Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է կրկնվում 128 տարվա կուսակցության նախընտրական ծրագիրը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2018 20:03

Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագիրը նույնն է, ինչ նախորդ խորհրդարանական ընտրություններին էր:

Ինչո՞ւ է ՀՅԴ-ի ծրագիրը կրկնվում, արդյոք այս ուժի համար իրողություն չի՞ փոխվել, նոր մարտահրավերներ չկա՞ն, որ ՀՅԴ-ն ծրագրային մոտեցումները չի փոխել: Այս մասին Aravot.am-ը հետաքրքրվեց ՀՅԴ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված Արծվիկ Մինասյանից:

128 տարվա քաղաքական այս ուժի ներկայացուցիչը՝ Արծվիկ Մինասյանը ի պատասխան մեր հարցերի ասաց. «Դաշնակցությունը, որպես ազգային սոցիալիստական ժողովրդավարական ուժ, բնականաբար, ունի ստանդարտներ, ինչպես որ աշխարհի շատ երկրներում այսպիսի աշխարհայացք ունեցող քաղաքական ուժերն ունեն իրենց մոտեցումները, անկախ նրանից, թե ինչ իշխանություն է»:

Ապա` Մինասյանը մանրամասնեց՝ «Եթե մենք խոսում ենք տնտեսական կյանքում պետության ակտիվ դերակատարության մասին, կապ չունի ինչ իշխանություն է, պետությունն ի դեմս կառավարության, պետք է ակտիվորեն միջամտի տնտեսությանը, ի տարբերություն լիբերալների կամ ազատականների, որոնք պետության դերը փոքրացնում են: Դա նշանակում է նաեւ, որ մնացած բոլոր ուղղություններով՝ տնտեսական քաղաքականության, ակնկալվում է, որ այս ծրագրին համապատասխան կառավարությունը թե՛ աշխատատեղերի ստեղծման համար կկրի ուղիղ պատասխանատվություն, թե՛ սոցիալական կյանքի՝  կրթությունից սկսած, կենսաթոշակներով ավարտած»:

Դաշնակցության ծրագրում, ի դեպ, առանձին խորագրով՝ «Պատասխանատու պետություն եւ ակտիվ տնտեսական քաղաքականություն» ներկայացվում են ՀՅԴ-ի առաջարկներն այդ ուղղությամբ:

Մինասյանը շարունակեց՝ ծրագրային դրույթներից է նաեւ խորհրդարանական երկրին հարիր նոր կառավարման համակարգի ստեղծումը. «2015 թվականին ունեցանք սահմանադրական փոփոխություններ, բայց ցավոք, առ այսօր չունենք դա լիարժեք ապահովող օրենսդրությունը: Օրենսդրական բարեփոխումները, որոնք կբերեն սուպերվարչապետական համակարգի վերացմանը, նախարարների անհատական պատասխանատվության ինստիտուտի  ներդրմանը, կաբինետի հաշվետվողականությանը՝ հանրության եւ խորհրդարանի առաջ: Եվ կոնկրետ չափվող ցուցանիշներով»:

Արծվիկ Մինասյանը առանձնացրեց նաեւ տեղական ինքնակառավարման մարմիները, նկատելով՝ ՏԻՄ համակարգի դերի արժեւորում այնքան չունենք. «ՏԻՄ-երը բացարձակ օգտակար դեր չեն խաղում: ՏԻՄ-երը պետք է ուժեղանան, պետք է կառավարման ապակենտրոնացումը ներթափանցի երկրի ներսում: Հակառակ դեպքում մենք ունենում ենք իշխանություն, որը թելադրում է ՏԻՄ-երին, որոնք չունենալով անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ,  կարողություններ, մշտապես գտնվում են կենտրոնական իշխանության ճնշման տակ: Սա պետք է փոխվի»:

Մինասյանն այն կարծիքի է, որ լուրջ վերանայման կարիք ունի համայնքների խոշորացման ծրագիրը. «Սա  շատ բնակավայրերում իր արդյունավետությունը չի փաստել: Եվ քանի դեռ չէինք տեսել փորձնականի վրա դրական արդյունքները, չպետք է  տարածեինք: Հիմա լավ է, որ կասեցված է: Լավ կլինի վերանայվի ամբողջ մոդելը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ Արծվիկ Մինասյանի, օրենսդրական նոր նախաձեռնություն է հարկավոր գյուղատնտեսության համար. «Սկսած հողի մշակումից, թե՝ ինչ մշակաբույս պետք է  տվյալ տարածքում մշակվի, ավարտած բերքի իրացմամբ: Մի ամբողջական շղթա պետք է լինի, որի պատասխանատուն կառավարությունը պետք է լինի»:

Aravot.am-ի հարցին՝ Դաշնակցության այս նախընտրական ծրագիրը ծավալուն չէ, մոտ 10 էջ, որտեղ կան առաջարկություններ, սակայն, թե դրանք ինչպես պետք է իրականացվեն, ոչինչ չկա գրված, ինչո՞ւ մեխանիզմները ներկայացված չեն ծրագրում, Մինասյանը պատասխանեց. «Եթե դուք ծանոթանաք սոցիալ-տնտեսական մեծ ծրագրին, որը հրապարակված չէ, մանրամասն, հստակ մեխանիզմները նկարագրված են: Դրանք տեսական մեխանիզմներ են, որ դեռեւս պետք է փորձարկում անցնեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իսկական պատճառները՝
    . Պարզ է թէ նոր ծրագիր մշակելը ժամանակի մսխում պիտի հանդիսանար միայն:
    . Ամէն պարագայի, տուեալ պայմաննհերուն մէջ, ժամանակ ալ չկար, քանզի այս կուսակցութեան պարագային, լուրջ, բարդ ու երկար գործընթաց է այդ:
    . Երբ որ նախկին ծրագրէն ոչ մի հիմնական բան կարելի չէ եղած իրականացնել, ինչո՞ւ նորը խմբագրել:
    . Մի քանի լրագրողներէ եւ մի քանի հատ ալ քաղաքացիներէ զատ, ձեր այդ երկրին մէջ ոչ ոք հետաքրքրուած է նախընտրական ծրագիրներով, ոչ ալ ընդհանրապէս բովանդակալից նիւթերով: Առաջ, հետաքրքրուած էին ընտրակաշառքով, հիմա ալ խոր ուշադրութեամբ բաղդատում են թէ ով աւելի լաւ հայհոյել գիտէ, որուն մորուքը միւսինէն սիրուն է, ու պրծաւ: Քուէն կու տան, ու կը շարունակեն գանգատիլ, լալ, ու ողբալ:

    Գիտէք, յաջողած էք արդէն 128 տարիներւ կուսակցութիւնը փճացնել, քանդել ու խորտակել, ձեր այդ երկրին մէջ, պրավո: Դեռ յաւելեալ հարուածներու կարիքը չկայ իսկապէս: Ձեր նորագոյն գերագոյն ղեկավարի սիրուն լեզուով՝ գետնի դիակին դեռ ոտքերով կիցեր տալը ի՞նչ իմաստ ունի: Բայց ով գիտէ, թերեւս այդ ալ հաճոյքի տեսակ մըն է, հարաւային Կովկասի մէջ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31