2018թ.-ին ՀՀ-ից մսի արտահանման ծավալները կտրուկ նվազել են: Այս մասին այսօր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ մսի արտահանման ծավալների նվազումն այդ ոլորտում մայիսից հետո մենաշնորհի վերացման հետեւանք է. «Մսի արտահանման ոլորտում մենաշնորհ է եղել՝ ձեզ հայտնի մարդկանց կողմից: Նոր մեխանիզմ դեռ չի ձեւավորվել: Հուսով ենք, որ հաջորդ տարի էական առաջընթաց կունենանք մսի արտահանման հարցում: Այդ նպատակով կարեւոր կենտրոններից պետք է լինի Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանը»:
Փաշինյանը վստահեցրեց, որ Ապարանի տարածաշրջանում կառավարությունը լուրջ ծրագրեր է իրականացնելու, մասնավորապես՝ 2019թ. Ապարանում սկսվելու է գյուղատնտեսական-անասնապահական քոլեջի կառուցումը. «Դա ԵՄ-ի կողմից տրամադրված երկու միլիոն եվրոյի դրամաշնորհի արդյունք է: Ուսանողներն այդտեղ կրթություն կստանան: Քոլեջը կից կունենա ֆերմա՝ կաթի եւ կերի արտադրություններ, նաեւ՝ հանրակացարան»:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նշյալ կառույցին կից կլինեն նաեւ այլ արտադրական ձեռնարկություններ, իսկ մարզի այլ համայնքներում եւս մի շարք ծրագրեր են իրականացվում. «Ապարանի տարածաշրջանի արոտների ջրարբիացման արդյունքում մի քանի հազար մետրանոց ջրագիծ կունենանք, մի քանի տասնյակ գյուղտեխնիկա կտրամադրվի: Այդ ամենի մի մասը եւս դրամաշնորհային ծրագիր է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ