Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած «Հայք» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Հրաչյա Սարգսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդգրկվել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանի ղեկավարած Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակում: Նաեւ, վարկանիշային ընտրակարգով առաջադրվել է Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում:
Aravot.am-ի հետ զրույցում Հրաչյա Սարգսյանը նախ հիմնավորեց, թե ինչո՞ւ է ընտրել ՔԺՎ-ն: Ըստ այդմ, երեսնամյա պատմություն ունեցող իր քաղաքական ճանապարհը միշտ եղել է այն արժեհամակարգում`ազգային պահպանողական արժեքներ, մշակութային, քաղաքակրթական արժեքներ, սոցիալական շուկայական տնտեսակարգի ամրագրում եւ այլն, ինչն այսօր առաջ է մղում ՔԺՎ-ը:
Հրաչյա Սարգսյանը համոզված է` արդարություն`առանց սոցիալական շուկայական տնտեսական համակարգի, հնարավոր չէ: Իսկ դա նշանակում է, որ պետությունն իր կարգավորիչ դերը պետք է լիուլի օգտագործի, իսկ հայաստանյան բարձիթողի իրավիճակում, ըստ ԱՎԾ-ի 37 տոկոս աղքատությունը հաղթահարելու այսօր դա միակ եւ հիմնական լուծումն է: Թավշյա հեղափոխությունից հետո անընդհատ խոսվում է խոշոր ներդրումների ներգրավման մասին: Մեր զրուցակիցը վստահ է` ներդրողը, անկախ նրանից, նա կլինի մեր հայրենակից, թե օտարերկրյա, Հայաստան կգա միայն մեկ դեպքում, երբ վստահ լինեն, որ իրենց ներդրումները Հայաստանում կվերարտադրվեն եւ կվերադարձվեն:
Հրաչյա Սարգսյանից հետաքրքրվեցինք` կարողանո՞ւմ է ծրագրային պայքար մղել մի ընտրատարածքում, որտեղ թաղային հեղինակությունների դերն ու կշիռը շատ մեծ է: Ի դեպ, այդ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աներորդին`Հրաչ Հակոբյանը: Մեր զրուցակիցն ասաց, որ թաղային հեղինակությունների`ընտրապայքարին խառնվելու ահազանգեր չի ստացել: Բայց հավելեց, որ իշխող ուժի թեկնածուների կողմից էլ ծրագրային պայքար չի տեսել:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ