Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Արցախի հետ կապված սպասվում են զարգացումներ. կա վտանգ». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2018 22:00

«Երեւանի ընտրություններից դասեր չքաղեցինք, որ ասեցինք՝ դուք որպես ո՞վ էիք հանդես գալիս՝ ոստիկաններին հանրահավաքի հարթակից հրահանգ էիք տալիս մարդկանց փռել ասֆալտին»,-այսօր այս մասին պատասխանելով Aravot.am-ի՝ Փաշինյանի՝ դավադիր պատերազմ հրահրողներով պետք է ԱԱԾ-ն զբաղվի հայտարարության մասին հարցին: Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը, որն այսօր Արմավիր քաղաքում նախընտրական հանդիպման էր, կարծիք հայտնեց,  որ նման հայտարարություններ անելով վարչական լծակ է օգտագործվում.«Հիմա էլ ԱԱԾ-ին է, ռազմական հակահետախուզության է հրահանգ տալիս, որպեսզի գործ սկսեն, դավաճաններ գտնեն: Ես դեժավյու եմ ապրում: Իբր թե այսօր կան մարդիկ, որոնք դավաճանության ճանապարհն են բռնել»:

Aravot.am-ի ճշտող հարցին՝ ովքե՞ր են դավաճանները, Ռուստամյանը պատասխանեց.«Եթե մեզ նկատի չունի…բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք խոսում են Արցախի խնդրի մասին, զենք գալու-չգալու մասին: Բա ո՞ւմ նկատի ունի: Եթե մեզ նկատի չունի, նորից կխնդրեի, որպեսզի հասցեավորված խոսի: Այս անհասցե հայտարարությունները տեռորի մթնոլորտ է ստեղծում, անհավասար մի վիճակ է եւ վարչական ռեսուրսի չարաշահման մասին է: Ես 90-ականներին հետապնդվել եմ հայրենիքի դավաճանի հոդվածով: Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռագիրն է. բռնեցին, տարան, չկարողացան ապացուցել ոչ մեկ ներողություն չխնդրեց»:

Aravot.am-ի այն հարցին՝ ինչո՞ւ այս ընտրություններին Արցախի հարցն օրակարգ եկավ, նախորդ՝ 2017-ի ընտրություններին Արցախի հարցը կարծես ոչ ՀՅԴ-ի եւ ոչ էլ ՀՀԿ-ի օրակարգում չէր եւ այսօրվա պես սուր չէր դրված, ի՞նչ մտահոգություններ կան, Ռուստամյանը պատասխանեց.«Արցախի հարցը միշտ էլ օրակարգում է եղել, բայց լարվեց՝ երկու հայտարարություններ եղան,՝ Սասուն Միքայելյանի  հայտարարությունը: Մյուսը՝ Փաշինյանն ասաց, որ իր զավակից բացի որեւէ ղեկավարի զավակ չի ծառայել: Մարդիկ սկսեցին պարզաբանել՝ մեր զավակները ծառայել են, ու դարձավ միջոց, որ հարձակվի էդ մարդկանց վրա՝ ո՞նց եք համարձակվում իմ ասածներին հակաճառել: Այսինք՝ մարդիկ չասե՞ն, որ զավակները ծառայել են: Հենց ասում ես, ուրեմն դուրս են եկել վարչապետի դե՞մ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեր այն հարցին՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն օրերս ասել է՝ «Այն քաղաքական ուժը, որն այսօրվանից չի ասում, թե որ սահմաններով Արցախի մասին է խոսում, որ սահմաններով է գնում բանակցության, նշանակում է՝ ինչ-որ բան կեղծում է», ինչի՞ մասին է խոսքն ու ում նկատի ունի, Ռուստամյանը պատասխանեց.«Շատ պարզ է՝ ոչ թե պետք է իմանանք, թե իբր ինչ են մեզ առաջարկում, հետո դա մեզ ընդունելի կլինի, ու գան ժողովրդին հարցնեն՝ ժողովուրդ, ուզո՞ւմ ես էս ճանապարհով գնանք, թե՝ չէ: Ղարաբաղի ժողովուրդը իր հանրաքվեով, Սահմանադրության 175 հոդվածով ասել է ինչպես է պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը: Այս հարցով պետք է առաջնորդվեն: Ես այս հարցը բոլորին տալու եմ՝ դուք առաջնորդվելո՞ւ եք Սահմանադրության 175-րդ հոդվածով, թե՞ ոչ՞: Էս է ասում Հրանտ Մարգարյանը, հստակ են սահմանները»:

Մանրամասները՝ տեսանյութում

Որոշ քաղաքական ուժեր մեղադրում են Փաշինյանին հող հանձնելու մեջ, եւ Փաշինյանը դավաճաններ ասելով նրանց նկատի ունի, արդյոք նրա ելույթներում կամ գործողություններում նկատել եք հող հանձնելու ենթատեքստ, մեր այս հարցին ի պատասխան էլ Ռուստամյանն ասաց. «Մենք չենք ասել հող հանձնել: Մենք ասել ենք՝ կա վտանգ, որը մեզ սպասվում է: Ինքս եմ ասել՝ Արցախի հետ կապված սպասվում են զարգացումներ: Մեկին դա պարզ չի՞: Աշխարհաքաղաքական այս զարգացումները, ընդհանուր վիճակը Ղարաբաղի սահմանների վրա: Այո այդ վտանգները կան: Իրավունք չունե՞նք խոսենք: Որ ասո՞ւմ ենք,  նշանակում է կասկածո՞ւմ ենք օրվա իշխանություններին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին ու Փաշինյանի՝ բանակը թալանողների մասին հայտարարություններին, Ռուստամյանն ասաց, որ եթե կան թալանչիներ, թող բռնեն դրանց.« Բայց ամբողջ բանակը դնել կասկածի տակ… կոնկրետ ովքե՞ր են, բռենք, մենք էլ ձեզ հետ միասին  պատժենք: Անուններ տվեք՝ ձերբակալեն, վերջանա: Բանակի վրա ստվեր են գցում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Շատ բարի: Բայց այս ամէնուն մասին պէտք է որ մտածէիք, երբ որ Ազգային Ժողովի մէջ Փաշինյանը ընտրեցիք որպէս վարչապետ, եւ անկէ ետք ալ, հլո՜ւ-հնազանդ, բազմիցս քուէարկեցիք այն ճիշդ ուղղութեամբ որ ինք թելադրեց, հրահանգեց, պարտադրեց:
     
    Եթէ այսքան մեծ ու ծանր վտանգներ կային, խի՞ այդպէս ըրիք… Մի ըսէք որ չէիք նախատեսած, քանզի շատեր այս մասին կը խօսէին, կը մտահոգուէին, կը զգուշացնէին արդէն, ապրիլ-մայիսէն սկսեալ ու ի վեր: Ուրեմն ի՞նչ… չենէ մը վախեցաք… դա ո՞նց կարելի է, ձեզի պէս քաջ դաշնակցականներ…
     
    Անիմաստ է: Պէտք է որ դուրս մնայիք այս ընտրութիւններէն: Մեղք են ձեր գաղափարական ընտանիքի իսկական, մաքուր հաւատացեալները: Անգամ մը եւս պիտի վիրաւորուին, խորապէս:
     
    ( Բայց դու շատ ել մի հրճուիր, համեստափայլ Նելլի, քանզի կարգին ու բացարձակ հակադաշնակ մըն ես. ինչ որ ել անեն, չես հաւատալու, ծաղրելու ես: Ափսոս, անբուժելի հոգեվիճակ մըն է, ընդհանրապէս Հայութեան մէջ, մի քիչ ել աւելի՝ հարաւային Կովկասի բնիկներուն մօտ:  )

  2. Մանվել says:

    Ռուստամյանի խոսքում կան մտահոգություններ սակայն նույն դաշնակները լռում էին երբ Աստանայում ՀՀ նախագահին հարցնում էին Արցախի կարգավիճակի մասին և նախագահը հրաժարվեց Արցախից Իսկ ՀՅԴ -ի այսօրվա խոսողների բերանում լեզու չկար այն ժամանակ թե կերատաշտակի մոտ էին ու լռում էին Այդ պատճառով Ձեր մտահոգությունները Արցախի մասին չեն

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31