Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացառում են, թե Իսրայելի քաղաքացիները դիպլոմ են ստացել առանց ուսուցման ամբողջ կուրսն անցնելու. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 04,2018 11:43

Ինչ վերաբերում է կեղծ դիպլոմներ տրամադրելուն, «Հայբուսակի» ռեկտոր Սուրեն Հարությունյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքին դա չի առնչվում։ Սուրեն Հարությունյանը «Հայբուսակը» ղեկավարում է 2015 թվականից։ Ռեկտորից նաեւ հետաքրքրվեցինք, թե անցյալ տարի բացատրություն պահանջեցի՞ն Իսրայելի առողջապահության նախարարությունից։ 2017 թվականի սեպտեմբերին Իսրայելի առողջապահության նախարարության ներկայացուցիչները, հանդիպելով Հայաստանի առողջապահության նախարարի հետ, անդրադարձել էին նաեւ «Հայբուսակին» ու նշել, որ մասնավոր այդ բուհն ավարտած իսրայելցի ուսանողների ընդամենը 12 տոկոսն է կարողանում իրենց երկրում համապատասխան քննություն հանձնել եւ ստանալ աշխատելու իրավունք, իսկ այդ ցուցանիշն իրենց չի գոհացնում։

«Հայբուսակի» ռեկտորի խորհրդական, նախկին ռեկտոր, գործող ռեկտորի քույր Անահիտ Հարությունյանն այն ժամանակ ասել էր, որ նման բան հնարավոր չէ, քանի որ «Հայբուսակն» ավարտած իսրայելցի շրջանավարտները միայն առաջիկայում են մասնակցելու իրենց երկրում անցկացվող լիցենզավորման քննությանը։ Նաեւ հայտարարել էր, թե բուհը պատրաստվում է նամակով դիմել Իսրայելի առողջապահության նախարարություն եւ բացատրություն պահանջել, որովհետեւ ստվեր է գցվել համալսարանի գործունեության վրա։ Բուհի ռեկտոր Սուրեն Հարությունյանն ասաց, որ նամակ չի ուղարկվել։ «Մեր երկրի առողջապահության նախարարի հետ հանդիպումից առաջ իրենք եկան մեր բուհ, ծանոթացան գործերի վիճակին, դրանից հետո, թե դրանից առաջ էլ, նույնիսկ շնորհակալական նամակ են ուղարկել բժշկական ֆակուլտետի դեկանին։ Խոսակցություններ կային, որ նախարարի հետ քննարկել են այդ հարցերը, բայց մեզ նախարարը ոչինչ չի ասել, եւ ես մտածել եմ, որ ամեն ինչ նորմալ է»,- ասաց Սուրեն Հարությունյանը։

«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Հայկ Դերձյանն էլ, անդրադառնալով Իսրայելում բուժաշխատողների ձերբակալությանը, նկատեց, որ դա արդեն այդ երկրի խնդիրն է, եթե շրջանավարտներն այնտեղ քննություն են հանձնել եւ ստացել աշխատելու իրավունք։ «Այստեղ եկել, սովորել են, ավարտական փաստաթուղթ են ստացել, հետո գնացել այնտեղ քննություն են հանձնել, լիցենզավորում են անցել այդ մարդիկ։ Ըստ հաղորդագրության եմ ասում ես դա։ Այսինքն՝ նրանց գիտելիքները ստուգելուց հետո արդեն թույլատրել են, որ աշխատեն։ Մնացածը իրենց խնդիրն է։ Մեզ մոտ եկել են, համապատասխան փաստաթղթերով ընդունվել են, գործընթացը շարունակվել է, մասնակցել են ավարտական քննություններին, դրական նիշը ստացել են, ստացել են ավարտական փաստաթուղթ։ Իմիջիայլոց, մեր բուհի բուժական գործ մասնագիտությունը պետական հավատարմագրում չունի, ունի միայն լիցենզիա։ Մենք տվել ենք սովորական, ոչ պետական նմուշի դիպլոմ»,- ասաց Հայկ Դերձյանը։

Նա բացառեց, թե Իսրայելի քաղաքացիները դիպլոմ են ստացել առանց ուսուցման ամբողջ կուրսն անցնելու։ «Եթե չեն անցել, ոնց կարող են դիպլոմ ստանալ»,- զարմացավ զրուցակիցը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31