Aravot.am-ի հետ զրույցում՝ խոսելով քաղաքականության մեջ և, մասնավորապես ընտրական գործընթացներում կնոջ դերի մասին, «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանը նշեց. «Նման հարց ծագում է Հայաստանում, որովհետեւ մեր երկրում պատրիարխալ հասարակություն է, մինչդեռ ԱՄՆ-ում չէր ծագի, որովհետեւ այնտեղ քաղաքականության մեջ եւ ընտրական գործընթացներում կին-տղամարդ սահմանները ջնջվում են, հաշվի են առնվում այլ չափորոշիչներ՝ մասնագիտական կրթությունը, փորձը, քաղաքացիական ակտիվությունը, քաղաքական գործընթացներին մասնակցելը»:
Նրա ձեւակերպմամբ, քանի դեռ Հայաստանում հասարակությունը պատրաստ չէ ամբողջովին ընկալել կնոջ իրավունքները, անընդհատ նման հարցեր են ծնվելու. «Դրա արտահայտությունը հենց այն փաստն է, որ հատուկ կետ ունենք օրենսդրական, որ կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում պետք է պահպանի գոնե 30%-ի շեմը»:
Հարցրինք՝ իր կարծիքով հավասար պայմաններո՞ւմ են քարոզարշավ իրականացնում քաղաքական ուժերը: «Իհարկե ոչ, թեեւ աննախադեպ հնարավորություն ունենք արդար եւ թափանցիկ ընտրությունների, եւ մենք տեսնում ենք, որ դրա համար արվում է շատ բան: Այսինքն` ի սկզբանե ամեն ինչ որոշված չէ, ինչպես նախկինում, եւ մենք այժմ կարող ենք մասնակցել ընտրությունների, մինչդեռ նախկինում չէինք կարող, որովհետեւ շատ լավ հասկանում էինք, որ ընտրություններին մասնակցելով ոչինչ չես կարող փոխել:
Բայց ամենամեծ թերությունն այն է, որ նույնիսկ այս քարոզարշավը կախված է կախված է ֆինանսների առկայությունից: Ամենուր հսկայական պաստառներ են, իսկ մեր պաստառները չեք տեսնի: Դրանք շատ մեծ գումարների հետ են կապված, եթե հաշվարկեք այդ գումարը, մոտավորապես $300000-$1000000 է կազմում:
Դա բավականին մեծ թիվ է, եւ ես կարծում եմ, որ մենք նորից քաղաքական, ընտրական գործընթացը մեծ կախման մեջ ենք դնում ֆինանսներից ու առաջնահերթ տեղ ենք տալիս օլիգարխիկ կուսակցություններին, որոնք ունեն ֆինանսական մեծ հնարավորություններ:Մինչդեռ քաղաքական դաշտում պետք է լինեն հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների համար»:
Նա անդրադարձավ անվճար րոպեներին եւ ընտրագրավին, որը որակեց հսկայական գումար. «Մենք օրենսդրական նախաձեռնություն ունենք, որ իջեցնենք ընտրագրավը մինչեւ երկու միլիոն դրամ գումար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան էջից: