Սույն թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1988թ-ի աղետալի երկրաշարժի տարելիցին:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Սպիտակի երկրաշարժը մասնագիտական առումով իր հզորությամբ սովորական երկրաշարժ էր, եթե ի նկատի ունենանք պատմության ընթացքում աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ երկրաշարժեր: Բայց այս երկրաշարժն ունի կարևոր բնութագիր` կապված մեր ժողովրդի ունեցած կորուստների հետ: Առաջինը 25000 մարդկային զոհերն են, որ մենք ունեցանք այս երկրաշարժի հետևանքով և մյուսը, հսկայական նյութական կորուստները, որոնք հասան մինչև 15-20 միլիարդ ԱՄՆ դոլարի: Այսինքն, մարդկային և ռեսուրսների կորստի տեսակետից աննախադեպ էր այս երկրաշարժը: Նման կորուստների հիմնական պատճառն այն էր, որ երկրաշարժի տարածքում շինարարական կառույցների նախագծման և կառուցման ընթացքում թույլ են տրված եղել բազմաթիվ սխալներ: Այդ պրոբլեմի գծով Հայաստանի գիտնականների կողմից մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, և այդ աշխատանքների արդյունքում պետականորեն այժմ հաստատված են շինարարական, սեյսմիկ միանգամայն այլ ցուցանիշներ: Սպիտակի երկրաշարժի մասին բավականին մեծ մշակումներ են արված, և դրանց մի մասը կներկայացվի այս գիտաժողովի ընթացքում»,- իր խոսքում մասնավորապես ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը` մաղթելով գիտաժողովի մասնակիցներին հետաքրքիր քննարկումներ: Նա հույս հայտնեց, որ գիտաժողովի ընթացքում մասնագետները կներկայացնեն նորանոր հետազոտություններ և կփոխանակեն իրենց ունեցած փորձը:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև ՄԱԶԾ գրասենյակի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչ Ուիլիամ Վորդերը: Այնուհետև մասնակիցները դիտեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժին նվիրված վավերագրական ֆիլմ, որին հաջորդեցին զեկուցումները:
Սպիտակի 1988թ. երկրաշարժի հետևանքով առաջացած հասարակական ցնցումը նոր մակարդակի է հասցրել սեյսմատեկտոնական գիտելիքները, երկրաշարժերի երկրաբանությունը և սեյսմիկ վտանգների գնահատումը Հայաստանում: Այն կարևոր խթան է հանդիսացել երկրում ակտիվ տեկտոնիկայի և պալեոսեյսմաբանական ուսումնասիրությունների համար և նպաստել է միջազգային համագործակցությանը:
«Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել գիտնականներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Իրանից, Տաջիկստանից, Թուրքիայից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Ղրղստանից, Հոլանդիայից, Ճապոնիայից, Քաթարից, Բելգիայից և Կանադայից:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև դեկտեմբերի 7-ը: Գիտաժողովի մասնակիցները կայցելեն Գյումրի և էպիկենտրոնային գոտի:
Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական–վերլուծական ծառայություն
04.12.2018թ.