Դեկտեմբերի 4-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունեց Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության պատվիրակությանը։
Պատվիրակության ղեկավար պարոն Զլատկո Վույովիչը նախ արձանագրեց, որ նախկինում ENEMO-ի դիտորդական հայտը մերժվել էր ՀՀ կողմից, և ողջունեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրական գործընթացում իրենց դիտորդական առաքելության ներգրավումը։ Նա նաև ընդգծեց, որ ի տարբերություն անցած խորհրդարանական ընտրությունների, ընտրական գործընթացներում ներգրավված հաստատությունները և հատկապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ունենալով նույն կազմը և գործելով նույն օրենսդրական կարգավորումների պայմաններում, դրսևորում են բացարձակ այլ որակի գործունեություն՝ առավել բաց են, անկախ և թափանցիկ։ Պատվիրակության անդամները նախընտրական քարոզարշավի ընթացքը բնորոշեցին հանգիստ։ Պարոն Վույովիչը տեղեկացրեց, որ ENEMO-ի միջանկյալ զեկույցը հանրությանը կներկայացվի արդեն այսօր։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ ՀՀ իշխանություններն ունեն հաստատուն կամք ինչպես կանխելու, այնպես էլ բացահայտելու ընտրակաշառքի կամ ընտրական այլ խախտումների դրսևորումները։ Միաժամանակ, Արարատ Միրզոյանը կարևորեց, որ իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում պետք է լինեն տեղերում անցյալ անպատվաբեր գործելակերպի հնարավոր դրսևորումները բացառելու հարցերը։
Պատվիրակության անդամների հարցին ի պատասխան՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ կառավարության կողմից մշակված Ընտրական օրենսգրքի այն փոփոխություններին, որոնք միտված էին առավել ժողովրդավարական ու ընտրապայքարի մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելուն, քաղաքական բազմակարծության երաշխիքների ամրապնդմանը և այլն։ Պարոն Միրզոյանը նշեց, որ ընտրվելու դեպքում, այդ փոփոխությունների իրականացումը շարունակելու է մնալ իր քաղաքական ուժի առաջնահերթությունների շարքում։
Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցն առաջին անգամ է դիտորդական առաքելություն իրականացնում Հայաստանում: Իր գործունեությունը Հայաստանում ENEMO-ն սկսել է սույն թվականի նոյեմբերի սկզբին, և դիտորդական առաքելությունը երկրում կմնա ընտրություններից հետո ևս վեց շաբաթ՝ մեկնելով Հայաստանից 2019 թ. հունվարի կեսերին:
ՀՀ կառավարություն