Հուսով եմ՝ մոտակա 5 տարում Հայաստանը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը: Անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է դա լինելու, շատ ցանկալի է, որ նոր իշխանափոխություններ, նոր արտահերթ ընտրություններ, առավել եւս՝ ոստիկանական գնդի վրա նոր հարձակումներ կամ սահմանային նոր բախումներ չլինեն: Իհարկե, չեն արդարանա քաղաքացիների մեծ մասի սպասումները՝ կապված իրենց սոցիալական վիճակի բարելավման հետ: Դա անխուսափելիորեն կբերի որոշ հիասթափության: Բայց հիասթափության աստիճանը չի լինի այնքան բարձր, որ նորից բերի իշխանության նկատմամբ ատելության եւ համընդհանուր մերժողականության:
Այդ չափավոր լավատեսության պատճառն այն է, որ նոր իշխանության բարի մտադրությունների վերաբերյալ այսօր կասկածներ չկան: Համենայնդեպս, այդպես է երեւում, եթե իրավիճակին նայես անաչառ, չնախապաշարված հայացքով: Սխալներ, այո, արվել եւ դեռ շատ են արվելու: Սխալների գլխավոր պատճառը հույզերի ազդեցության տակ որոշումներ ընդունելն է, հայտարարություններ անելը, գնահատականներ տալը: Մասնավորապես, նոր կառավարությունը պետք է փոխի իր վերաբերմունքն այլակարծության նկատմամբ:
Պետք չէ այդ աստիճանի սուր ընկալել ցանկացած քննադատություն: Եթե, ենթադրենք, որեւէ մեկը Ղարաբաղի խնդրի վերաբերյալ կարծիք է հայտնում, որը չի համընկնում պաշտոնական տեսակետի հետ, եթե անգամ այդ կարծիքը շատ սխալ է եւ միանգամայն անընդունելի, դա դեռ չի նշանակում, որ կարծիք հայտնողը դավաճան է, օտար պետությունների ազդեցության գործակալ է, եւ այդ անձնավորությամբ պարտադիր պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Իսկ գուցե այդ մարդը պարզապես սխալվում է, մոլորության մեջ է կամ ինչ-որ անձնական խնդիր ունի:
Այս հոդվածն, օրինակ, կարդալու է, ենթադրենք, 1000 հոգի, կեսին այն դուր կգա, կեսին՝ ոչ: Այդ երկրորդ կեսից մի քանի հոգի գուցե ջղային մեկնաբանություններ գրեն: Հետո՞ ինչ: Ի՞նչ մի արտառոց կամ զարմանալի բան կա: Եվ մի՞թե իմ գրածը չհավանած 500 հոգին, ներառյալ «ջղային» մի քանիսը, իմ անձնական թշնամիներն են: Բացարձակապես այդպես չեմ մտածում՝ ուղղակի նրանք կյանքի մասին այլ պատկերացումներ ունեն: Եվ ես առնվազն անխոհեմ կլինեմ, եթե ամեն երկու րոպեն մտնեմ համացանց եւ ստուգեմ, թե քանի հոգի է ինձ հավանել, քանիսը՝ ոչ: Առավել եւս անիրատես կլինեմ, եթե ակնկալեմ, որ 10 միլիոն հայությունն ամեն օր իմ գրածների տակ «բութի» նշան դնի:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բայց ոնց որ մտահոգ ե՞ք, պ-ն Աբրրահամյան:
Բայց խնդիրը աւելի բարդ ու վատ է: Այնպէս չէ, որ բոլոր տարբեր կարծիքները արգիլուած են: Այլակարծութիւնը թոյլատրուած է՝ ոմանց, բայց ոչ ուրիշներուն: Եւ երկրի գերագոյն ղեկավարը, իր մի քանի մանկլավիկներով, կրնան միայն որոշել այդ. թէ՝ ո՞վ ունի առանձնաշնորհեալ արտօնութիւնը զիրենք հակասելու, քննադատելու, եւ ով՝ ոչ: Իսկ այդ յատուկ ու բացառիկ արտօնութիւնն ալ ենթարկուած է անշուշտ ճշդուած չափի մը:
Բաղդաւոր են որ միայն «բութի» նշանի հնարաւորութիւնը կայ իրենց Դիմատետրին վրայ, եւ ոչ ուրիշ մատ մը: