«Միայն ՀՀԿ-ն է ՀԱՊԿ-ում իրավիճակը ներկայացնում որպես մեր իշխանությունների դիվանագիտական պարտություն եւ ՀՀ-ի դիրքերի թուլացում»,-«Հայացք» մամուլի ակումբում ՀԱՊԿ-ում իրավիճակի շուրջ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի առնչությամբ նա ասաց. «Ժամանակին Սերժ Սարգսյանը չգիտեր, թե ինչ աներ նրա հետ, որովհետեւ համարվում էր, որ նա թերացումներ էր թույլ տվել ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ: Նրան ուղարկեցին ՀԱՊԿ»:
Հովհաննես Իգիթյանի բնորոշմամբ՝ նախկին իշխանությունն, ի դեմս ՀՀԿ-ի, ՀԱՊԿ-ի հետ էր կապում ՀՀ անվտանգությունը, ինչը, սակայն, իրատեսական մոտեցում չէր. «Նաեւ հայկական կողմի թերացումն էր այն փաստը, որ ՀԱՊԿ կանոնադրությունը թերի է, եւ ԳՔ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում կանոնակարգային խնդիրներ են առաջանում»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի մեղադրանքներին, թե Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ նախագահությանը պետք է տեղյակ պահեր, որ Խաչատուրովը Մարտի մեկի գործով մեղադրյալ է, հետո՝ նրան հետ կանչեր, Իգիթյանը նկատեց. «Սկսենք այնտեղից, տեղյակ պահելու գործընթաց գոյություն չունի: Խաչատուրովի դեմ Մարտի մեկի գործով ցուցմունքներ են տվել, նա էլ կանչվել է որպես վկա, հարցաքննվել, որից ելնելով՝ նրա կարգավիճակը դարձել է մեղադրյալ: Ո՞ւմ տեղյակ պահեինք, Պուտինի՞ն…»:
Պարոն Իգիթյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ի այն քննադատությանը, որ Փաշինյանը ստորադասում է ՀԱՊԿ ԳՔ պաշտոնի դերը՝ այն անվանելով չնչին եւ երրորդական. «Փաշինյանը չի ասել, որ դա չնչին հարց է: Ասել ենք՝ հետկանչի հարցն ամենակարեւոր հարցը չէ, որը դաշնակից երկրներն ունակ չլինեն լուծել: Չենք ասում, թե այդ պաշտոնը կարեւոր չէ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/727595130945398/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ