Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարիներ ի վեր Արցախյան խնդիրը դառնում է բացառապես շահարկումների առարկա. «Փաստ»

Դեկտեմբեր 04,2018 12:32

ՀՀ–ում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք օրումեջ ասում են՝ հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ, մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ, մեր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի հարցում: Ի՞նչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն հենց իրենք: Մտածում եմ՝ լավ, էս մարդիկ ինչի՞ են սենց բաներ ասում: Որևէ տրամաբանական բացատրություն չեմ գտնում, բացի նրանից, որ որոշ քաղաքական ուժեր հասկացել են, որ այս ընտրությունները լինելու են իրենց քաղաքական մահվան արձանագրումը: Ու էդ մարդիկ իրենց մոտալուտ քաղաքական մահն արձանագրելով՝ որոշել են սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հուսալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ ու այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային ու անձնային շահերը: Կարծում եմ՝ այդ հայտարարություններով պետք է զբաղվեն նաև ԱԱԾ–ն ու ռազմական հետախուզությունը, որովհետև ոմանք վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն», – նախօրեին քարոզարշավային հանրահավաքներից մեկի ժամանակ նման հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այս հայտարարությունը լայն արձագանք է գտել, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ովքեր են նրա այս հայտարարության թիրախում: Մի կողմից կա տեսակետ, որ եթե Փաշինյանը ունի նման կասկածներ, ապա դրանք պետք է մնան ոչ թե քաղաքական հայտարարությունների մակարդակում, այլ իսկապես դառնան պատկան մարմինների համար հանձնարարական: Վերջապես կա մտայնություն, որ այս հայտարարությունները արվում են քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով: Հուսանք՝ նմանատիպ հայտարարությունները, ընդհանրապես Հայաստանի անվտանգությանն առնչվող հայտարարությունները, անկախ դրանց հեղինակներից, ի վերջո դուրս կգան բացառապես քարոզարշավային կոնտեքստից ու կգան փաստարկների դաշտ, որպեսզի վերջապես բացառվի այս փխրուն թեմաներով շահարկումների հնարավորությունը:

Ընդհանրապես, Արցախի, Հայաստանի անվտանգության, հող հանձնելու մասին քննարկումները տարիներ շարունակ դարձել են առանցքային Հայաստանի քաղաքական կյանքում, հատկապես քարոզարշավների ընթացքում նկատվում է թեմայի ակտիվ արծարծում: Սկսած Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականից, այդ հրաժարականի հիմնավորումներից, վերջացրած ներկայիս պրոցեսներով: Տեր–Պետրոսյանը, որպես իր հրաժարականի հիմնավորում՝ ներկայացնում էր պատերազմի կուսակցության հաղթանակը և նշում, որ Արցախի հարցը այստեղ ընդամենը շահարկման առիթ էր: Նրա ընդդիմախոսներն էլ պնդում են, որ Տեր–Պետրոսյանն ունեցել է Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավադիր պլան, հետևաբար հեռացվել է իշխանությունից:

Մոտավորապես նույն քննարկումներն էին Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Ղարաբաղյան հիմնախնդրով ցանկացած բանակցություն ներկայացվում էր որպես հող հանձնելու փորձ: Ավելին, ապրիլյան պատերազմի օրերին ներկայիս «Սասնա ծռեր» կուսակցության անդամները ակտիվորեն զբաղված էին տեղի ունեցածը որպես պարտություն, դավաճանություն ներկայացնելով: Շահարկվող թիրախներից մեկն էլ 800 հեկտարի հայտնի պատմությունն էր:

Սրան զուգահեռ տարբեր տարիներին իշխանությունն էլ իր հերթին էր շահարկում Հայաստանի անվտանգության խնդիրները՝ կոչ անելով, օրինակ, ընդդիմադիրներին չխաթարել երկրի ներքին կայունությունը, հանրահավաքներ չանել, իշխանափոխություն չպահանջել:

Այս երկուստեք շահարկումները հիմա էլ են դարձել մոդայիկ: Փաշինյանի մրցակիցները նրան մեղադրում են Արցախի հարցում դավադիր պլան ունենալու մեջ, Փաշինյանն էլ մեղադրողներին կասկածում է այլ երկրների շահերին ծառայելու և պատերազմ հրահրելու փորձի մեջ: Փաստացի, տարիներ ի վեր Արցախյան խնդիրը դառնում է բացառապես շահարկումների առարկա: Ինչու ենք ասում շահարկում, որովհետև ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը տարիներ շարունակ մյուս կողմի հասցեին հնչեցնելով նման մասշտաբի մեղադրանքներ՝ այդպես էլ չի գնացել ասվածը փաստարկներով ապացուցելու ճանապարհով: Երկրի ներսում քաղաքական ուժերը իրար մեղադրել են պետական դավաճանության մեջ, բայց շարունակել են ապրել կողք կողքի, նստել կողք կողքի խորհրդարանում, Բրյուսելներում ու ստրասբուրգներում կողք կողքի ելույթ ունենալ, նույն հյուրանոցում հանգրվանել:

Այս իմաստով կենսական է, որ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները ստանան որևէ ընթացք, որևէ իրավական ընթացք: Բնական է, որ կլինի հակառակ կողմի շահարկումն առ այն, որ իրենց հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ցանկացած իրավական ընթացք պիտի ունենա թափանցիկության բաղադրիչ ու կասկածի տեղիք չթողնի հասարակության և աշխարհի համար: Այլապես այս խիստ կարևորագույն, փխրուն հարցով շահարկումները դառնում են քաղաքական սովորական ժանր, դառնում են անպատասխանատու հայտարարություններ՝ առանց հետևանքների: Սա իր հերթին մսխում է Հայաստանի անվտանգային իմունիտետը: Մի կողմից արտաքին հայացքը տեսնում է, որ Հայաստանի համար կարևորագույն այս խնդրով արվում են բացառապես պահի նպատակահարմարությունից բխող շահարկումներ, մյուս կողմից հասարակությունը սկսում է նման շահարկումներին վերաբերվել նորմալ, որպես քարոզարշավներին բնորոշ երևույթ, ինչն իր հերթին բերում է նման կարևորության ու բարդության խնդրին անլուրջ վերաբերմունք:

Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31