Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունիում էլ Գագիկ Ծառուկյանին համբույրներով պատեցին, տասնյակ նամակներ հանձնեցին

Դեկտեմբեր 04,2018 17:49

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Մարտունիում էր: Մինչ բեմ բարձրանալն ու տնտեսության վերաբերյալ իր տեսլականը ներկայացնելը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շփվեց քարոզարշավի եկած քաղաքացիների հետ: Նրանք գրկախառնվեցին Գագիկ Ծառուկյանի հետ, համբուրեցին ու նրան նամակներ փոխանցեցին:

«Բարգավաճի» ծրագրերը Մարտունիում ներկայացրեց ԲՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Սողոմոն Սողոմոնյանը: Ասաց, որ շատ բան են ուզել անել այս տարածաշրջանի, մասնավորապես՝ Մարտունիի համար, սակայն չի հաջողվել, քանի որ նախկին իշխանությունների հետ մշտապես խնդիրներ են ունեցել. «Ժողովուրդ ջան, լինելով «Բարգավաճ», շատ ժամանակ նրանք մեզ նախանձել են, չեն ուզել, որ գործ անենք, Մարտունին համարվել է հանրապետականների շրջան: Ծառուկյանը միշտ էլ ցանկություն է ունեցել ժողովրդին օգնել, մեր կողքին լինել, սակայն մենք գիտենք ինչպես է եղել: Բայց, ինչպես ասում են, ժամանակները փոխվել են, եւ այսօր մենք ազատ ենք, կարող ենք մեր ծրագրերն իրականացնել: Ամեն մեկս ուզում ենք Մարտունու համար, մեր տարածաշրջանի համար մի փոքրիկ մաս ունենալ»:

Նրա խոսքով, այսօր մարզում թիվ մեկ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է:

ԲՀԿ-ի քարոզարշավին բեմում Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնել էր Վրաստանից եկած մի պատգամավոր: Նա իր ելույթում ասաց, որ Վրաստանն ու Հայաստանը այնպիսի աշխարհագրական դիրքում են գտնվում, որ պետք է միմյանց օգնեն եւ բացի տնտեսական, առեւտրային կապեր զարգացնելուց, քաղաքական առումով էլ թեւ ու թիկունք լինեն: Վրաստանի պատգամավորն ու Գագիկ Ծառուկյանը մտադիր են վրացական Ռուսթավի քաղաքն ու Մարտունին եղբայր քաղաքներ հռչակել: Այս մասին կողմերը հայտարարեցին քարոզարշավի ժամանակ:

Գագիկ Ծառուկյանը Մարտունիում էլ ասաց, որ իր «խոսքը գործ» է, ինչ-որ ասում է՝ տեր է: Նա, ինչպես բոլոր մնացած բնակավայրերում, որտեղ նախընտրական քարոզարշավ է իրականացրել, այստեղ էլ բարձրացրեց բանկային համակարգի վարկային քաղաքականության անարդյունավետության խնդիրը:

Ծառուկյանի խոսքով, «ժողովրդի համար վարկերը գլխացավանք են դարձել»:

«Մարդը 10-12 տոկոսով վարկ է վերցնում, բայց իր տարեկան շահույթը կազմում է 5 տոկոս: Ինչը նորմալ չէ:

Սերմացու, պարարտանյութ վառելիք գնելու համար գյուղացուն պիտի գարնանը 2 տոկոսով գյուղատնտեսական վարկ տրամադրեն, որ մարդիկ կարողանան սկսել վարել, ցանել»,-իր պատկերացումները մարտունեցիներին ներկայացրեց ԲՀԿ առաջնորդը: Ծառուկյանի հաշվարկներով, այդ դեպքում գյուղացին կարող է ամսական վճարումները նորմալ կատարել, բայց 24-25 տոկոս վարկի դեպքում մեծ գումարներ են ստացվում, եւ գյուղացու համար վարկի մարումը խնդիր է դառնում:

Գագիկ Ծառուկյանը առողջապահության պետպատվերով բուժման համակարգին էլ քննադատեց, ասաց, որ պետպատվերով բուժումն իրեն չի արդարացնում, որովհետեւ մարդիկ դրա արդյունավետությունը չեն զգում. «Պետպատվերի գումարը պետք է վաուչերի տեսքով տրվի սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին, որպեսզի բուժհիմնարկները չկարողանան ասել պետպատվերը վերջացել է»:

Գագիկ Ծառուկյանի կարծիքով, ներդրողները պետք է ոչ թե հանուն ընկերության մեր երկրում բիզնես դնեն, այլ երկիրն ինքը հիսուն-հարյուր առաջարկից ընտրություն կատարի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31