Եվրոպայի խորհուրդը հրապարակել է զեկույց, որում ցույց է տրվում եվրոպական բանտերում իրավիճակը 2005-2014թթ.: Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2005թ. համեմատ 2014-2015թթ. նվազել են հետևյալ ցուցանիշները. քրեակատարողական հիմնարկներից ազատումները (-25%), օտարերկրյա ազատազրկվածների մեջ նախաքննական կալանավորների տոկոսը (-38%), ինքնասպանությունները տոկոսը (-5%), ազատազրկվածների հարաբերակցությունը անձնակազմի նկատմամբ (-26%) և պահպանություն իրականացնող անձնակազմի հարաբերակցությունը ամբողջ անձնակազմի նկատմամբ (-34%):
2005թ. համեմատ 2014-2015թթ. աճել են հետևյալ ցուցանիշները.
բանտային բնակչությունը (+48%),
բանտերի բեռնվածությունը (+22%),
կին ազատազրկվածների տոկոսը (+59%),
օտարերկրյա ազատազրկվածների տոկոսը (+1207%),
10000 ազատազրկվածի հաշվով մահացության ցուցանիշը (+30%),
և բանտերի կառավարիչների կողմից ծախսված ընդհանուր բյուջեն (+64%):
2005թ. համեմատ 2014-2015թթ. նույնն է մնացել չդատապարտված ազատազրկվածների տոկոսը (+4%):
Եվրոպական այլ երկրների հետ համեմատությամբ՝ Հայաստանում.
Ցածր է քրեակատարողական հիմնարկներից ազատումների ցուցանիշը, բանտային ծանրաբեռնվածությունը, օտարերկրյա ազատազրկվածների տոկոսը, կալանավորված անձանց ինքնասպանությունների տոկոսը, պահպանության ծառայություն իրականացնող անձնակազմի տոկոսը, մեկ ազատազրկվածին պահելու համար ծախսվող միջին օրական գումարը:
Միջին է բանտային բնակչության տոկոսը, կանանց տոկոսը, օտարերկրյա ազատազրկվածների մեջ կալանավորված անձանց տոկոսը, չդատապարտված ազատազրկվածների տոկոսը, անձնակազմի նկատմամբ ազատազրկվածների հարաբերակցությունը:
Բարձր է 10000 ազատազրկվածի հաշվով մահացության ցուցանիշը, ինքնասպանությունների տոկոսը:
Զեկույցում նշվում է, որ 2005-2015թթ. Հայաստանում բանտային բնակչության ցուցանիշը աճել է 48%-ով: 2005 թվականին երկիրը 100000 բնակչի հաշվով ուներ 88 ազատազրկված, այնինչ 2015թ.՝ 130 ազատազրկված:
2005-2015թթ. Հայաստանում քրեակատարողական հիմնարկների լրակազմն աճել է 13%-ով: 2005թ. երկիրն ուներ 4059 տեղ, իսկ 2015թ.՝ 4584: Հետազոտության ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկների լրակազմն աճել է նոր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կառուցելու արդյունքում: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի լրակազմը 1240 տեղ է, որից 200-ը նախատեսված են կալանավորված անձանց համար:
Նույն ժամանակահատվածում ազատազրկվածների ընդհանուր թիվը աճել է 38%-ով: 2005 թվականին երկրում եղել է 2822 ազատազրկված, այնինչ 2015թ.՝ 3888:
2005-2015թթ. կին ազատազրկվածների տոկոսն աճել է 59%-ով: 2005թ. ազատազրկվածների 2,8%-ն էր կին, իսկ 2015թ. նրանք ներկայացնում են ընդհանուր բանտային բնակչության 4,4%-ը:
Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ազատազրկվածների տոկոսն աճել է 1207%-ով: 2005թ. ազատազրկվածների 0,2%-ն էին օտարերկրացի, այնինչ 2015թ. նրանք ներկայացնում են ընդհանուր բանտային բնակչության 3,2%-ը:
2005-2015թթ. առանց վերջնական դատավճռի կալանավորվածների թիվն աճել է 4%-ով: 2005թ. կալանավորվածների 26%-ը չունեին վերջնական դատավճիռ, այնինչ 2015թ. նրանք կազմում են 27%:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ