ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարով առաջադրված Դավիթ Շահնազարյանը մի քանի օր առաջ խոստացել էր, որ պետք է ներկայացնի հստակ փաստեր, որոնք ապացուցում են, որ Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությունը պատահական չի եղել:
Այսօր նա ներկայացրեց այդ հանգամանքները: Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ նախկին իշխանությունների օրոք ստորագրվեց ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագիրը, որտեղ ամրագրված էին միջազգային իրավունքի եւ հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից երեքը՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունք, ինչպես նաեւ՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում. «Այս փաստաթուղթը ստորագրվել է ԵՄ անդամ բոլոր 28 երկրների կողմից: ԵՄ-ի դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի հետ նմանատիպ փաստաթուղթ ստորագրելու դեպքում անվերապահորեն այդ երեք սկզբունքները պետք է ամրագրված լինեն: Այդ մասին դեռ այս տարվա ձմռան վերջին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ինձ եւ շատ ուրիշներին ասել էին, որ ՀՀ իշխանությունների հետ կա այդ պայմանավորվածությունը: Ադրբեջանը վարում էր այս տարի ԵՄ-ի հետ բանակցություններ նմանատիպ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ: Բանակցություններն արդեն ավարտվել էին եւ շատ մոտ էին ավարտվելու եւ այն նույն մարդիկ՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պնդում էին, որ այս երեք կետերը պետք է մտնեն, հիմա ուղղակիորեն ասում են, որ այլ ձեւակերպումներ են լինելու: Սա արդեն շատ մեծ կորուստ է եւ այս կառավարության՝ Եվրոպայի հետ հարաբերություններում խոշորագույն պարտություն: Քանի դեռ փաստաթուղթը չի ստորագրվել, ժամանակ կա, փորձեք ինչ-որ բան անել: Հետո չբողոքեք, որ ԵՄ-ն կրկնակի ստանդարտներով է առաջ շարժվում, չմեղադրեք ԵՄ-ին, ինչպես այսօր ամբողջ աշխարհին եք մեղադրում: Դեռ ժամանակ կա փորձե՛ք: Վստահ եմ, որ չեն էլ փորձելու, որովհետեւ սա մտնում է իրենց քաղաքականության մեջ»:
Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ՄԱԿ-ի գագաթաժողովի ելույթից հետո երկու օր անց Դուշանբեում տեղի ունեցավ իշխանությունների խոսքերով «պատմական» հանդիպումը Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, որից հետո հայտարարվեց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ պետք է խստորեն պահպանվի հրադադարի ռեժիմը եւ օպերատիվ կապ հաստատվի. «Հետո անընդհատ, առանց որեւէ առիթի, ներկայիս իշխանությունները դա ներկայացնում էին՝ որպես մեծագույն նվաճում: Հիմա մենք կպարզենք, թե իրականում ինչ է կատարվել: Երկու հարց կարող էր լինել, որ ՀՀ վարչապետը այդ հանդիպման ժամանակ կարող էր քննարկել Ադրբեջանի նախագահի հետ, այլ հարցեր չէին կարող լինել: Առաջինը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի օրակարգն էր՝ կապված շփման գծում միջոցառումների հետ եւ երկրորդ հարցը հումանիտար հարց կարող էր լինել՝ ռազմագերիների փոխանակման հարցը: Նրանք փորձում էին ներկայացնել, թե ներկայիս հանգիստ վիճակը շփման գծում Դուշանբեի պայմանավորվածության արդյունք է, ոչ թե 94-ի 95-ի եռակողմ պայմանագրերով նախատեսված, ես չգիտեմ՝ այդ փաստաթուղթն իրենք կարդացե՞լ են, թե՞ չեն կարդացել»:
Դավիթ Շահնազարյանն ասաց, որ Ադրբեջանին բացարձակապես ձեռնտու չէ այսօր անդորր պահպանել, հանգիստ վիճակ պահպանել: Եթե դիվանագիտության մեջ հակառակորդը առաջարկում է մի բան, որը քեզ ձեռնտու է, ուրեմն դրա մեջ մեծ ծուղակ կա, դրա մասին պետք է մտածել. «Կարճ ժամանակ անց ինձ համար պարզ դարձավ, թե ինչ է տեղի ունեցել: Նոյեմբերի 6-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ օպերատիվ կապի հաստատումից հետո Ադրբեջանը կառուցողական է դարձել: Նույն օրը եւ դրանից հետո Ադրբեջանի նախագահը իր հերթական խիստ անընդունելի հայտարարություններով է հանդես եկել, որ ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանն է Ադրբեջանի մաս, որ օկուպացված տարածքներից պետք է դուրս գան, դրա ի՞նչն է կառուցողական: Պարզվեց, որ Տոնոյան Դավիթը լրիվ ճիշտ է ասել: Մի քիչ այլ իմաստ ունի կառուցողական բառը, բայց լրիվ համապատասխանում է իրականությանը: Ինչ է տեղի ունեցել թե՛ Նախիջեւանի հետ մեր սահմանում, եւ Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում: Սկսած մայիսից Նախիջեւանի հետ շփման գծում Ադրբեջանը առաջ է տվել իր դիրքերը: Հիշեցնեմ ՊՆ մի քանի հայտարարություններ՝ սկզբից ասում էին, որ դա տեղի է ունեցել սահմանի իրենց մասում, հետո, երբ իրենց բացատրվեց, որ որեւէ սահման գոյություն չունի, որովհետեւ Խորհրդային միության ժամանակ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ նաեւ Նախիջեւանի հատվածում սահմանագծում տեղի չի ունեցել, սահմանների մասին խոսելն անիմաստ է, դրանից հետո մի փոքր տոնայնությունը փոխվեց, վերջերս այսպիսի հայտարարություն հնչեց ՊՆ-ի կողմից՝ «Այո, եղել է Ադրբեջանի դիրքերի առաջխաղացում, բայց չեզոք գոտու իրենց հատվածում»: Փորձեք հասկանալ սա ինչ է նշանակում: Առաջինը՝ չեզոք գոտի չկա, սահման չկա, կա միջդիրքային տարածք, այդ միջդիրքային տարածքը սկսած մայիս ամսից էապես կրճատվել է: Արդեն սեպտեմբեր ամսին Ադրբեջանի՝ Նախիջեւանում տեղակայված զինված ուժերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները մեծացրել են մի քանի անգամ ավելի շատ, քան այն 800 հա-ն է, որի մասին բազմիցս խոսվել է 2016-ի քառօրյա պատերազմից հետո: Ինչ է տեղի ունեցել Դուշանբեի հանդիպումից հետո. այդ դիրքերը, որոնք առաջ էին տրվել, սեպտեմբերի 27-ից հետո ապահովվել են արդեն ճանապարհներով, որոնք ապահովելու են Ադրբեջանի այդ դիրքերի կենսունակությունը: Ահա թե ինչի համար էր պետք Դուշանբեի այսպես կոչված պայմանավորվածությունները: Այնտեղ արդեն ամբողջովին ճանապարհներ են կառուցվել, տեխնիկա է աշխատել, չեմ խոսում այն մասին, որ գնդակոծվել են թե՛ Զանգակատան, թե՛ Արենի գյուղերին պատկանող տարածքները: Առաջ այդպիսի բաներ չկային, չեն եղել»:
Ըստ Շահնազարյանի, մամուլում եղել է սրա մասին, բայց քննարկման առարկա չի դարձել, իշխանությունների համար տաբու են այդ քննարկումները: Դավիթ Շահնազարյանը գտնում է, որ Դավիթ Տոնոյանի ասած «կառուցողական» բառը սխալ չէր, բայց ճիշտ կլիներ օգտագործել «շինարարական» բառը, որովհետեւ Ալիեւը սահմանի մոտ շինարարություն է անում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Պարոն Շահնազարյան վատ չեր լինի Դուք վերլուծեիք Ձեր ԱԱԾ-ի պետ եղած տարիները: Ինչ մնում է Ձեր այս հոդվածին՝ ապա այն նման է ափսոսանքի և մղձավանջի: Սկսենք 1992թ. Շահումյանի կործանում և Շ.Մեղրյանի մահը: Արաբո ջոկանի հետ բերելը Նախիջեվանից,որն դատարկված էր՝թուրքը փախել էր: 1994թ. զին. պահեստների կնքում և զորքին առանց զինամթերքի թողնել, քանի որ կար Միրբաշիրի ազատագրման հարց: 2016թ. ապրիլի 1՛ մեր հայրենասեր և հզոր զինվոր տղաները բահերով կռվեցին և տարան հաղթանակ մինչև ատամները զինված ազերի (թուրքի) նկատմամբ:Մենք էլ գնացինք ճակատ Բուլղարական ավտոմատներով և այդ ռազմական հանդերձանքով պատրաստ էինք հասնել Քուռ գետին: Լելե Թափա գրաված բարձրունքում՛ ժամերի ընթացքում թուրքը կառուցեց անառիկ ամրոց,իսկ մեր տղաները նույնիսկ ապաստարան չունեին՛այդ կպնդի նաև Արթուր Աղաբեկյանը: Իրավիճակ է փոխվել Ձեր տեսածին հավատացեք և վերջ տվեք ասեկոծներին լծվեք երկրի հզորացման գործնթացին,թե չէ ես կպահանջեմ եթերում դեմ առ դեմ հարցազրույցի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/04/997107/?