Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության նախկին պետ, Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը նախօրեին ընդունել է ընտրակաշառքի գործով իրեն առաջադրված մեղադրանքը, կապված դեռևս 2017 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությանը ծագած հայտնի «Զիբիլիքս» անունը ստացած գործի հետ: Անտոնյանն ընդունել է մեղադրանքը, որպեսզի տեղի ունենա արագացված կարգով դատաքննություն: Նա ասել է, թե իր վրա այդ հարցում չի եղել որևէ ճնշում և որոշումը կայացրել է իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո:
Այդպիսով, 2017 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությանն աղմուկ հանած ընտրակաշառքի գործը բացահայտված է և սա նախընտրական շրջանում իսկապես պայթյունի դեր ունի ՀՀԿ-ի համար: Կրկնենք, խոսքն ի վերջո Հանրապետական կուսակցության ներկայացուցչի խոստովանության և մեղքն ընդունելու մասին է կամ, այլ կերպ ասած՝ այն մասին, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել: Երբ նախկին իշխող կուսակցությանը ուղղվում են այդպիսի մեղադրանքներ, որպես կանոն բերվում է հակափաստարկ, թե չկա ներկայացվող գեթ մեկ փաստ: Եվ ահա փաստը, այն էլ ինչպիսի: Եվ այս իմաստով, իհարկե, առաջանում են նաև հաջորդական հարցերը, կապված այն հանգամանքի հետ, թե ընտրակաշառքի գործը մինչև ուր պետք է խորանա կամ բարձրանա: Հրայր Անտոնյանն ընդունել է մեղադրանքը, սակայն ակնառու է մի բան, որ նա չէր կարող գործել առանց քաղաքական հովանու: Եվ ուրեմն խնդիրը նաև այդ հովանին բացահայտելն է կամ, այլ կերպ ասած՝ խնդիրը կուսակցության իրավական պատասխանատվության հարցը ամբողջացնելն է: Այլապես կարող է ստացվել հմուտ մարտավարություն, երբ մեկը կամ մի քանիսը ընդունում են, որ ընտրակաշառք են բաժանել, սակայն ընդունում են, խոստովանում են հենց այն բանի համար, որպեսզի գործի քննությունը հենց իրենց վրա էլ կանգ առնի և չշարունակվի արդեն կուսակցական ամբողջ հիերարխիայով, բերելով շղթայական ռեակցիայի:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում