ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար միանգամայն սպասելի եւ կանխատեսելի էր, որ ՀՀԿ-ական պատգամավորները այսօր նիստին չեն ներկայանա եւ կտապալեն իրենց խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցը:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ առաջիկայում բացահայտումներ կլինեն նախկին պաշտոնյաներից մեկի կողմից՝ ով հիմա պատգամավոր է, խոշոր չափի կաշառք ստանալու մասին: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ այդ պատգամավորը Արամ Հարությունյանն է:
«Ակնհայտ է, որ չեն գալու եւ նիստ չի լինելու: Կարծում եմ, որ մինչեւ ընտրություններ քվորում չի լինի, իսկ արդեն 7-րդ գումարման խորհրդարանի երդմնակալության արարողությունից հետո ովքեր պատգամավոր չեն ընտրվել, անձեռնմխելիությունից կզրկվեն ու հնարավոր կլինի գործողություններ իրականացնել: Որեւէ խնդիր չկա, կարելի է սպասել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը կարծում է, որ սա թերեւս միակ բացահայտումը չի լինի, դրան կհաջորդեն այլ անուններ էլ, որոնք շղթայի ընդհանուր մասն են կազմում:
Արամ Հարությունյանի անվան շուրջ կատարվողը Էդմոն Մարուքյանը նախընտրական հնարք չի համարում, քանի որ Նիկոլ Փաշինյանը այս մասին շատ ավելի վաղ էր խոսել, մանրամասներ չհրապարակելով եւ սպասելով փաստաթղթային հիմնավորումների: «Վերջին հաշվով՝ դատախազը չի կարող ձեռքերը թափ տալով գալ խորհրդարան եւ որեւէ պատգամավորի կալանավորման միջնորդության փորձեր անել: Հայտարարվել էր, որ փաստաթղթերի են սպասում: Երեւի այդ փաստաթղթերը հիմա են եկել, դրա համար հիմա են ներկայացնում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գործընթացի timing-ի կապակցութեամբ («զուգադիպութիւն» ընտրարշաւի հետ) իր սքանչելի արդարացումներով, Պարոն Մարուքյանը կը փաստէ թէ ինք սքանչելի ընդդիմութիւն կը հանդիսանայ յառաջիկայ ԱԺ-ի մէջ:
Իսկ արդեօք մտածե՞լ է թէ, եթէ պատկան մարմինները բարեհաճէին օրինական հետապնդումը սկսիլ մի շաբաթ յետոյ, անձեռնմխելիութեան վերաբերող այս ամբողջ թատրոնին ալ կարիքը չէր ըլլար, շատ հաւանական ըլլալով որ մեղադրեալը չէր լինէր այլեւս խորհրդարանի անդամ:
ԱԱԾ-Մամածը, ՀՔԾ, ոստիկանութիւն, եւայլն., ուղղակի խաղալիքները մնացած են վարչապետի ձեռքը, որ ի տարբերութիւն անցեալին, զանոնք կը գործածէ որպէս այդ, կարծես թէ դիտմամբ՝ բացայայտօրէն: Իր ուժը ցուցադրելու համար, վախ հաստատելու համար: Այստեղ եւս միտումները կրնան լաւ լինել, բայց ընթացքը աղետալի է: Այսպէս չէս կարող իսկական պետութիւն կառուցել: Դարձեալ, անոր խղճալի ձեւակերպութիւնն է որ միայն կ’արտադրես: