Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերն ու հավատարմությունը բացատրություն չունեն»

Դեկտեմբեր 05,2018 13:00

Նա տնից հեռանալ չի սիրում, իսկ իր տունը համարում է Համազգային թատրոնը: Դերասանուհի Տաթեւ Ղազարյանը խոսեց թատերական ու տեսախցիկային իր կյանքի մասին: Սերը ու սիրելը ամենալավն են բնութագրում դերասանուհուն. նա իր գործը սիրով է անում:

– Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ ընդունվելիս ընտրել եք դերասանական բաժինը. ինչպե՞ս կողմնորոշվեցիք, որ պետք է դերասան դառնաք:

– Իմ դեպքում որեւէ այլ տարբերակ չի եղել, քանի որ մայրս դերասանուհի է, ես էլ մեծացել եմ դերասանների ընտանքում: Կարելի է ասել՝ մեծացել եմ թատրոնում: Մայրս թատրոնում փորձերի էր լինում, ես էլ դասերից հետո իր մոտ էի գնում: Դեռ այդ ժամանակներից արդեն որոշված էր, որ պետք է ընդունվեմ Թատերական ու հենց դերասանական բաժին:

– Սովորելու տարիներին եղել եք Սոս Սարգսյանի կուրսում. ի՞նչ առավելություններ տվեց դա, ի՞նչ սովորեցիք իրենից՝ նաեւ որպես մարդ, ոչ միայն որպես դերասան:

– Սոս Սարգսյանի հետ շփվելու առումով կարող եմ ասել մի բան. իրենից ինչ-որ բան սովորելու համար հատուկ դասաժամեր պետք չէին, ամեն պահը, երբ իր հետ խոսում էի, ինչ-որ նոր բան էր սովորեցնում, անգամ կենցաղային զրույց վարելիս: Իր կողքին գտնվելը երջանկություն էր: Նա ամեն ինչ կարողանում էր մի բաոով «տեղը գցել», քիչ էր մնում թուղթ վերցնեիր ու իր ասած ամեն մի բառը գրի առնեիր: Նա ասում էր, որ պետք է միշտ պայքարող ու չկոտրվող լինենք: Մենք էլ՝ իր «թոռները», հետեւում ենք այդ խորհուրդներին:

– Ձեր ընտանիքի անդամները Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ են. կարծես թե դուք էլ էնտեղ կարող էիք լինել. ինչո՞ւ ընտրեցիք Համազգային թատրոնը:

– Ես ընտրել էի Սոս Սարգսյանի ղեկավարած կուրսը, իսկ դերասանի վարպետություն առարկայի դասախոսը Դավիթ Հակոբյանն էր. իրենք Համազգային թատրոնի ներկայացուցիչներից էին:

Ուսանողական տարիներին ստացվեց այնպես, որ մի քանի մանկական ներկայացումներում սկսեցի խաղալ Համազգային թատրոնում, եւ մինչ օրս էլ այնտեղ եմ, դուրս գալու նպատակ էլ չունեմ: Դա իմ տունն է, իսկ ես տնից հեռանալ չեմ սիրում: Սերը ու հավատարմությունը բացատրություն չունեն. ես սիրում եմ իմ մորը, որովհետեւ նա իմ մայր է: Նույն կերպ էլ Համազգային թատրոնի դեպքում է:

– 2012 թվականին «Արտավազդ» մրցանակաբաշխությանը «Բլեզ» ներկայացմանը Մարիի դերակատարման համար պարգեւատրվել եք տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում…

-Յոթ տարի շարունակ մասնակցել եմ այդ նոմինացիային, ներկայացել եմ տարբեր դերերով: Միշտ էլ ինչ-որ տեղ զբաղեցնում էի, բայց առաջին տեղը զբաղեցնելը առաջին անգամ եղավ հենց Մարիի դերից հետո: Կստեմ, եթե ասեմ, որ չէի սպասում. իհարկե, մասնակցում էի՝ ինչ-որ բանի արժանանալու համար: Դա որեւէ կերպ պոզեր չի տալիս դերասանին, պարզապես քո աշխատանքի գնահատականն ես ստանում: Ինձ համար շատ թանկ մրցանակ էր դա: Զգացողություններ են, որոնք չեն բացատրվում: Պատասխանատվությունն ավելի է մեծանում, որ հանկարծ հանդիսատեսը չմտածի՝ անարժան մեկն ես: Եթե հանդիսատեսը սկսել է քեզ սիրել, ամեն կերպ պետք է արդարացնես դա:

– Դասավանդում եք Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, դասավանդման ի՞նչ մեթոդներ ունեք:

– Դասավանդման իմ մեթոդը սերն է. ես սիրում եմ իմ ուսանողներին, իսկ սերը չի կարող վատ բան ծնել: Երբեք չեմ կարող ասել, որ այս կամ այն գիտնականի մեթոդն եմ կիրառում, ինձ համար այդ մեթոդը սերն է:

– Ի՞նչն է Ձեզ դուր գալիս, եւ ի՞նչը ոչ՝ Ձեր ուսանողների մեջ. ինչպիսի՞ն է սերունդը:

– Եթե համեմատեմ մեր տարիների հետ, երբ դեռ սովետական շրջանն էր, կարող եմ ասել, որ մենք ավելի վախեցած ու սահմանափակ էինք. փոքր բաներով հարմարվում էինք: Այժմյան ուսանողներս մեծ հաշվով շատ ավելի համարձակ են, լավ գիտեն իրենց իրավունքները. սա շատ լավ է: Բայց նաեւ չեմ հավանում այն, որ իրենք երբեմն իրենց իրավունքներն ավելի լավ գիտեն, քան պարտականությունները. գնում են մինչեւ վերջ՝ երբեմն ոտնահարելով ամեն բան:

– Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ձեզ լիարժեք եք զգում միայն բեմում, իսկ տեսախցիկների առաջ՝ կամ հարմարավետ, կամ ոչ հարմարավետ, ի՞նչն է Ձեզ խանգարում տեսախցիկի առաջ:

– Չնայած նրան, որ վերջին շրջանում ավելի հաճախ եմ լինում տեսախցիկի առաջ, ամեն դեպքում դեռ նույն կարծիքին եմ: Տեսակով շատ էմոցիոնալ ու պոռթկուն եմ, ինչը թատրոնում խրախուսվում է, իսկ տեսախցիկները դա սահմանափակում են, ֆիլմերում նույնկերպ չես կարող ներկայանալ: Նույնիսկ եղել է այդպիսի մի փորձ իմ կողմից, խաղացել եմ ֆիլմում իմ էմոցիաներով, ու ընդհանրապես չեմ հավանել հետո, երբ դիտել եմ: Բայց պետք է սովորել նաեւ դրան, քանի որ ես թատրոնի եւ կինոյի դերասան եմ: «Չեմ կարող» չկա, ինքս էլ պետք է խուսափեմ այդ «հարմարավետ չլինելու» գաղափարից:

– Հաճախ եք խոսել այն մասին, որ սերիալների նկատմամբ հակակրանք ունեք. միայն հայկակա՞ն արտադրանքի մասին է խոսքը. խնդրում եմ մեկնաբանեք:

– Իմ կարծիքով՝ մեր սերիալների խնդիրը թույլ սցենարն է. հեռուստադիտողին գրավում է միտքը, լավ գաղափարը, ինչը հայկական սերիալներում չեմ տեսնում: Բայց այդ խնդիրը միայն հայկական սերիալներում չի, որ տեսնում եմ: Ամեն դեպքում, կա եւ՛ լավը, եւ՛ վատը, պարզապես սերիալը մի ուրիշ ճաշակ է, թատրոնի ու կինոյի արվեստից տարբեր: Թույլ հիմքերի վրա կառուցված շենքը շատ շուտ փլվում է:

– Ինչպես նշեցինք, դերասանների ընտանիքից եք. հե՞շտ է մայրիկի, քույրիկի հետ կոլեգա լինելը, իրար թերությունների մասին ասո՞ւմ եք միմյանց. պատմեք մի փոքր:

– Իհարկե, ասում ենք, դա շատ կարեւոր է: Ես այնքան շատ եմ սիրում նրանց, որ չեմ կարող տեսնել որեւէ թերություն ու չասել՝ իմանալով, որ կարող եմ ասել, ու դա շտկվի: Օտարը կարող է ասել պարզապես ասելու համար, իսկ մենք իրար ասում ենք միմյանց լավի համար, օգնելու համար:

– Կրկնօրինակում, հնչյունավորում եք արտասահմանյան մուլտհերոսների. ինչքանո՞վ կապ ունի այդ ամենը դերասանության հետ, սիրո՞վ եք անում:

– Անշուշտ, դա բավականին սերտ կապի մեջ է դերասանության հետ: Լուրջ գործ է, եւ ես շատ ուրախ եմ, որ այդ գործով զբաղվում եմ, քանի որ խոսքի հմտությունը ինձ պետք է գալիս թե թատրոնում, թե ուսանողներիս հետ շփման մեջ: Այս գործն անելու համար միայն լավ ձայնը բավական չէ: Սիրով եմ աշխատում. առհասարակ, եթե մի բան անում եմ, ուրեմն՝ սիրով եմ անում, հակառակ դեպքում գործատուին էլ «ձեռք չեմ տա»՝ գործը չձախողելու համար:

– Ինչպե՞ս եք վերաբերվում մասնագիտությամբ ոչ դերասանների ներկայությանը ոլորտում, արդյո՞ք նրանք լավ դերասան կարող են լինել:

– Չեմ բացառում, իհարկե, կան մարդիկ, որ չունեն դերասանի կրթություն, բայց լավ են անում այդ գործը: Պարզապես այսօր շատերը քնից արթնանում ու որոշում են, որ իրենք կարող են դերասան լինել. էլ ինչո՞ւ էինք մենք էդպես անքուն գիշերներով սովորում, ո՞վ ենք մենք այդ դեպքում:

– Ասում են՝ ճաշակ չես կարող թելադրել. այդ դեպքում ո՞րն է թատերական կամ կինոյի ճաշակը, ո՞րն է ճաշակով ֆիլմը կամ ներկայացումը:

– Ինչպես Սոս Սարգսյանն էր ասում՝ ճաշակը չափի զգացողությունն է, երբ մի փոքր շատ ես աջ կամ ձախ գնում, արդեն համը անցնում է:

Զրուցեց ԱՐՓԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ,

04.12.2018 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել