Թուրքիայի Կայսերի քաղաքի հանրապետական դատախազության վարույթում գտնվող քրեական գործով 29 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել։ Հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող Ֆեթհուլլահական խմբավորման (FETÖ/PDY) դեմ տարվող գործով կակածյալների հայտնաբերման նպատակով հատուկ գործողություններ են կազմակերպվել։ Կայսերիի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Կայսերիում, Անկարայում, Ադանայում, Էսքիշեհիրում, Իզմիրում, Մուղլայում և Մարդինում նախապես բացահայտված հասցեներում միաժամանակյա գործողություններ են իրականացրել։ Արդյունքում ձերբակալվել է 20 մարդ, ևս 9 անձ որոնվում է։
Նմանատիպ գործողություններ են իրականացրել նաև Կայսերիի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները Թուրքիայի 13 նահանգներում։ Այս գործողության ընթացքում հայտնաբերվել և ձերբակալվել են որոնվող 39 անձանցից 31-ը։
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունն էլ ձերբակալման որոշում է կայացրել FETÖ-ի հաղորդակցման միջոց համարվող «Bylock» բջջային հավելվածից օգտվելու մեջ մեղադրվող 10 անձի վերաբերյալ։ Կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել են նրանցից 7-ը։
Ստամբուլում ևս գլխավոր հանրապետական դատախազության որոշմամբ հատուկ գործողություններ են իրականացվել՝ FETÖ-ի հետ կապի մեջ կասկածվող 96 անձի բերման ենթարկելու նպատակով։ դեկտեմբերի 4-ի առավոտյան իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 55 անձ։
FETÖ-ի ենթադրյալ դաշնակիցների բացահայտման ուղղությամբ գործողություններ են կազմակերպվել նաև Քոջաելիի հանրապետական դատախազության որոշմամբ։ Գործով 13 կասկածյալի հայտնաբերման նպատակով Քոջաելիում, Ստամբուլում, Անկարայում և այլ նահանգներում գործողություններ են իրականացվել։
Հայտնի է, որ բոլոր այս գործողությունների ընթացքում որոնվող կամ հայտնաբերված անձանց մեծ մասը նախկին կամ ներկա զինվորականներ են։
Աղբյուր` Ermenihaber/odatv.com