ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ՝ ՍԴ ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար միջնորդություն են ներկայացրել: Նշենք, որ Քոչարյանին այդ հոդվածով է մեղադրանք առաջադրվել:
Մեկ այլ միջնորդությամբ պաշտպանական կողմը խնդրել է դատարանին հետազոտել Վճռաբեկ դատարանում ներկայացված տեսանյութը, որում, ըստ նրանց, երեւում է, թե ինչպես է ցուցարարներից մեկը Մարտի 1-ին կրակում:
«Պետք է նայենք դատարանում, որոշ մեկնաբանություններ անենք եւ տեսնենք, թե մյուս կողմը ինչպես է մեկնաբանում»,- ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ, եթե ոչ այսօր, ապա հաջորդ նիստին քննությունը կմոտենա ավարտին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ