ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը «Մեդիա» կենտրոնում խոսելով «Հանրակրթություն. ինչու՞ են հապաղում համակարգային լուծումները և ի՞նչ են առաջարկում կուսակցությունները» թեմայով քննարկմանը, նշեց, որ վերջին քսան տարիներին ՀՅԴ ներկայացուցիչերը, հատկապես Լեւոն Մկրտչյանը, զբաղեցրել են ԿԳ նախարարի պաշտոն, սակայն դա կարճ ժամանակահատված է հասարակության սպասելիքներն արդարացնելու համար:
«Լեւոն Մկրտչյանը հիմք է դրել որոշ համակարգային փոփոխությունների, որ հետո շարունակել են այլ ուժերի ներկայացուցիչներ կամ փորձել են շարունակել արդեն եղած որոշակի բարեփոխումները»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
Նրա ձեւակերպմամբ, կրթությունը, իսկ ավելի կոնկրետ՝ հանրակրթությունն այն ոլորտն է, որի հետ առնչվում են հասարակության բոլոր շերտերը. «Միշտ էլ եղել են խնդիրներ, բայց այնպես չէ, որ կարելի է այնպիսի վիճակի հասնել, որ իդեալական լինի»: Ղազարյանի համոզմամբ, նախ չպետք է ոլորտին ուղղված կրճատել ֆինանսական հատկացումները, մինչդեռ այդ շեմը գնալով իջնում է:
Դաշնակցության ներկայացուցիչն ասում է, որ իր կուսակցությունը ոչ միայն որակյալ կրթությունն է կարեւորում, այլեւ աշակերտների՝ գրագետ քաղաքացի ու հայրենասեր մարդ լինելը:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Սուքիասյանը հայտարարեց, որ կրթությունը պետք է նախ եւ առաջ մշակութային լինի, ու չպետք է գնալ զուտ մեխանիկական կրթության:
«Որպեսզի հասկանանք, թե մեզ ինչպիսի կրթություն է պետք, պետք է հասկանանք պետության ստրատեգիան՝ տնտեսության բնագավառում: Օրինակ, Հայաստանի ամբողջ տնտեսությունը մատնված է վաշխառուական կապիտալին, այսինքն ներքին արտադրողական ուժեր չկան:
Եվ երբ պետությունը կորոշի ստրատեգիան, նպատակը, օրինակ կասի, որ ուզում ենք արդյունաբերական Հայաստան, ժամանակակից տեղեկատվական հասարակություն, այդ դեպքում պետությունը պահանջ կդնի, թե մեզ ինչպիսի կրթություն է պետք, 10 տարի՞ է դպրոց պետք, թե՞ 12 տարի: Անձամբ ես չեմ հասկանում, թե ինչու պետք է երեխաները 12 տարի դպրոց գնան, ուրիշ բան ու գործ չունե՞ն»,-նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը:
Նրա ձեւակերպմամբ, «Մեր տնտեսությունն այսօր արտադրում է ուսուցիչ, իրավաբան եւ չորս հատ բժիշկ…Պարզվում է Հայաստանն արտադրում է նաեւ շատ տնտեսագետներ, բայց տնտեսություն չունի, տնտեսագետներն էլ տնտեսության հետ կապ չունեն…Ու քանի դեռ պետությունը հստակ նպատակ չունի, կրթությունն անիմաստ ձեռքի հետ քայլելու է»:
«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը՝ հանրակրթության ոլորտի բարեփոխման վերաբերյալ իրենց կուսակցության ծրագրային դրույթները նշելով՝ ասաց, որ ամենածավալուն ծրագիրն ունեն, որտեղ հանրակրթությունը ներկայացված է երեք էջով:
«Կրթության ոլորտը պետք է հիմնված լինի ազատության սկզբունքի վրա: Պետք է ունենանք այնպիսի կրթական համակարգ, որտեղ ծնողները եւ ուսուցիչները՝ երեխայի շահից ելնելով, կարողանան արձագանքել նրա կարիքներին: Ժամանակին ես շատ ուրախանում էի, որ ներառական համակարգը ներդրվեց, քանի որ իմ համոզմամբ, բոլոր երեխաները հատուկ կարիքներ ունեն: Պարզապես մեկի հատուկ կարիքը նրանով է պայմանավորված, որ ինքը տաղանդավոր է ինչ-որ բնագավառում, մյուսի հատուկ կարիքն այն է, որ չի կարողանում ձգել ինչ-որ առարկա»,-ասում է Արտակ Կիրակոսյանը:
Նա հավելում, որ ոչ թե վարչարարական ձեւով, բուրգի ձեւով պետք է հարցեր լուծել, ընդ որում բուրգի գլխին նախարարն է, որը ամենախելացի մարդն է համարվում, հետո՝ փոխնախարարները, ԿԱԻ-ին, որը չի դասավանդում, բայց ծրագրեր է ստեղծում, այլ պետք է հնարավորություն տալ ինքնուրույն ստեղծագործ դպրոցներ ունենալու:
Արտակ Կիրակոսյանի խոսքերով, եթե նախկինում ՀՀԿ-ն ասում էր, որ մեզ տղաներ են պետք, որ զինվորներ դառնան եւ աղջիկներ, որ զինվորներ ծնեն, հիմա ավելի շատ շեշտը դրվում է նրա վրա, որ պետք է մարդիկ պատրաստենք աշխատաշուկայի համար, ինչը նույնքան վտանգավոր միտում է:
Կրթության փորձագետ Արա Աթայանը մտահոգված էր, որ քննարկմանը երեք կուսակցության ներկակացուցիչ է ներկա: «Եթե խոսում ենք երկրի ապագայի մասին, ապա կրթությունից կարեւոր ոլորտ չկա, քանի որ մյուս ոլորտները կապված են երկրի ներկայի հետ»,-հավելեց փորձագետը:
Նա չհամաձայնեց բանախոսներից մեկի պնդման հետ, որ կրթությունը պետք է լինի տնտեսության կցորդ. «Տնտեսությունը սկսում է աճել, զարգանալ, կախված նրանից, թե ինչ կրթություն ունի երկիրը եւ ոչ թե հակառակը: Կրթության նպատակը մարդ եւ քաղաքացի դաստիարակելն է, եւ չպետք է շեղվել այդ նպատակից»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի: