Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողով՝ համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն։ «Ժողովուրդ» օրաթերթին այս գործով կալանավորված, ինչպես նաեւ հետախուզվող անձի մասին մանրամասներ են հայտնի դարձել։
Ով է հետախուզվողը
Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ գտնվող անձը Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանն է։ Այս գործի շրջանակներում տրվել է նաեւ նրա անունը, քանի որ նա Արամ Հարությունյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Ի դեպ, երբ նախկինում վերջինիս կանչել են ՀՔԾ հարցաքննության, ասել է, թե ինքը չի ճանաչում Սիլվա Համբարձումյանին եւ նրան տեսել է միայն հեռուստատեսությամբ։ Ինչեւէ։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Կարապետյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարը արգելափակված էր։
Ովքեր են կալանավորվածները
Նշենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը մշտապես հայտնել է. «Կաշառքը տվել եմ 2008թ.-ին, իսկ 2009թ.-ից իմ հանքերը սկսեցին զրկել լիցենզիայից։ Դա փոխանցվեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը Սուրիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն էր, եւ սկսեցին զրկել։ 8 մլն դոլարը ես փոխանցել եմ Դուբայ իրեն տված հաշվեհամարին՝ Արաքս Դիլանյանի հաշվին։ Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին՝ Վիկտոր Մարտիրոսյան, Արմեն Խաչատրյան, Գագիկ Կարապետյան։ Իսկ 6 մլն-ը տվել եմ կանխիկ՝ Սուրեն Ավագյանի միջոցով»։ Եվ ահա այս փաստերի հիման վրա իրավապահները մեկ շաբաթ առաջ կալանավորել են Արմեն Խաչատրյանին եւ Վիկտոր Մարտիրոսյանին։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում