Դժվար է հիշել որևէ կառավարություն, որը մտադիր է եղել միանգամից շուրջ 5 հազար պետծառայողի աշխատանքից ազատել (տարբեր հաշվարկներով այս թիվը տատանվում է 3,5-5 հազարի սահմաններում)։ Այս կառավարությունը որոշել է այդ ուղղությամբ գնալ։ Նախարարությունների միավորումների և կրճատումների շուրջ քննարկումները կառավարությունում ընթանում են, բայց այդ հարցին կանդրադառնան միայն ընտրություններից հետո, քանի որ ինքնասպանության պես բան կլիներ, եթե խնդիրը լուծեին մինչ ընտրությունը։ Միանգամից այդքան դժգոհ մարդ, ու այդքան ընտրազանգվածի կորուստ։ Իհարկե, կառավարությունում կգտնեն բացատրությունը, թե ինչու են այսքան աշխատակցի պետական համակարգից դուրս մղում, սակայն, մի կողմ թողնելով այն, թե ինչ փաթեթավորմամբ կներկայացվի այդ պարզաբանումը, անդրադառնանք մի քանի հարցի։
2. Շատ կարևոր է նաև այն, որ կառավարությունն այս կրճատումներից հետո պատասխանի մեկ հարցի՝ այդքան աշխատո՞ղ, թե՞ նաև նրանց գործառույթներն են կրճատվում։ Եթե հնարավոր է այդքան գործառույթի կրճատմամբ ապահովել կառավարման համակարգի արդյունավետ աշխատանք, ուրեմն լիովին արդարացված է այս քայլը, իսկ եթե լրացուցիչ գործառույթների գերբեռնվածություն է լինելու աշխատողների վրա, մեծ հարց է, թե դա որքանով է արդարացված։ Ի դեպ, այս տեսանկյունից ուշագրավ է այն տեղեկությունը, որ կառավարության աշխատակազմում տարօրինակ աշխատանքային պայմաններ են, որի մասին բարձրաձայնեց վերջերս այնտեղից հեռացված աշխատակիցը, երբ պահանջում են սահմանված ժամից ավելի աշխատել՝ առանց հավելյալ վճարի։ Գուցե ա՞յս ճանապարհով են որոշել պետական ապարատը բեռնաթափել։
3. Ինչպե՞ս են որոշելու ա՞յս, թե՞ այն աշխատակիցը պետք է օպտիմալացվի։ Այստեղ չե՞ն գործելու «սանիկ-քավորային» հարաբերությունները, ինչպե՞ս է որոշելու աշխատակցի ՕԳԳ-ն։
Կարելի է այլ հարցեր էլ թվարկել, որոնք, մինչ նման կտրուկ քայլերի գնալը, հարկավոր էր ծանրութեթև անել, բայց այս կառավարությունը նախընտրում է սկզբում փոփոխությունների մասին հայտարարել, հետո միայն հետևանքների մասին մտածել։ Սա էլ է աշխատաոճ։ Միայն թե այդ կրճատումների մասին հայտարարությունների պատճառով բոլոր գերատեսչություններում խուճապ է, էլ չենք խոսում հոգեբանական վիճակի և աշխատունակության նվազման մասին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում