Նա ուզում էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից անմիջապես հետո իր հրաժարականի դիմումը ներկայացնել, բայց խնդրել են դեռեւս մնալ։ Լեւոն Մարտիրոսյանը, ում պատահաբար հանդիպեցինք Երեւանի կենտրոնում զբոսնելիս, ասաց, որ պարբերաբար գալիս-գնում է՝ որպես դեսպան, հիմա էլ անձնական գործերով է այստեղ, բայց մի օր անպայման վերջնական կվերադառնա:
– Հայ-կանադական հարաբերությունների մասով ի՞նչ աշխատանք եք կատարել, որեւէ ներդրում ունեցե՞լ եք Կանադայի վարչապետ Թրյուդոյի՝ Հայաստան այցի եւ Թրյուդո-Փաշինյան հարաբերությունների հաստատման հարցում։
– Դե, մեկ տարվա ընթացքում նախ Հայաստանից ավելի շատ պաշտոնական եւ ոչ պաշտոնական աշխատանքային այցեր են եղել Կանադա, քան ամբողջ նախորդող ժամանակահատվածում միասին վերցրած։ Սա, կարծում եմ, ե՛ւ դեսպանության, ե՛ւ դեսպանի աշխատանքի ցուցիչ է։ Ինչպես նաեւ կանադական կողմից շատ ակտիվ ներգրավվածություն եղավ ե՛ւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ, ե՛ւ այդ գագաթնաժողովի ժամանակ։ Ամենախոշոր պատվիրակությունն էր կանադականը, եւ ամենակարեւորը՝ Կանադայի վարչապետն առաջին անգամ պաշտոնական այցով այցելեց Հայաստան։ Անհամեստություն կլինի, որ ես ասեմ՝ այստեղ միայն իմ ներդրումը կա, բայց ասեմ, որ, իհարկե, ե՛ւ դեսպանը, ե՛ւ դեսպանությունը, ե՛ւ ԱԳՆ-ն մեծ ներդրում ունեն այստեղ։ Եթե այդքան հեշտ լիներ, Կանադայի վարչապետը նաեւ նախկինում այցելած կլիներ Հայաստան, ինչը տեղի չի ունեցել։ Ոչ միայն վարչապետի, այլեւ ավելի ցածր պաշտոնյաների դեպքում գրեթե որեւէ ակտիվություն չի եղել։
– Գուցե Նիկոլ Փաշինյանի անձնակա՞ն գործոնը կար, նաեւ հեղափոխությունը, որով համակրանք առաջացավ առ Հայաստան։
– Քանի որ նմանատիպ այցերը մեկ օրում չեն կազմակերպվում, այլ շատ ավելի երկար աշխատանք է կատարվել, ես կնշեի ե՛ւ գործող, ե՛ւ նախկին ղեկավարների դերը, հատկապես գործող եւ նախկին ԱԳ նախարարների մեծ ներդրումը։
– Թրյուդոյի այցի ժամանակ ավելի շատ քննարկվեցին նրա գուլպաները, կերպարը։ Իսկ քաղաքական առումով ի՞նչ էր նշանակում այցը։
– Դե, քննարկեցին գուլպաները կամ այլ անձնական գործոնները նրանք, ում դա ավելի հետաքրքիր է, քան թե քաղաքական, տնտեսական բաղադրիչը կամ մեր երկու երկրների հարաբերությունները։ Ես չափազանց բարձր եմ գնահատում իր այցը եւ կարծում եմ՝ սա շատ լուրջ հիմք է հարաբերությունների հետագա զարգացման համար այնպիսի երկրի հետ, ինչպիսին է Կանադան, որը Մեծ յոթնյակի երկիր է, շատ հեղինակավոր պետություն է միջազգային համայնքում եւ որը, արդեն վստահ կարելի է ասել, մեր բարեկամ երկիրն է ե՛ւ քաղաքական առումով, ե՛ւ տնտեսական։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում