է. «Ես պատահական մարդ չեմ, այստեղ եմ նախագահ Սերժ Սարգսյանի դաբրոյով»:
– Այսինքն, Ձեր միջեւ լարվածություն, այնուամենայնիվ, եղե՞լ է:
– Կադրային քաղաքականության հարցում քանիցս դրվատանքով չեմ արտահայտվել, իսկ ինքը չի թաքցրել իր միապետ լինելը: Ավելին, թիրախավորելով ինձ, փորձել է աշխատանքային կարգապահության հարցում խոցելի տեղ բռնել: Երկու անհաջող փորձից հետո փոխել է ռազմավարությունը եւ մեկ ամսում, ավելի ստույգ՝ 21 աշխատանքային օրվա ընթացքում իր իրավաբանների հետ մի օր մտածել, հաջորդ օրը երկնել է տարաբնույթ 12 հրամաններ՝ վստահ լինելով, որ դրանց կատարումը սահմանված ժամերով ու րոպեներով, դժվար թե գլուխ գա: Սխալվեցին: Եվ օրակարգի հարց դարձավ ինձնից ազատվելը: Կայացավ օրենքի կոպտագույն խախտումներով, բարոյահոգեբանական ճնշումների ուղեկցությամբ: Եվ սա միակ դեպքը չէ: Չի սկսվել եւ չի ավարտվել ինձնով: Թատրոն գալու առաջին օրերից մինչեւ հիմա այդ մարդը լարված է: Տեղը չի գտնում, որովհետեւ կոլեկտիվի հետ եւ կոլեկտիվ աշխատելու ունակություն չունի, չի հարգում յուրաքանչյուրի անհատականությունը, հոգեբանություն ասածը նրա համար չէ: Եսակենտրոնությունից եւ ինքնագովազդից չազատագրվելու հետեւանքով շարունակում է կծկել սխալների կծիկը: Դրանցից հերթականը ՀՀ ոստիկանապետին հասցեագրած պաշտոնական գրությունն է. «Խնդրում եմ Վահե Մովսիսյանի կողմից կազմակերպության տարածք ներխուժելու եւ տարածքը լքել հրաժարվելու գործողություններին տալ իրավական գնահատական՝ վերջինիս ենթարկելով համապատասխան պատասխանատվության»: Ավելի արտառոց է շարադրանքի այն հատվածը, որում ընկեր Վարդանը ընդգծում է իր հիշողության պակասը, չիմացությունը նաեւ պարզունակ հարցերից, այս դեպքում՝ աշխատանքային գրքույկների մշակման-թվայնացման գործընթացից. «Պարզել, թե Մովսիսյանը գրքույկները արդյո՞ք իր աշխատած ժամանակահատվածում է հանձնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա պարզել՝ աշխատանքից ազատվելուց հետո ի՞նչ իրավունքով է տիրապետել կազմակերպության աշխատողների գրքույկները եւ խնդրում եմ տալ իրավական գնահատական նշված գործողություններին»: Սա զավեշտ է, իսկ մյուս կողմից՝ չարություն, քինախնդրության մոլուցք՝ համեմված ստերով: Եթե իր գործելաոճով մեկին կանչել ու թելադրել է զեկուցագիր պատրաստել կամ հայտնին համարում է անհայտ, հիմք ընդունելով հաղորդագրության համար, բա չի՞ մտածել, որ փորձառու աշխատողը, էլ չեմ ասում արհեստավարժ լրագրողը, ցանկացած քայլ կատարելիս միշտ «զինանոցում» ունենում է հիմնավոր փաստեր եւ ապացույցներ: Ահա դրանցից մի քանիսը: 159 աշխատակիցների աշխատանքային գրքույկները ՍԱՊԾ Կենտրոն-1 տարածքային բաժնին հանձնել եմ ինքս, թիվ 1, 2, 3, 4 հանձնման-ընդունման ակտով, որի վրա թվագրված է՝ դեկտեմբերի 22, 2017թ., այսինքն՝ մեր համատեղ աշխատանքի ընթացքում: Իսկ ես ազատվել եմ 2017թ. ապրիլի վերջերին: Գործատուն քաջատեղյակ է եւ ժամանակին իրեն եմ հանձնել օրինակներից մեկը: Չի կարող հրաժարվել նաեւ 23.03.2018թ. իմ գրած զեկուցագրերից մեկից. «Այս պահի դրությամբ սիրով կատարում եմ ձեր հերթական բանավոր հրամանը՝ հանձնելով գրքույկների հանձնման-ընդունման ակտը՝ բաղկացած 4 թերթից: Կարծում եմ՝ այլեւս աշխատանքային գրքույկներ չեք պահանջի, քանի որ դրանք դեռ սոցապում են»:
Իմ ազատումից ամիսներ անց Մկրտչյանին տեղեկացրել են, որ գրքույկներն արդեն մշակված են: Վերջինիս ստացումը կազմակերպելու փոխարեն՝ սոցապի աշխատակցուհուն բառացիորեն նետել է. «Մովսիսյանն այլեւս մեզ մոտ չի աշխատում»: Հարկադրված ինձ են զանգահարել: Նույն խնդրանքով դիմել են նաեւ իմ գործընկերներից ու ընդառաջ գնացել: Երկու ժամից ավելի երեքով ստուգել-համեմատելուց հետո գրքույկները բերել եմ թատրոն: Դիմացս հայտնված օրվա պահակը թախանձագին խնդրեց. «Պարոն Մովսիսյան ջան, մեզ տնօրենը կարգադրել է, որ եթե դուք ներս մտնեք, նույն պահին մենք կազատվենք աշխատանքից»: Հրաշալի իմանալով երիտասարդի էքսցենտրիկությունը, Նորիկի հետ «մեխվել» ենք պահակակետում եւ խնդրել՝ իմ գալու նպատակի մասին տեղեկացնել տնօրենին կամ նրա երեք տեղակալներից մեկին: Առաջին մերժողը, առանց բացատրության, Հրաչն էր: Այնուհետեւ նույն դիրքը բռնեց Մկրտչյանը երեխայական պատճառաբանությամբ՝ «Զբաղված եմ, ինձ մի խանգարեք: Դուք չէ, որ ինձ պիտի հուշեք, թե ես ինչպես վարվեմ»: Ինձ ոչինչ չէր մնում, բացի գրքույկները թողնել- հեռանալուց:
– Ի վերջո, ի՞նչ էր եղել աշխատանքային գրքույկների թվաքանակի հետ՝ պակասե՞լ էին:
– Անգամ լավագույն ցանկության դեպքում չէին կարողանա թվաքանակի հետ խաղեր տալ: Իրենք էլ են դա հասկացել: Վերցրել, տեղափոխել են տնօրենի աշխատասենյակ, իսկ 3-օրյա մտածումից հետո կազմել «պատմական» բողոք-նամակը: Ահազանգով ներկայացել եմ ոստիկանություն եւ 3,5 ժամվա ընթացքում տվել 1,5 էջանոց, բայց հիմնավոր բացատրություն, պահանջել բազմակողմանի ուսումնասիրություն:
– Որքան գիտեմ, Ձեր գործը ընթացքում է եւ Դուք խնդիրներ ունեք:
– Ամենեւին էլ ոչ: Ապատեղեկատվություն է: Օրեր առաջ ոստիկանությունում էի: Թաղամասային տեսուչ, լեյտենանտ Սայադյանը հայտնեց, որ Մկրտչյանին ինչպես գրավոր, այնպես էլ նրա հետաքրքրական զանգին պատասխանել են՝ «Ձեր հայտարարությունը թողել ենք անհետեւանք՝ հանցակազմի բացակայության հիմքով», եւ քանի որ դեռ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը չի բեկանվել, ես իրավունք ունեմ ազատ տեղաշարժվելու թատրոնում եւ որպես մարդ՝ Վարդան Մկրտչյանի որպիսությունը հարցնելու: Ամենամեծ ամոթն այն է, երբ մերօրյա իրականությունում հանրության առջեւ բացված են այլեւս Բաղրամյան 26-ի, ԱԺ-ի եւ այլ փակ դռներ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր անձնական օրինակով խրախուսում է բաց, թափանցիկ աշխատաոճը… իսկ Մայր թատրոնի տնօրենը՝ հակառակը: Մեր «միջադեպից» անմիջապես հետո նա փակել է մասնաշենքի կողային դուռը, որով ներս եմ մտել: Ասում են՝ առաջիկայում քարապատելու է: Ծառայողական մուտքի մոտ արդեն արգելափակոց է դրել, ավելացրել տեսախցիկները, ստեղծել փակ կառույց, որտեղ «հավքն իր թեւով, օձն իր պորտով դեսն էկած չի»: Ինքը գոհ է, բայց կա նաեւ մեկտեղված կարծիք. «Չօրհնվեր էն սհաթը, երբ Վարդան Մկրտչյանի ոտը մեր լիս թատրոնը մտավ»:
Ումից եւ ինչու է վախենում, երբ ինքնավստահության ավելցուկ ունեցող տնօրենը Մայր թատրոնը «դարձնելու է մրցակցային, Հայաստանի թատերական աշխարհի կամերտոն»: Հարց է ծագում. ինչո՞վ՝ գեղագիտությա՞մբ, թե՞ քիմքային «նորություններով»: Որ ի՞նչ: Ցույց տա, որ ինքը աշխատել-արարելու ծարա՞վ է, թե՞…
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
04.12.2018