Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա արդեն ոչ թե նահանջ է մեկ կամ երկու քայլ, այլ մեծագույն զիջում». Դավիթ Շահնազարյանը՝ Արցախի հարցում Փաշինյանի սխալների մասին

Դեկտեմբեր 04,2018 12:19

«Ես մեղադրել եմ ներկայիս վարչախմբին, որ այն քաղաքականությունը, որ նրանք են վարում, հիմնված է մի բանի վրա՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարով առաջադրված Դավիթ Շահնազարյանը:

Նա մի քանի օր առաջ խոստացել էր, որ պետք է ներկայացնի հստակ փաստեր, որոնք ապացուցում են իր խոսքերը: Այսօր նա ներկայացրեց այդ հանգամանքները: Առաջինը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովն է. ըստ Շահնազարյանի, ավելի քան հանցագործություն էր, սխալ էր առանց ՀԱՊԿ-ի հետ համաձայնեցնելու նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը:

Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափում ընթացող բանակցություններին. «Ապրիլյան պատերազմից հետո բանակցությունների սեղանին եղել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի օրակարգը, այսինքն, շփման գծում լարվածության թուլացմանը նպաստող միջոցառումներ: Այդ մասին բազմիցս եւ իրենց բոլոր հայտարարություններում նշել են եռանախագահողները: Երբ եռանախագահողները ժամանեցին Երեւան առաջին անգամ հունիսի 13-ին եւ հանդիպեցին Հայաստանի ղեկավարության հետ, դրանից հետո իրենց բոլոր հայտարարություններում բառ անգամ չկա դրա մասին, խոսքը գնում է բացառապես բովանդակային սուբստանտիվ բանակցությունների մասին: Օրակարգի նման կորուստը չափազանց լուրջ, ես կասեի անշրջելի կորուստ է հայկական կողմերի համար: Ցավոք, սա արդեն փաստ է»:

Թե ինչի մասին են բանակցում այդ դեպքում՝ Շահնազարյանն ասաց. «Բովանդակության մասին գիտակցաբար, թե անգիտակցաբար, հասկանալով, թե չհասկանալով բարձրաձայնել է ինքը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 25-ին ունեցած իր ելույթում ու դրանից հետո եւս մի քանի անգամ՝ «մեր համար չափազանց կարեւոր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը»: Խնդրում եմ ուշադիր եղեք՝ ներկայիս կառավարության դիրքորոշմամբ՝ այս երկու հասկացողությունները իրարից տարանջատվել են: Սա արդեն շատ լուրջ նահանջ է այն դիրքորոշումից, որն ուներ նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի կառավարությունը: Բացատրեմ ինչ էր եւ որն էր նախկին դիրքորոշումը՝ «կարգավիճակ՝ տարածքների դիմաց», այսինքն, ըստ էության խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որտեղ բոլոր հարցերը պետք է ամրագրված լինեին: Երբ այս երկուսը տարանջատում ենք իրարից, դա նշանակում է կարգավիճակից բացի կարող են լինել ինչ-որ այլ անվտանգության երաշխիքներ՝ առանց ԼՂ-ի՝ Արցախի հանրապետության միջազգային կարգավիճակն ամրագրելու: Այսօրվա աշխարհում բացարձակապես չի գործում անվտանգության այն համակարգը, որը գործում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ որեւէ միջազգային երաշխիք չի կարող ընդունելի լինել, քանի դեռ կարգավիճակն ամրագրված չէ: Ամենաբարձր աստիճանը անվտանգային հենց կարգավիճակն է: Տարանջատել այդ երկուսը, ըստ էության նշանակում է համաձայնել բոլոր այն տարբերակներին, որի մասին հաճախ խոսում են թե՛ ՌԴ-ում, թե ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում: Մասնավորապես հիշեք ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ-ին ուղղված շնորհավորանքը, որ ամիսներ հետո սկսելու են լուրջ բանակցություններ, Թրամփի անվտանգության գծով խորհրդական Բոլթոնի հայտարարությունը, որը նա արեց Երեւանում, այսինքն, այդ բովանդակային բանակցությունները վարվում են այս բանաձեւով, որտեղ կարգավիճակը տարանջատվում է անվտանգությունից: Սա նշանակում է շփման գծի փոփոխություն՝ առանց կարգավիճակն ամրագրելու, ինչ-որ խոստումներ: Այսօր աշխարհում այն իրավիճակն է, որ որեւէ խոստում, նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ նրա մշտական անդամների կողմից, եռանախագահողների կողմից չեն կարող լուրջ ընկալվել: Սա արդեն ոչ թե նահանջ է մեկ կամ երկու քայլ, այլ մեծագույն զիջում: Բանակցային գործընթացը այս բանաձեւի հիման վրա է եւ ներկայիս կառավարությունն այս ձեւով է հիմա փորձում բանակցել»:

Դավիթ Շահնազարյանը եւս մի քանի ուշագրավ հանգամանքներ ներկայացրեց, որոնք կհրապարակենք հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31