Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար իրականացվող ծրագրի ընթացքում արձանագրվել են չարաշահումներ

Դեկտեմբեր 04,2018 19:12

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար իրականացվող ծրագրի ընթացքում առերևույթ չարաշահումների, պետության միջոցների ոչ արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ չարաշահումներ թույլ տված անձանց շրջանակը հստակեցնելու  ուղղությամբ։

Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի  պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է 2018 թվականի ապրիլին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ 2018 թվականի ապրիլի 10-ին քրեական գործն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում, որը նույն օրը վարույթ է ընդունվել, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ քրեական գործի հարուցման հիմք հանդիսացած նախնական տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Քննության տվյալներով՝ սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար ՀՀ կառավարության 2006թ. թիվ 613-Ն որոշմամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հաջորդող տարիներին ընդունված այլ որոշումներով հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժական մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի չափով կազմակերպել նպատակային ընդունելություն:

Համաձայն կարգի`  նպատակային ընդունելության դիմորդների անվանացանկը մարզպետի վերահաստատմամբ ներկայացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որտեղ անձնակազմի կառավարման վարչությունը՝ հայտերի փաթեթը ուսումնասիրում, համադրում է դպրոցների համակազմի բազայի հետ: Համալսարանի, ուսանողների և դպրոցների միջև կնքվում են պայմանագրեր՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի նպատակային ընդունելության յուրաքանչյուր տարվա ընթացակարգերը հաստատելու հրամանները: Ըստ այդմ՝ ուսանողները պարտավորվում են, ուսումնառության ավարտից հետո երեք տարի աշխատել նպատակային ընդունելության հայտ ներկայացրած դպրոցում, աշխատելուց հրաժարվելու դեպքում փոխհատուցել ուսումնառության համար սահմանված և պետության կողմից վճարված վարձավճարն ամբողջությամբ, իսկ Համալսարանը պարտավորվում է դիպլոմ տրամադրել միայն ուսանողի ուսումնառության ավարտից հետո նպատակային ընդունելության հայտ ներկայացրած դպրոցում եռամյա մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի հիման վրա:

Նախնական քննության տվյալներով՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատասխանատու պաշտոնատար անձինք մի շարք դեպքերում նպատակային ընդունված ուսանողներին դիպլոմները տրամադրել են ուսումնառության ավարտից անմիջապես հետո՝ անտեսելով կողմերի միջև կնքված պայմանագրերի պահանջները։ Արդյունքում՝ 2010թ. ուսումնառությունն ավարտած շրջանավարտներից 20-ը չեն աշխատել ուղեգրած դպրոցներում, ինչպես նաև չեն հատուցել պետական բյուջեից կատարված ծախսը, իսկ Համալսարանը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել՝ դատական կարգով այն վերականգնելու համար՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ  որոշ դեպքերում դպրոցի ղեկավար պաշտոնատար անձն է հրաժարվել շրջանավարտին աշխատանքի ընդունել՝  պահանջվող առարկայի համար դիմորդի մասնագիտական անվանական հայտ ներկայացրած լինելու պայմաններում՝ այլևս պահանջ չլինելու պատճառաբանությամբ: Համալսարանի կողմից դպրոցի դեմ գումարի բռնագանձման հայցեր են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են, սակայն ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից անհիմն հետ են վերցվել՝ այդպիսով էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում, ի թիվս բազմաթիվ  քննչական և դատավարական այլ գործողությունների, հարցաքննվել են բազմաթիվ անձինք՝ ներառյալ համալսարանի ռեկտորը, պրոռեկտորները, իրավաբանական բաժնի աշխատակիցները,  ՀՀ ԿԳՆ և մարզպետարանների աշխատակիցները, նպատակային ուսուցման ծրագրի շրջանակներում ուսում ստացած  և պարտավորությունները չկատարած ուսանողները, նրանց ծնողները:

Նկատի ունենալով, որ կատարվող քննչական գործողությունները փորձ է արվել անհարկի քաղաքական շահարկման առարկա դարձնել՝ պարզաբանում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Երևան քաղաքի քննչական վարչություն հարցաքննության է հրավիրվել նշված քրեական գործի շրջանակներում։ Ավելին՝ նա հարցաքննվել է մի քանի անգամ՝ 2018 թվականի հուլիս և սեպտեմբեր ամիսներին, բացի այդ,  կատարվել է նաև առերես հարցաքննություն։ Քրեական գործով անհրաժեշտությունն առաջանալու կապակցությամբ Ա.Աշոտյանը հերթական անգամ հարցաքննության էր հրավիրվել նոյեմբերի 20-ին, սակայն ներկայացել է իր կողմից առավել նախընտրելի համարված օրը՝ նոյեմբերի 28-ին, ինչի շահարկումը տեղին չէ։

Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաքննությունը շարունակվում է, և ձեռք բերված ապացույցների համակցությամբ կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31