Նախընտրական շրջանում ցեխ շպրտելու պրակտիկան կա, բայց ոչ երկկողմանի: Համենայնդեպս, ՀՀԿ-ն մատ թափ չի տալիս եւ չի սպառնում, ցեխ չի շպրտում»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածու Վահան Բաբայանը՝ հայտարարելով, որ ասուլիսից հետո գնալու է ոստիկանության 6-րդ վարչություն՝ պարզելու, թե ովքեր են այն մարդիկ, որոնք ամեն օր իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում:
Նա ընդգծեց, որ երկրի զարգացման համար խոսքի ազատությունը, կարծիքի ազատությունը կարեւոր իրավունքներ են, բայց այսօր ոտնահարվում են կազմակերպված ձեւով. «Ո՞նց է ստացվում, որ մարդիկ, ովքեր ոչ Փաշինյանի կողմնակիցներն են, պետք է անպայման տեսնեն սպառնալիքներ ու վիրավորանքներ իրենց էջերում: Սա շատ վատ նախադեպ է ստեղծում մեր երկրի համար: Եթե այսօր մի կուսակցության հանդեպ նման բան է արվում, վաղը արվելու է այլ կուսակցությունների հանդեպ: Եթե մեկը չկիսի Փաշինյանի կարծիքը, այդ մարդկանց ուրեմն պետք է վերացնեն քաղաքական դաշտից»: Ըստ Վահան Բաբայանի, քարոզարշավին երկու բեւեռ է ձեւավորվել, այնպես չի, որ այլ կուսակցություններ չեն պայքարում, պարզապես հիմնական հետաքրքրվածությունը այդ երկու բեւեռների միջեւ է:
Բաբայանը կարծում է, թե մարդիկ հիասթափված են իշխանություններից, հոգնել են «գոռգոռոցներից», անիմաստ խոստումներից: Նա վստահեցրեց, որ ամեն օր իր համակիրներով շփվում է մարդկանց հետ, բուկլետներ է բաժանում ու ատելություն իրենց նկատմամբ մարդկանց մոտ չի տեսել. «Այն տպավորությունը, որ կա սոցցանցերում, չեմ տեսել, դա չկա: Մեր հայ ժողովուրդը նման ագրեսիա չունի, ոնց որ դա ներկայացվում է»:
«Մենք» դաշինքի թեկնածու Թեհմինա Վարդանյանը հակադարձեց Վահան Բաբայանին՝ ասելով, որ նրանք քաղաքակիրթ քաղաքական բանավեճ չեն անում. «Ձերը ցեխ շպրտոցի է: Ձեր հոլովակները սկսում են Նիկոլ Փաշինյանով, վերջանում են Նիկոլ Փաշինյանով»: Վահան Բաբայանն արձագանքեց. «Իսկ Փաշինյանի ելույթները ինչո՞վ են սկսում»:
«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Հայկ Գրիգորյանը կատակեց. «Ձերը սկսում են Մենուայի ձիով: Այնպիսի արտառոց բաներ եք անում, որ ստիպված խոսում են»:
Վահան Բաբայանը չհամաձայնեց՝ ասելով. «Եթե Մենուայի մասին խոսում են, ձիու մասին խոսում են, ձեր կուսակցության մասին ոչ մեկը չի խոսում: Դուք հլը էդքան ճանաչվեք, նոր խոսացեք»: Ի պատասխան՝ Հայկ Գրիգորյանն իրենց ցուցակի թեկնածուներին ներկայացրեց, Վահան Բաբայանն ասաց, որ ոչ մեկին չի ճանաչում:
Կսմիթները շարունակվեցին, երբ Հայկ Գրիգորյանն էլ ասաց, որ Վահան Բաբայանին չի ճանաչում, այստեղ Բաբայանը սկսեց ներկայանալ, որ եղել է ԱԺ պատգամավոր. «Մի քիչ զուսպ եղեք, գնահատականները տվեք ճիշտ»: Հայկ Գրիգորյանը նշեց, որ կարող է գնահատական տալ ՀՀԿ-ի 10 տարվա թալանի մասին, Վահան Բաբայանն էլ պատասխանեց, որ թալանչի է, թե ոչ՝ ոստիկանությունը կպարզի: Հայկ Գրիգորյանը հեգնեց՝ ասելով. «Այն, որ ԲՀԿ պատգամավոր եք եղել, հիմա էլ ՀՀԿ եք, արդեն ինքնին խոսուն փաստ է»: Վահան Բաբայանը վիճեց՝ դուք ի՞նչ գիտեք երկու տարի հետո դուք որտե՞ղ եք լինելու: Հայկ Գրիգորյանը վստահ պատասխանեց. «ՀՀԿ ու ԲՀԿ հաստատ չեմ լինի, դա՝ վստահ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ