Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի թեկնածուներ, ամուսիններ Աստղիկ Ավետիսյանն ու Ատոմ Մխիթարյանը կարծում են, որ քարոզարշավի ընթացքում գաղափարական բանավեճ չի ծավալվում

Դեկտեմբեր 04,2018 15:15

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ատոմ Մխիթարյանի ընտրական շտաբն այսօրվանից նախաձեռնում է բնապահպանական ակցիա: Կամավորները մինչև դեկտեմբերի 11-ը հավաքելու են  բոլոր նախընտրական քարոզչանյութերը, ուղարկելու են  վերամշակման: Այն անձինք, որոնք կհավաքեն այդ նյութերը որպես կամավոր և կտանեն Ատոմ Մխիթարյանի ընտրական շտաբ, հետագայում կստանան ամանորյա բացիկ:

«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Ատոմ Մխիթարյանը նշեց, որ իր անցած ուղին ՀԿ ոլորտում է, հմտություններ և գիտելիքներ ունի բարձրագույն կրթության, ինստիտուցիոնալ կառավարության, ՀՀ-սփյուռք հարաբերությունների, երիտասարդության, ընտրական համակարգերի ոլորտում և ցանկանում է փոփոխություններ բերել ԱԺ, որոնք կապված են հենց այս ոլորտների հետ:

Aravot.am-ի հարցին՝ ինչպես շատ ուժերի ներկայացուցիչներ, ի՞նքն էլ մտահոգություն ունի, որ այս քարոզարշավի ընթացքում ծրագրային բանավեճ տեղի չի ունենում, Ատոմ Մխիթարյանը պատասխանեց. «Ըստ էության որևէ քաղաքական ուժի ծրագրային հիմնադրույթները հասարակության կողմից չեն ընկալվում: Գաղափարական դաշտում չէ պայքարը. դա կախված է հատկապես նրա հետ, որ այն ընտրակարգը, որով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, չփոխվեց: Դա նշանակում է ընտրելու են մարդուն, ոչ թե գաղափարախոսական ուղղվածություն կամ կուսակցական գաղափարախոսություն»:

Ատոմ Մխիթարյանը հորդորեց ընտրություն կատարող քաղաքացիներին որոշում կայացնելիս նայել յուրաքանչյուր թեկնածուի և քաղաքական ուժի հետագիծը: Դառնալով ուժերի ներկայացրած ծրագրերին՝ Ատոմ Մխիթարյանն ասաց. «Ծրագրերում նույնիսկ կան արտահայտություններ, նախադասություններ, որ կարող ես երկու-երեք կուսակցության ծրագրային հիմնադրույթներում տեսնել, մի մասն էլ արտագրություն են հին ծրագրերից: Դրա համար շատ կարևոր է ուսումնասիրել յուրաքանչյուր թեկնածուի, քաղաքական ուժի կենսագրությունը»:

«Մենք» դաշինքից ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, PR փորձագետ Աստղիկ Ավետիսյանի կարծիքով՝ ծրագրային բանավեճ չծավալվելու պատճառներից է նաև այն, որ  արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը շատ հապշտապ կայացվեց, և կուսակցություններն ու դաշինքները չկարողացան իրենց փոփոխությունները մտցնել իրենց ծրագրերում, ինչը հանգեցրեց նրան, որ մարդիկ գաղափարական հենքի վրա քննարկում գրեթե չեն ունենում:

Դառնալով իրենց ուժի ծրագրերին՝ Աստղիկ Ավետիսյանն ասաց. «Մենք գնում ենք գաղափարական և նորարարական լուծումներով մոտեցմամբ, քանի որ նոր Հայաստանը թելադրում է նաև նոր մոտեցումներ: Եվ հենց դա է դրդապատճառը եղել, որ ես առաջադրվել եմ Գեղարքունիքի մարզում՝ շատ լավ հասկանալով, որ առկա խնդիրները բազմազան են և իմ դիտարկումները ցույց են տվել, որ Գեղարքունիքի մարզում մարդկանց՝ օրենքների նկատմամբ վերաբերմունքն այլ է. իրենք շատ ավելի քիչ են տիրապետում օրենքներին: ԱԺ-ում իմ առաջնային խնդիրը լինելու է ստեղծել հասկանալի, ընթեռնելի, մարդկանց կողմից ընկալելի օրենքներ»:

Աստղիկ Ավետիսյանը վստահեցրեց՝ մեծ շեշտադրում է կատարելու նաև կրթության վրա, քանի որ երկար տարիներ դասախոսում է ԵՊՀ-ում: Ըստ պատգամավորի թեկնածուի՝ կիրթ հասարակությունը նաև փոփոխություններ բերողն է: Ըստ Աստղիկ Ավետիսյանի՝ գիտության նկատմամբ վերաբերմունք պետք է փոխել ու գիտնականի վարկը բարձրացնել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈւՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31