Կենսաթոշակային համակարգին միացած քաղաքացիները 3-4 տարուց իրենց մասնաբաժինը կվճարեն ոչ թե 2,5 տոկոս, ինչպես որոշել էր նոր կառավարությունը, այլ՝ 5 տոկոս: Այս մասին այսօր ֆինանսների նախարարությունում հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանը: 5 տոկոս մասնակցությունը կլինի այն ժամանակ, երբ եկամտահարկի շեմը ներկայումս գործող 23 տոկոսից դառնա 20 տոկոս:
Պարոն Պողոսյանը ներկայացրեց հարկային համակարգում առաջարկվող փոփոխությունները: Ասաց, որ 2019 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի 23 տոկոս դրույքաչափը 3-4 տարիների ընթացքում աստիճանաբար կնվազի մինչեւ 20 տոկոս:
Մանրամասները՝ տեսանյութում
Առաջարկվող փոփոխություններով շրջանառության հարկի 115 միլիոն շեմն էլ կպահպանվի: Հիշեցնենք, որ մինչ այս, քննարկվում էր 115 միլիոն շեմը նվազեցնել 58,35 միլիոն դրամի, ինչը սակայն դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել:
Պարոն Պողոսյանը նաեւ հայտնեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից շահութահարկի դրույքաչափի նվազում կլինի՝ 20 տոկոսից 18 տոկոս: Այդուհանդերձ եկող տարվա հուլիսի 1-ից սպիրտի, օղու, ծխախոտի արտադրանքի, գարեջրի, ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում է նախատեսվում: Ինչպես ֆիննախի պաշտոնյան ասաց, կբարձրանա նաեւ 100 գրամ ըմպելիքի մեջ 5 եւ ավելի գրամ շաքար պարունակող զովացուցիչ ըմպելիքների ակցիզային հարկը:
5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող՝ 300 եւ ավելի ձիաուժ շարժիչի հզորությամբ ավտոմեքենաների բնապահպանական հարկի դրույքաչափի բարձրացում էլ է նախատեսվում:
Արման Պողոսյանն ասաց, որ տոտալիզատորների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի գործունեությունն էլ կհարկվի շահութահարկով:
«Մենք առաջարկել ենք խաղային ոլորտի հարկումը տեղափոխվի արդյունքի հիման վրա հարկման համակարգ: Այսինքն՝ ազատված մնան ավելացված արժեքի հարկից, բայց նրանք սկսեն վճարել շահութահարկով: Մեր գնահատմամբ, այստեղ մեծ ներուժ կա եւ ժամանակը հասունացել է, որպեսզի շահումով խաղերը տեղափոխենք շահութահարկով հարկման համակարգ»:
Արման Պողոսյանի ներկայացմամբ, 2019 թվականի հունվարի 1-ից ինքնազբաղված անձանց հարկման համակարգի շեմը 9 միլիոն դրամից կբարձրանա 20 միլիոնի: Ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգի շեմն էլ՝ 18 միլիոն դրամից կբարձրանա՝ դառնալով 20 միլիոն դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ