Ընտրություններին մնաց 5 օր: Թվում էր` 11 քաղաքական ուժերը հիմնական ասելիքն արդեն պիտի ընտրողին հասցրած լինեին, բայց առաջին շաբաթը ՔՊ-ՀՀԿ հարաբերությունների պարզման ասպարեզ դարձավ` ընտրողին մոռացած, երբ մյուսները պտտվում էին մարզերում ու քվե որոնում, իսկ երկրորդ շաբաթում շարունակվում են փոխադարձ մեղադրանքները` քարոզարշավը վերածվել է ուրվականների դեմ պայքարի: Փաստորեն` ընտրություններ 2018-ի միակ անակնկալը Նաիրա Զոհրաբյանի նոր ու նրան անճանաչելի դարձրած սանրվածքն է: Ի սկզբանե պարզ էր, որ հետհեղափոխական ընտրարշավը հայելի է դառնալու միմյանց նկատմամբ բուն վերաբերմունքի, բայց նաև ակնկալելի էր, որ փոխհարաբերությունների պարզաբանումներում ընտրողին չեն անտեսի: Իրականում հենց ընտրողն է թիրախը, ու քաղաքական պատերազմների կենտրոնում քվեն է, բայց դեպի ընտրողը ճանապարհը որոշ ուժեր անցնում են ոչ թե ուղիղ, այլ միմյանց հաշվին: ՈՒ դա անվայել է: Անվայել է, երբ հնչում են անպատշաճ արտահայտություններ, նույնքան ու ավելի անվայել է, երբ տրվում են նախընտրական խոստումներ, որ հավասարազոր են ընտրակաշառքի` ընտրողին դնելով «ձայնդ կտաս, տուն կտամ, ձայնդ կտաս` աշխատանք կտամ» ընտրության առաջ: Նույնիսկ հարց չէ, թե ընտրողը ինչ կանի: Առավել ևս Հայաստանի ընտրողը, որ ամենաանպաշտպանն է այս ընտրություններում: Հերիք չէր փողը կտրեցին, հիմա էլ ասում են` ինքնուրույն որոշում կայացրու: Անցյալ դարի 90-ականներից իբրև լրագրող լուսաբանելով համապետական ընտրությունները և այս օրերին լինելով մարզերում` համեմատության անսպառ պաշարից կարող եմ բազում հետևություններ անել:
1. Ժամանակը Հայաստանում, կարծես, կանգ է առել: Դաշտերի, լեռների ու ձորերի հերթագայությունը նույնն է, բայց տարօրինակ է, որ նույնն են նաև խնդիրներն ու մարդկանց բողոքները: Օրինակ` Գյումրիում տեղական հեռուստաընկերությունների լրագրողները նույն անփոփոխ հարցն են տալիս` ի՞նչ եք անելու Գյումրիի` իբրև աղետի գոտու համար: 30 տարի նույն հարցը տալու ու խոստումնաշար լսելու տաֆտալոգիայից հոգնած պիտի լինեին: Վերջապես հասկացած պիտի լինեին, որ նաև իրենք պիտի իրենց խնդիրները լուծեն, ոչ թե անվերջ սպասեն` ով կգա, ինչ կտա: Ոչ ոք այլևս չի գալիս: Ամենատխուրը գիշերային Գյումրիի շենքերի մութ պատուհաններն են, որ վկայում են` բնակարաններում մարդ չի ապրում, գնացել են, մնային` կառուցեին, ստեղծեին, ու՞ր են: Ի վերջո` Գյումրին Հայաստանում է, և ակնհայտ է` մինչև Հայաստանը չդառնա նորմալ զարգացող, արդյունաբերություն ունեցող պետություն, աղետի գոտի է լինելու ամբողջ երկիրը: Եվ բոլոր նրանք, որ գնում ու խոստումներ են տալիս գյումրեցուն, վանաձորցուն, սպիտակցուն ու նաև մյուս մարզերի բնակիչներին, մեղմ ասած, չափազանցում են իրենց հնարավորությունները ու ստում են ձայն պոկելու համար:
2. Այս ընտրություններում չկա այն ոգևորությունը, որ ապրում էր ժողովուրդը 1999-ի մայիսին, թեպետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարձակվում է պնդել, որ Վազգեն Սարգսյանի ասածը` «21-րդ դարը մերն է լինելու», սկսում է իրականանալ: Ակնհայտ է, որ մարզերում ապրում են տարեցներ ու երեխաներ, իսկ աշխատունակ հատվածը երկրում չէ, թեպետ արդեն ձմեռ է, ու արտագնա աշխատանքի մեկնածները պիտի վերադարձած լինեին` աշխատանքի սեզոնը դրսերում ավարտվել է: Հանդիպումների եկող ընտրողը բողոքում է նախկին «անօրեն իշխանությունից» ու պահանջում… փող, որ ապրի: Մարդիկ մեծամասնության մեջ դադարել են աշխատանք պահանջել, նրանք պրագմատիկ են` փող տվեք, տուն կառուցեք, թե չէ թողնում եմ` գնամ: Նրանք, որ աշխատանք են ուզում, իրենք ոչինչ չեն ուզում անել. դուք արեք, մենք կմտածենք` գանք-աշխատե՞նք, թե՞ տանը նստենք` կյանքից բողոքենք: Սա դեգրադացիա է, որ տևական բուժում է պահանջելու:
3. Ընտրողին բացահայտորեն չեն հետաքրքրում կուսակցությունների ծրագրերը: Կա որոշակի ստվար հատված, որ միշտ իշխանության կողմից է` համարելով, որ միայն իշխանությունը կարող է իրենց համար ինչ-որ բան անել: Իշխանության ու ընդդիմության գործառույթների տարբերության նկատմամբ միանգամայն անտարբեր` նրանք պատրաստ են ձայն տալ իշխանությանը` ով էլ լինի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում