«Ունի՞ փաստեր, թող ասի: Ի՞նչ է նշանակում՝ գնացեք Միքայելյանից հարցրեք: Դրանք նախընտրական հնարքներ են»,-ՀՀԿ ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանի այսօրվա հայտարարություններից մեկին այսպես է արձագանքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:
Հիշեցնենք՝ 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանն այսօր «Իմ քայլի» մեկ այլ պատգամավորի թեկնածու, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հետ կապված ասել էր. «Հարց տվեք Սասուն Միքայելյանին՝ 1994-ի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը, ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը գնդակահարել ու ովքե՞ր նրան համոզեցին, որ դա չանի»:
Հովհաննես Իգիթյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն իր հերթին հարցադրում արեց. «Իսկ Դավիթ Շահնազարյանին ի՞նչն էր խանգարում, որպեսզի որպես Անվտանգության կոմիտեի նախագահ՝ ինքը տար այդ հարցերը Սասուն Միքայելյանին: Ի՞նչն էր խանգարում, որպեսզի վերջին քսան տարում ընդդիմադիր եղած ժամանակ նա այդ հարցը տար Միքայելյանին: Միքայելյանի տեղը չգիտե՞ր: Միքայելյանը եւ Շահնազարյանը նույն թիմում էին 2008թ.-ին՝ միասին պայքարում էին Լեւոն Տեր Պետրոսյանի թիմում»:
Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Դավիթ Շահնազարյանը Միքայելյանի առնչությամբ նման հարցադրումներ է անում նպատակաուղղված՝ ցանկանալով նսեմացնել Արցախյան ազատամարտում Միքայելյանի ներդրումը. «ՀՀ երեք նախագահներից որեւէ մեկը կասկածի տակ չեն դրել Սասուն Միքայելյանի ավանդը»:
Ապա Իգիթյանն ասաց՝ չգիտի, թե ինչու է Դավիթ Շահնազարյանն այսօր հայտնվել ՀՀԿ ցուցակում. «Սերժ Սարգսյանը թող պատասխանի՝ ցանկացած հարգված եւ ճանաչված մարդ, որը հայտնվում է ՀՀԿ ցուցակում, ինչո՞ւ է կորցնում այդ հարգանքը: Օրինակ՝ Շուշան Պետրոսյանն այսօր բողոքում է, որ իրեն հայհոյում են փողոցում, մինչդեռ նախկինում սիրված երգչուհու ստորագրությունն էին խնդրում: Համոզված եմ, որ նա վատ բան չի արել…Դավիթ Շահնազարյանն էլ է նույն կերպ հիմա այդ ճակատագրին արժանանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Եթե կան նվիրված կռվողներ որ դուրս եկան պաշտպանելու ՀՀ սահմանները, մեկը դա Սասուն Միքայելյան է: Եթե ինչ որ մեկն կասկածում է, ես կապացուցեմ:
ԱՂԱՍԻ
Իսկ ով է պատասխան տալու այն զոհված «ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ»-ի համար որոնք զոհվեցին լոկ նրա համար, որ չունեին գրագետ հրամանատարներ
(Հրամանատարներ՝ Ա․ Պետրոսյան (ընդհանուր համակարգող), Հ․ Հովսեփյան:375 մահապարտից վերադառնում են միայն 85 մնացածն զոհվում են կամ վիրավորվում: