Մասնագետները՝ հատկապես տնտեսագետները, կուսակցությունների ներկայացրած տնտեսական ծրագրերի հրապարակային համեմատություն չեն ցանկանում իրականացնել: Հավանաբար այն պատճառով, որ առանց այն էլ ծրագրերը՝ ծրագրեր չեն, իսկ տնտեսականի մասով գրվածները հիմնականում ֆանտաստիկայի ժանրից են:
Օրերս հեռուստաընկերություններից մեկի կազմակերպած քննարկման ժամանակ կուսակցությունների ներկայացուցիչները փորձում էին իրենց կուսակցությունների որդեգրած տնտեսական քաղաքականությունը ներկայացնել: Ու թեև քննարկումը մեծ հաշվով երևի թե միակն էր տնտեսական բլոկի քննարկման առումով, սակայն հետաքրքիրն այն էր, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե որ կուսակցությունը տնտեսական ինչպիսի մոդելի կողմնակից է: Ավելին, այդպես էլ հասկանալի չէր, թե վայրի կապիտալիզմից անցումն, օրինակ, սոցիալ–դեմոկրատական տնտեսական համակարգի ինչպես պետք է մեր երկրում իրականացվի:
Ինչ վերաբերում է բազմաթիվ կետերից բաղկացած տնտեսական ծրագիր–առաջարկների համեմատությանն ու վերլուծությանը, ապա այս ընթացքում «Փաստի» բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Տնտեսագետներից ոմանք չցանկացան իրենց անունը հրապարակել՝ նշելով, որ տնտեսական ծրագիր մեծ հաշվով չկա, մյուսներն էլ հարցը լսելուց հետո ասացին, որ զբաղված են:
Նման մոտեցումը թույլ է տալիս եզրակացնել, որ տնտեսագետներն ուղղակի կուսակցությունների ծրագրերում ներկայացված կենացաբանությունը չեն ցանկանում բաց տեքստով ուղիղ քննադատության ենթարկել, որպեսզի մյուս լռողների ֆոնին սև ագռավի տպավորություն չթողնեն:
Այնուամենայնիվ, լրագրողական սեփական դիտարկումները վկայում են այն մասին, որ «տնտեսական ծրագիր» վերնագրի ներքո գրված մտքերը մեծամասամբ ընդամենը բարի կամքի դրսևորում են, իսկ նման ձևով երկրում տնտեսական բարեփոխումներ անել ու տնտեսություն կառուցել հնարավոր չէ:
Ի վերջո, հասկանալի էլ չէ նաև, թե կուսակցությունների տեսլականը կյանքի կոչելու համար արդյո՞ք տնտեսական ռեֆորմ ենթադրվում է իրականացնել, թե՞ ոչ: Ու թեև իշխանությունները մի ձեռքով ընտրություններ են կազմակերպում, իսկ մյուս ձեռքով, օրինակ, ինժեներական քաղաք հիմնադրելու պայմանագիր կնքում ու հիմնարկեքի արարողություն իրականացնում, սակայն նորից շատ հարցեր պարզ չեն: Մասնավորապես, թե նոր իշխանություններն ու նրանց մերձավորներն արդյո՞ք նախկինների նման չեն փորձի ներթափանցել նմանօրինակ նախագծերի մեջ, արդյո՞ք պետական ու սեփական «բուրդն» իրար չեն խառնի, հետո չեն դառնա այս կամ այն շենք–շինության սեփականատերը և այլն: Եվ զարմանալի է, որ նման հարցերի մասին պարզաբանումներ հնչեցնելու փոխարեն հասարակությանը հիմնականում կենացաբանություն հիշեցնող անհասկանալի խոսքերով են փորձում կերակրել:
Եվ այս պայմաններում դժվար է հասկանալ, թե նման մոտեցումներով, ի վերջո, ուր ենք գնալու, երբ հազար կողմից ծակեր ունեցող մեր տնտեսական «նավը» օր օրի շարունակում է ջրով լցվել, իսկ կառավարությունն ընդամենը զբաղված է նավի ծակերից լցված ջուրը հեռացնելով:
Եվ այս ֆոնին նախորդ իշխանություններին քառավալենտ քննադատության ենթարկող շատ տնտեսագետներ որոշել են բերանները ջուր առնել ու սպասել: Իսկ ովքեր այս ընթացքում հասցրել էին ծվարել ներկա իշխանությունների փեշերին, նույնպես հեռու են մնում իրատեսական գնահատականներ հնչեցնելուց:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում