Միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը մեծ փոփոխություններ է նկատել կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքում:
«Նույն ընտրական մարմինը նույն կազմով այս անգամ շատ ավելի լավ աշխատանք է իրականացնում, որովհետեւ կա հստակ քաղաքական կամք, որ ընտրությունները լինելու են արդար, մեզ անհանգստացնում է մի բան՝ արդյոք այս փոփոխությունը կայուն է լինելու, թե՝ ոչ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Զլատկո Վույովիչը:
Նրա խոսքով, իրենք դիտորդական առաքելություն են այս ընտրություններին իրականացնում այնպես, ինչպես 2017-ին են իրականացրել. «Անցած անգամ մենք հայտ ենք ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ մասնակցենք ընտրությունների մոնիտորինգի գործընթացին, մեզ չտվեցին այդ թույլտվությունը, այս անգամ պատկերը լրիվ ուրիշ է, մենք ունենք այդ թույլտվությունը: Մեծ փոփոխություններ ենք նկատում՝ չնայած նրան, որ ԿԸՀ կազմը լրիվ նույնն է, ինչ երկու տարի առաջ»:
Առաքելության ղեկավարը նաեւ ասաց, որ դիտորդական առաքելությունը իրականացրել են մինչեւ ընտրությունները, նոյեմբերին կատարել են նախնական դիտորդական առաքելություն եւ իրենց միջանկյալ հաշվետվության մեջ արձանագրել, որ նախընտրական փուլը տեղի է ունեցել հանգիստ ու խաղաղ պայմաններում, եղել են միայն մի փոքր խախտումներ:
Չնայած որ այս տարի առաքելության կազմը գոհ էր ԿԸՀ աշխատանքից, այնուամենայնիվ, առաքելության ղեկավարն ասաց՝ իրենց համար անհայտ մնաց՝ ինչու ԿԸՀ-ն չտրամադրեց իրենց միջազգային դիտորդների քանակը ըստ կազմակերպությունների. «Նրանք այդ տվյալներն ունեն»:
Դիտորդներն իրենց առաքելության ժամանակ արձանագրել են նախընտրական փուլում ատելության խոսքի դրսեւորումներ, բայց նախորդ ընտրական գործընթացի համեմատ՝ իրենց գնահատմամբ, զգալիորեն նվազել է վարչական ռեսուրսի օգտագործումը քարոզարշավի ժամանակ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ