Խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով, որպես պատգամավորի թեկնածու, թիվ 4 ընտրատարածքում /Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններ/ առաջադրվել է արվեստաբան, արվեստի և մշակույթի քաղաքականություն ոլորտի մենեջեր Սոնա Հարությունյանը։
«Առավոտը» հետաքրքրվեց`ինչո՞ւ է Սոնա Հարությունյանը որոշել մշակույթի ոլորտից տեղափոխվել քաղաքականություն, խորհրդարան և ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքի արդյունավետությունը օրենսդիր մարմնում։ «Առանց ավելորդ համեստության ուզում եմ նշել ամենակարևոր պատճառը, որն ինձ «ստիպել» է գործունեությունս տեղափոխել ԱԺ, լինելով արվեստի ու մշակույթի ոլորտի քաղաքականությամբ մտահոգ քաղաքացի, ես տիրապետում եմ մշակույթի ոլորտի և´ պետական կառավարման համակարգի, և´ մասնավոր սեկտորի առանձնահատկություններին ու խնդիրներին։ Համագործակցելով արտերկրում գործող բազմաթիվ համապատասխան կառույցների հետ և ուսումնասիրելով միջազգային փորձը՝ քաջածանոթ եմ հայաստանյան դաշտում առկա խնդիրներին և գիտակցում եմ դրանց հրատապ լուծման անհրաժեշտությունը»,- ասաց մեր զրուցակիցը։
Սոնա Հարությունյանը ծնվել է արվեստագետների ընտանիքում և մշտապես ներկա եղել իրենց տանը հյուրընկալվող մշակույթի ոլորտի մարդկանց զրույցներին, քննարկումներին։ Սակայն ոլորտի հետ ամենապատասխանատու առնչությունը եղել են դպրոցն ավարտելուց հետո Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում աշխատելու տարիներին։ Ապա ընդունվել է Երևանի Ազատ Հումանիտար համալսարանի Արվեստաբանության բաժին։ Այստեղ երկու տարի ուսանելուց հետո տեղափոխվել է Գերմանիա և ուսումը շարունակել Ֆրայբուրգի Ալբերտ-Լյուդվիգ համալսարանի Արվեստի պատմության բաժնում։ Մագիստրոսական թեզի թեման եղել է «Վարդգես Սուրենյանց. Հայ պատմանկարչության հիմնադիր», իսկ դոկտորականը՝«Ազգային ինքնությունը հայ գեղանկարչության մեջ. Մինաս և Նարեկ Ավետիսյաններ»։
2006թ. վերադարձել է Հայաստան, առաջարկ ստացել աշխատելու ՀՀ մշակույթի նախարարությունում՝ նախ որպես նախարարի խորհրդական, ապա Ժամանակակից արվեստի վարչության պետ։ Արվեստաբանը, որն ավելի շատ իրեն համարում է արվեստի մենեջեր, արվեստի քաղաքականությամբ զբաղվող մարդ, 2012թ. ՀՀ մշակույթի նախարարին է ներկայացրել համակարգի գործունեության վերաբերյալ իր պատկերացումները և, համաձայնության չգալով ոլորտի գլխավոր պատասխանատուի հետ, ազատվել է աշխատանքից։ Քանի որ, իր բնորոշմամբ՝ աշխատանքն արդյունավետ չէր լինի։
«Այդ տարիներն ինձ համար դարձան պետական կառավարման ոլորտում լավագույն փորձառությունը։ Այդ ընթացքում ամենակարևորը, որ հասկացա, այն էր, որ մեր պետությունում չկան մասնավոր կառույցներ, որոնք կնպաստեն կերպարվեստի ոլորտի զարգացմանը։ Այդ ժամանակ էլ հիմնեցի «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը, որը մինչև այսօր բազմաթիվ նախագծեր է իրականացրել, զգալի մասը Գերմանիայում։ Կազմակերպության նպատակն է օժանդակել միջմշակութային փոխանակումների գործընթացին և երկխոսություն ձևավորել հայ և օտարազգի արվեստագետների միջև»,- ասում է մեր զրուցակիցը։
Սոնա Հարությունյանի կարծիքով՝ Խորհրդային միության փլուզումից հետո այսօր Հայաստանի մշակութային ոլորտի արդիականացման համար որևէ բան չի արվել։ Ավելի պատկերավոր բնորոշմամբ. «Մենք փորձում ենք հին և մաշված մեքենան աշխատեցնել նոր վառելանյութով, բայց դա հնարավոր չէ, պետք է նախ մեքենան փոխվի՝ իզուր վառելանյութ չվատնելու համար։ Մենք իզուր վատնում ենք մեր ուժերը և էներգիան, որովհետև փորձում ենք արհեստական շնչառություն տալ, այնինչ «մեքենան» դրանով մի քանի վայրկյան կարող է աշխատել, հետո կանգնել նույն խնդիրների առաջ»։
Սոնա Հարությունյանը վստահ է, որ մշակույթի ոլորտում այսօր պետության առաջնային խնդիրը պետք է լինի մշակութային քաղաքականության մշակումը կամ ձևավորումը. «Իմ կարծիքով, մշակութային քաղաքականության ձևավորման առաջին քայլը պետք է լինի օրենսդրական դաշտի կարգավորումը։ Օրենսդրական դաշտի բացակայությունը ոլորտի գլխավոր բացթողումն է, այդ պատճառով է այսօր ստեղծվել այս իրավիճակը։ Պակաս կարևոր չէ նաև մշակույթի և արվեստի ոլորտների ֆինանսավորման նոր մոդելի հրատապ մշակումը։ Մյուս կարևորագույն քայլը, որ կնպաստի այսօրվա հասարակության կրթական մակարդակի բարձրացմանը և արժեհամակարգի ձևավորմանը, դա կրթության և մշակույթի ոլորտների փոխգործակցությունն է։ Մշակութային կրթությունը պետք է սկսել դեռ մանկապարտեզից։ Իսկ մշակութային հաստատությունները պետք է սերտ համագործակցեն միմյանց և տվյալ ոլորտների ստեղծագործական միությունների հետ»։
Պատգամավոր ընտրվելու դեպքում Սոնա Հարությունյանի կարևոր քայլերից մեկն էլ լինելու է մարզերում մշակույթի հասանելիության ապահովումը։ Ըստ նրա, մայրաքաղաքը պետք է դադարի լինել մշակույթի կենտրոն։ Ի դեպ, արտերկրում նույնիսկ ավանատիպ քաղաքներն են հայտնի այս կամ այն փառատոներով, ինչն իր հերթին նպաստում է այլ ոլորտների զարգացմանը ևս։ Նա վստահ է՝ մեր երկրում պետք է վերջ տրվի մշակույթի ապակենտրոնացմանը, այն պետք է հասանելի լինի յուրաքանչյուր մարզերի, յուրաքանչյուր գյուղի։ «Սահմանամերձ շրջանները մշակութային կենտրոնների վերածելը ինքնանպատակ չէ, մշակույթի միջոցով հնարավոր է լուծել նույնիսկ քաղաքական շատ խնդիրներ։ Օրինակ, մենք մտադիր ենք Մեղրիում ստեղծել ժամանակակից արվեստի կենտրոն, դրանով մենք հնարավորություն ենք ստեղծում երեք պետությունների՝ Հայաստան, Արցախ, Իրան համախմբվել և կարևոր քայլ կատարել ժամանակակից արվեստի ներկայացման ու զարգացման ուղղությամբ»,- մանրամասնեց Սոնա Հարությունյանը։
Նա վստահ է, որ 21-րդ դարում մշակույթի ոլորտի զարգացման կարևորագույն խթանը ժամանակակից արվեստի զարգացումն է։ Օգտագործելով այդ «գործիքը», քաղաքակիրթ աշխարհում կապահովվի Հայաստանի ճանաչելիությունը և աշխարհին կներկայացվի հայ ժամանակակից արվեստը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ