Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Արցախի շփման գծի երկայնքով բլուրներ է սարքել՝ հարձակման համար. Դավիթ Շահնազարյան

Դեկտեմբեր 04,2018 13:19

ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ Ադրբեջանի եւ Արցախի շփման գծում փոփոխություններ են եղել. «Դեռեւս մայիս ամսից փորձ էր արվել ինչ-որ բլուրներ կառուցել այնտեղ, բայց անընդհատ արգելափակող կրակով այդ շինարարական աշխատանքները դադարեցվում էին: Շփման գծից 1300-1700 մետր հեռավորության վրա, իրարից մինչեւ 5 կմ հեռու եւ փաստացի ամբողջ շփման գծի երկայնքով բլուրներ են դրանք: Սեպտեմբերի 27-ից հետո մեծ թափով իրականացվում են այդ շինարարական աշխատանքները, բլուրների մի մասն արդեն պատրաստ է, մյուս մասում շինաշխատանքներ են»:

Դավիթ Շահնազարյանը ցուցադրեց այդ բլուրների նկարները, ասաց, որ ավելի մեծ խտություն կա այնտեղ, որտեղ լրիվ հարթավայրային է ռելիեֆը, զրահատեխնիկայի համար շատ վտանգավոր հարձակման մասում: Բլուրների բարձրությունը 11-ից մինչեւ 15 մետր է:

Նա հորդորեց մեկնել Արցախ ու սեփական աչքերով տեսնել այդ ամենը:

Շահնազարյանը ներկայացրեց ռազմական փորձագետների կարծիքն այս բլուրների մասին, թե ինչի համար են դրանք. «Նման տիպի շինությունները ընդհանրապես ունեն կրկնակի նշանակություն ե՛ւ պաշտպանվելու, եւ հարձակվելու համար: Հաշվի առնելով, թե՛ հայկական կողմերի քաղաքականությունը այն իմաստով, որ հարձակում չի նախատեսվում եւ թե՛ Ադրբեջանի քաղաքականությունը, որը գիշեր-ցերեկ խոսում է նոր պատերազմի մասին, այսքան ծախսատար բլուրներն ունեն բացարձակապես հարձակողական նշանակություն: Կիրթ մարդը, ինչպես Ալիեւին անվանել է գործող վարչապետը, շարունակում է իր նույն հռետորաբանությունը, շարունակում է «կառուցողական», «շինարարական» քաղաքականությունը եւ եթե Նախիջեւանում իքս պահին այս բլուրները հարվածներ են հասցնելու մեզ, ապա Արցախում սրանք բացարձակապես հարձակման նախապատրաստվելու համար են: Կիրթ մարդու վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արել մեր վարչապետը, ընդհանրապես չի խոսել: Սեպտեմբերի 27-ի վերելակային իր հանդիպումից հետո որեւէ քննադատական խոսք Ադրբեջանի քաղաքականության մասին չի ասում»:

Շահնազարյանի խոսքով՝ Ալիեւը նախապատրաստում է հարձակում Արցախի վրա իր կողմից, իսկ Փաշինյանը սկսել է քաղաքական հարձակում Արցախի ռազմական ղեկավարության վրա այս կողմից. «Ես հեռու եմ այն մտքից, որ սա, այսպես կոչված, անփորձության հետեւանք է: Սա քաղաքականություն է, ինչի համար եւ որոշ ուժեր նպաստել են, որպեսզի նա գա իշխանության»:

Շահնազարյանն ասաց, որ առաջին օրվանից Փաշինյանը բաժանում է մեր հասարակությունը սեւի ու սպիտակների, իր՝ այսպես կոչված հեղափոխությունը ընդունողների եւ չընդունողների, բայց այս քաղաքականության բացահայտումը պատահական չէր: Սասուն Միքայելյանի հայտարարությունը ծրագրված էր. «Վարչապետն ինքը կրծքով սկսեց պաշտպանել Միքայելյանին, արդյունքում ինչ ստացանք՝ հասարակության ինչ-որ մաս նույնպես սկսեց պաշտպանել Սասուն Միքայելյանին եւ նրա ասածը: Այսինքն, հասարակության մի մասին ինքը պատրաստել է, որպեսզի ընդունել տա այն, ինչ ինքն իրականացնում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31